Փենսիլվանիայում ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ արձակվել են կրակոցներ: Կրակողը և հավաքի առնվազն մեկ մասնակից սպանվել են, հայտնել է շրջանի դատախազը։
Կրակոցներից անմիջապես հետո Թրամփը կռացել է ամբիոնի մոտ, թիկնապահները վազել են նրա մոտ և տարել նրան։ Հեռանալուց առաջ քաղաքական գործիչը ձեռքը բռունցք արած ճոճել է։
Տեսանյութում երևում է, որ Թրամփի աջ ականջը արյունոտված է։
Նախագահի հանրապետական թեկնածուն ելույթ էր ունենում աջակիցների հետ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում, որը ձայների մոտավոր հավասարության առումով վճռորոշ նահանգ է նոյեմբերի ընտրություններում:
Դատելով հեռարձակվող կադրերից՝ կրակոցները հնչել են, երբ Թրամփը խոսում էր ԱՄՆ-ում անօրինական ներգաղթյալների թվի մասին։
Թրամփի խոսնակ Սթիվեն Չանգը հայտնել է, որ նախկին նախագահը գտնվում է հիվանդանոցում, որտեղ բժիշկները գնահատում են նրա վիճակը։ «Նախագահ Թրամփը շնորհակալություն է հայտնում իրավապահ մարմիններին և արտակարգ իրավիճակների աշխատակիցներին այս սարսափելի իրադարձության ժամանակ արագ արձագանքելու համար: Նա լավ է և հետազոտվում է տեղի հիվանդանոցում»։
Ավելի ուշ հայտարարություն է տարածել ԱՄՆ Գաղտնի ծառայությունը, որը պատասխանատու է Թրամփի պաշտպանության համար։ Հաղորդվում է, որ հարձակվողը մի քանի կրակոց է արձակել դեպի բեմը «հանրահավաքի վայրից դուրս գտնվող բարձր տարածքից»:
«ԱՄՆ գաղտնի ծառայությունը վնասազերծել է կրակողին, նա մահացել է. ԱՄՆ Գաղտնի ծառայությունն արագ պաշտպանական միջոցներ է ձեռնարկել, և նախկին նախագահ Թրամփը ապահով է։ Մեկ հանդիսական զոհվել է, երկուսը՝ ծանր վիրավորվել։ Միջադեպը հետաքննվում է։ Գաղտնի ծառայությունը տեղեկացրել է Հետախուզությունների դաշնային բյուրոյին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կրակողի ինքնությունը դեռևս չի հաղորդվում։
Associated Press-ը, վկայակոչելով իրավապահ մարմինների երկու պաշտոնյաների, հայտնել է, որ Դոնալդ Թրամփի հանրահավաքում կրակոցները հետաքննվում են որպես մահափորձ։
CBS-ն իր ուղիղ եթերում ընդգծում է, որ նման հանրահավաքների ժամանակ մարդկանց թույլատրվում է ապահովել անվտանգության ուժեղացված միջոցներ.
Թրամփը կապ է հաստատել դեպքից մոտավորապես 2,5 ժամ անց
«Ինձ դիպավ փամփուշտը և անցավ աջ ականջիս վերևից, - ասել է նա:- Ես անմիջապես հասկացա, որ ինչ-որ բան այն չէ, լսեցի սուլոց, կրակոցներ և անմիջապես զգացի, որ գնդակը պատռում է մաշկս։ Ուժեղ արյունահոսություն սկսվեց, հասկացա, թե ինչ է կատարվում»:
Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Գաղտնի ծառայությանը և իրավապահ մարմիններին՝ կրակոցներին արագ արձագանքելու համար, ինչպես նաև ցավակցություն է հայտնել ցույցի ժամանակ զոհվածների և վիրավորների ընտանիքներին։
«Անհավանական է, որ նման գործողություն կարող է տեղի ունենալ մեր երկրում»,- գրել է Թրամփը։
Տեղական ժամանակով 21:02-ին ոստիկանությունը Բաթլերի հիվանդանոցում հավաքված ամբոխին հաղորդել է, որ Դոնալդ Թրամփը ավտոշարասյունով հեռացել է մեկ այլ ելքով:
Բայդենի արձագանքը
Նախագահ Բայդենը տեղեկացվել է միջադեպի մասին, հայտնել են Սպիտակ տանը: «Ինձ տեղեկացրել են Փենսիլվանիայում Դոնալդ Թրամփի հանրահավաքի ժամանակ հրաձգության մասին։ Ես ուրախ եմ, որ նա ապահով է և իրեն լավ է զգում: Աղոթում եմ նրա, նրա ընտանիքի և բոլոր նրանց համար, ովքեր եղել են հանրահավաքում։ Սպասում ենք տեղեկատվության»,- ասել է Բայդենը։
«Ամերիկայում նման բռնության տեղ չկա։ Ամբողջ ժողովուրդը պետք է համախմբվի և դատապարտի այս բռնությունը»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Ավելի ուշ Բայդենը կարճ խոսել է լրագրողների հետ։ Հարցին, թե արդյոք նա կարծում է, որ Թրամփին փորձել են սպանել, ասել է, որ ավելի ուշ կխոսի այդ հարցի շուրջ. «Ես կարծիք ունեմ, բայց փաստեր չունեմ»։
Civilnet











