Ադրբեջանը Հայաստանին պաշտոնական հրավեր է ուղարկել մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի՝ COP-29-ի աշխատանքներին, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի՝ արտաքին հարաբերությունների հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։ Հաջիևի խոսքերով՝ պաշտոնական հրավերն ուղարկել է Ադրբեջանի բնապահպանության և բնական բաշարների նախարար Մուխթար Բաբաևը, և այն հասցեագրվել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանին։
«Մենք Հայաստանին COP-29-ին մասնակցելու պաշտոնական հրավեր ենք ուղարկել։ Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների չգոյության պայմաններում այդ քայլը Ադրբեջանի բարի կամքի և համապարփակ մոտեցման արտահայտում է։ Այժմ Հայաստանի որոշում կայացնելու ժամանակն է», - հայտարարել է Հիքմեթ Հաջիևը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դեռ չի արձագանքել այդ հրավերին։ ՍիվիլՆեթի հետ զրույցում ԱԳՆ-ից հայտնեցին, որ «հարցին անդրադարձ լինելու պարագայում կտեղեկացնեն»։
Ադրբեջանն այս տարի կհյուրընկալի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի հերթական նստաշրջանը՝ COP-29-ը։ Այն կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-24-ը։ Ադրբեջանում կլիմայի հարցերով այս միջոցառման անցկացումը բազմաթիվ հարցեր է առաջացրել փորձագետների ու իրավապաշտպանների մոտ, օրինակ, թե ինչպես է մի երկիր, որն ունի հսկայական խնդիրներ մարդու իրավունքների և բնապահպանության ոլորտներում, հյուրընկալում նման միջոցառում։ ՍիվիլՆեթը զրուցել է հայ և ադրբեջանցի փորձագետների հետ՝ պարզելու, թե ինչ է տալու Բաքվին այս միջոցառման անցկացումը։
Civilnet











