Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են նշանակալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի ուղղությամբ. Միլլեր

Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են նշանակալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ. հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը հուլիսի 22-ի ճեպազրույցի ընթացքում:
«Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են նշանակալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնականացման ուղղությամբ։ Մենք հանձնառու ենք աջակցել այդ գործընթացին։ Ինչպես արդեն հայտարարել ենք, խաղաղության ժամանակը հիմա է, և մենք շարունակելու ենք աշխատել համաձայնագրի հասնելու ուղղությամբ»,- ասել է Միլլերը։
Հուլիսի 10-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ։ Հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ները հրապարակել են հետևյալ հաղորդագրությունը․ «Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները։ Կողմերը երախտագիտություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին հանդիպումը հյուրընկալելու համար»։ Հանդիպման մեկնարկին իր ելույթում ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։
Չնայած դրան՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Շուշիում, հայտարարել է, որ լավատես չէ խաղաղության համաձայնագրի հասնելու հարցում։
Տեղադրություն
Civilnet










