Գլխավոր Լրահոս

Ռուսաստանի ու Ֆրանսիայի ուշացող հյուպատոսությունները Սյունիքում․ հայտարարություններ և փաստեր

Ռուսաստանի ու Ֆրանսիայի ուշացող հյուպատոսությունները Սյունիքում․ հայտարարություններ և փաստեր

«Հրապարակ» օրաթերթը հունիսի 25-ին գրել էր, թե Հայաստանի իշխանությունները փորձում են խոչընդոտել Կապանում Ռուսաստանի հյուպատոսության բացմանը, չնայած որ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը ՌԴ հյուպատոսության համար արդեն տարածք է հատկացրել։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները հերքեցին այս տեղեկությունը՝ հավաստիացնելով, որ չեն խոչընդոտում ՌԴ հյուպատոսության բացմանը։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Սյունիքում օտարերկրյա հյուպատոսությունների բացման լուրերը և Կապանում ՌԴ հյուպատոսության համար տարածքի հատկացման պնդումները։

Կապան համայնքի ղեկավարը տարածք հատկացրե՞լ է ՌԴ հյուպատոսության բացման համար

«Հրապարակ» օրաթերթը հունիսի 25-ի հոդվածում, չնշելով աղբյուրը, գրել էր, թե չնայած Հայաստանի իշխանությունների թույլտվությանը և Կապանի ղեկավարի կողմից տարածքի հատկացմանը, տեղի ՔՊ ակտիվը խոչընդոտում է ՌԴ հյուպատոսության բացմանը:

Էկրանապատկերը՝ «Հրապարակ» օրաթերթից

Կապանի համայնքապետարանից #CivilNetCheck-ին, սակայն, հայտնում են, որ տեղեկություններ չունեն ՌԴ հյուպատոսության բացման և տարածք հատկացնելու վերաբերյալ։ Ինչ վերաբերում է Ֆրանսիայի կողմից Սյունիքում հյուպատոսության բացմանը, Կապանի քաղաքապետարանի տվյալներով, Ֆրանսիան չի պատրաստվում հյուպատոսություն բացել այնտեղ։

Էկրանապատկերը՝ Կապանի համայնքապետարանի պատասխանից։

#CivilNetCheck-ը դիմել էր նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն՝ հասկանալու, թե ինչ փուլում է հյուպատոսության բացումը։

Դեսպանատնից ուղարկել էին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի 2024-ի հուլիսի 17-ի հարցազրույցը, որում նա, մասնավորապես, ասել է, թե Սյունիքում ռուս դիվանագետների աշխատանքը կնպաստի երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը, այդ թվում՝ ԵԱՏՄ ձևաչափում: Այլ մանրամասներ ՌԴ դեսպանը չի հայտնել։ 

Հաջորդ օրը՝ 2024-ի հուլիսի 18-ին, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցում Սյունիքում հյուպատոսութան բացման հարցի մասին ասել էր, որ ՌԴ-ի վերաբերմունքը Սյունիքում գլխավոր հյուպատոսության աշխատանքների հնարավորինս շուտ մեկնարկելու վերաբերյալ չի փոխվել։

CivilNetCheck-ը դիմել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը։ ԱԳՆ-ից պատասխանել են, որ Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ հարցերը քննարկման փուլում են։ Նշվում է նաև, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև շարունակվում են քննարկումները և տարվում անհրաժեշտ աշխատանքներ՝ հյուպատոսության բացման ուղղությամբ։

Սյունիքում հյուպատոսության բացման վերաբերյալ հայտարարությունները

Ռուսաստանի՝ Սյունիքում հյուպատոսության հնարավոր բացման մասին առաջին անգամ 2023-ի մայիսի վերջին խոսեց Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Պալտովը։ Նա նշեց, որ Մոսկվայում մայիսի 25-ին կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը հայկական կողմը հավանություն է տվել այս նախաձեռնությանը։

Հայաստանի ԱԳՆ-ն դրական էր արձագանքել ՌԴ-ի՝ Սյունիքում հյուպատոսության բացման առաջարկին։ Արդեն 2023-ի հոկտեմբերի 6-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը պաշտոնապես հայտնեց Սյունիքում հյուպատոսության բացման որոշման մասին։ Մեկ ամիս անց՝ 2023-ի նոյեմբերի 2-ին, Ռուսաստանի կառավարությունը հավանություն տվեց Կապանում գլխավոր հյուպատոսության բացման համաձայնագրին: 

2024-ի նոյեմբերի 2-ին ՌԴ կառավարության և Հայաստանի կառավարության միջև Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ համաձայնագրի կնքման և նոտաների փոխանակում եղավ։

Իսկ 2024-ի հունիսի 1-ին Ռուսաստանի կառավարությունը հավանություն տվեց Կապանում գլխավոր հյուպատոսության բացման ՌԴ ԱԳՆ-ի առաջարկին: 

Այսպիսով, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը տարածք չի հատկացրել Կապանում ՌԴ հյուպատոսության համար, իսկ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման հստակ ժամկետներ դեռ չկան։

Սյունիքում դիվանագիտական ներկայություն ունենալու ցանկություն ունեին այլ երկրներ ևս: 2022-ին Իրանը հյուպատոսություն բացեց Կապանում: 2023-ին Ֆրանսիան և Ռուսաստանը հայտնեցին Սյունիքում հյուպատոսության բացման մտադրության մասին: 

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում