2012թ. Լոնդոնի օլիմպիական և պարաօլիմպիական խաղերի վրա Մեծ Բրիտանիայի բյուջեից կատարված ծախսերը $604,3 մլն-ով զիջել են սկզբնապես նախատեսված գումարը: Այսպիսի տվյալներ է պարունակում Մեծ Բրիտանիայի կառավարության զեկույցը:
Նախատեսված ծախսերը սկզբնապես $14,9 մլրդ են կազմել, արդյունքում ծախսվել է միայն $14,3 մլրդ-ը: Եվս $103 մլն հաջողվել է խնայել «չնախատեսված ծախսերի հիմնադրամի միջոցներից»: Օլիմպիադայի հետ կապված ոչ բոլոր գործարքներն են ամբողջությամբ փակված, սակայն դեռևս չկատարված ծախսերն աննշան են, ուստի հրապարակված տվյալները էական փոփոխությունների չեն ենթարկվի, նշվում է զեկույցում։
Գումարները հնարավոր է եղել խնայել հիմնականում անվտանգության, տրանսպորտային ենթակառուցվածքների և շինարարության հետ կապված ծախսերում։ Մեծ Բրիտանիայի սպորտի նախարար Հյու Ռոբերտսոնը հայտարարել է, որ Լոնդոնը «օլիմպիական խաղերի կառավարման նոր նշաձող է սահմանել»:
«Մենք ուրախ ենք, որ բոլոր միջոցառումները, ինչպես նաև ենթակառուցվածքները, որոնց համար մենք պատասխանատու էինք, բոլորին դուր է եկել, և միջոցառումներն անցկացվել են բարձր մակարդակով ու առանց խափանումների»,- BBC-ին ասել է Խաղերի գլխավոր կապալառուի՝ Olympic Delivery Authority-ի ղեկավար Դենիս Հոուն:
Civilnet











