Միջազգային դոնորների եռյակը համաձայնել է Հունաստանին ևս երկու տարի ժամանակ տալ՝ բյուջեի կայունացման համար, ու տրամադրել ֆինանսական օգնություն փաթեթի հերթական տրանշը՝ €31,5 մլրդ ծավալով։
Միջազգային դոնորների «եռյակի»՝ Եվրոպական կենտրոնական բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրամիության որոշման համաձայն՝ Աթենքը պետբյուջեի պակասուրդը պետք է նվազեցնի մինչև ՀՆԱ-ի 3%-ը արդեն 2016թ։ Մինչ այս նշվում էր 2014թ.։ Հունաստանին ևս երկու տարի անհրաժեշտ կլինի աշխատաշուկայում և էներգետիկ շուկայում բարեփոխումները կյանքի կոչելու համար։
«Եռյակը» €31,5 մլրդ ծավալով հերթական տրանշի տրամադրման մասին որոշում պետք է կայացներ դեռ սեպտեմբերին։ Աթենքն առանց այս միջոցների հարկադրված կլիներ դեֆոլտ հայտարարել արդեն 2012թ. վերջին։
Հունաստանի ֆինանսական աջակցության հերթական փաթեթի մասին որոշումն ընդունվել է 2011թ. վերջին, պայմանով, որ Աթենքը իրականացնի միջազգային դոնորների՝ բյուջեի ծախսերի և դեֆիցիտի կրճատման, ինչպես նաև հարկադրույքների բարձրացման պահանջները։
Աթենքը բյուջետային խնայողության ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացրել է մի շարք միջոցառումներ: Երկրի իշխանությունները բարձրացրել են հարկերը և կրճատել բյուջետային աշխատակիցների աշխատավարձը: Բացի այդ՝ պետգույքի լայնածավալ մասնավորեցման մասին որոշում է կայացվել, որի շրջանակում նախատեսվում է ներգրավել մինչև €50 մլրդ: Աթենքը մտադիր է վաճառել պետական էներգետիկ ընկերությունները և անգամ կղզիները:
Եվրոպայում պետպարտք/ՀՆԱ հարաբերակցությունն այսօր ամենաբարձրը Հունաստանում է՝ 130%: Ընդ որում, ցուցանիշն արձանագրվել է 2012թ. գարնանը, երբ միջազգային վարկատուների մի մասն արդեն դուրս էր գրել Աթենքի պարտավորությունների կեսը։ Մինչ այդ՝ 2011թ. վերջին, պետպարտքը գերազանցում էր երկրի ՀՆԱ-ի 200%-ը։
Civilnet











