Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է PSA Peugeot Citroen կոնցեռնի վերաթողարկված պարտատոմսերին պետական երաշխիքներ տրամադրել: Ընկերության մամլո հաղորդագրության համաձայն՝ 3 տարվա համար նախատեսված երաշխիքների ընդհանուր գումարը կկազմի €7 մլրդ:
Ընկերությունում խոստացել են պետերաշխիքների դիմաց երեք տարի հրաժարվել շահաբաժինների վճարումից: Այս որոշման ընդունման վրա մեծապես ազդել են ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի ցուցանիշները. Եվրոպայի երկրորդ ամենախոշոր ավտոարտադրողի վաճառքներն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 3,9%-ով՝ կազմելով €12,93 մլրդ:
Ի տարբերություն Peugeot-ի՝ 2012թ. երրորդ եռամսյակում գերմանական Volkswagen-ը հայտարարել է վաճառքների 26,8%-ով ավելացման մասին՝ մինչև €48,85 մլրդ: Բացի այդ՝ ընթացիկ տարվա հուլիս-սեպտեմբերին Volkswagen-ի զուտ շահույթն ավելացել է 60,4%-ով՝ կազմելով €11,29 մլրդ:
Վերջին շրջանում Peugeot-ն ֆինանսական բարդ դրության մեջ է հայտնվել: Ընկերության վաճառքների անկումը մեծապես պայմանավորված է եվրոգոտու պարտքային ճգնաժամով, ինչը, իր հերթին, հանգեցրել է տարածաշրջանում ավտոմեքենաների պահանջարկի անկմանը:
Սեպտեմբերի սկզբից դադարեցվել է ավտոկոնցեռնի բաժնետոմսերի ցուցակումը Ֆրանսիայի CAC 40 գլխավոր բորսայական ինդեքսում դրանց կտրուկ արժեզրկման պատճառով։

Civilnet










