Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության պայմանագրի կնքման հարցում և միտումնավոր ժամանակ է ձգձգում։
«Հայաստանը միտումնավոր ժամանակ է ձգձգում, նոր սպառազինություն է գնում Ֆրանսիայից, արևմտյան այլ երկրներից և այլ կողմերից, իր տարածքում զորավարժություններ է անցկացնում երրորդ երկրների հետ»,- օգոստոսի 30-ին Թուրքիայի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանն ասել է Ալիևը, փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Իլհամ Ալիևը կրկին խոսել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին, որում, ըստ նրա՝ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։
Ադրբեջանի ղեկավարը կարծում է նաև, որ պետք է լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը, քանի որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Եթե հակամարտությունը մնացել է անցյալում, և Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ապա ինչ կարիք կա պահպանելու Մինսկի խումբը, որը անցյալի մնացորդ է»,- հայտարարել է նա։
Civilnet











