Ավստրալիայի կենսաթոշակային պետական Future Fund հիմնադրամը մտադիր է մասամբ կամ ամբողջությամբ վերանայել ծխախոտագործական ընկերությունների արժեթղթերում կատարված մոտ $227,5 մլն-ի ներդրումները: Այս մասին տեղեկացրել է հիմնադրամի ղեկավար Մարկ Բուջերսը։
Future Fund-ի վերահսկում է $83 մլրդ-ի ակտիվներ։ Հիմնադրամի հաշվեկշռում են այնպիսի ընկերությունների բաժնետոմսեր, ինչպիսիք են ամերիկյան Philip Morris-ը, Lorillard-ը և բրիտանական British American Tobacco-ն: Բուրջեսը հրաժարվել է խոստովանել, որ ներդրումների վերանայման որոշումն ընդունվել է հասարակական ճնշման ներքո:
Ավստրալիայի կառավարությունը ծխելու դեմ ակտիվ քաղաքականություն է վարում։ Օգոստոսի կեսին երկրի Գերագույն դատարանը սահմանադրական է ճանաչել օրենքը, որը ծխախոտագործական ընկերություններին արգելում է ծխախոտը փաթեթավորել բրենդային տուփերում։ Օրենքի համաձայն՝ ծխախոտը պետք է արտադրվի միատեսակ, մուգ կանաչ գույնի տուփերով, որոնց վրա պետք է պատկերված լինեն ծխելու բոլոր հետևանքները, օրինակ՝ ծխող մարդու թոքերը:
Ըստ ծխախոտագործական ընկերությունների՝ Ավստրալիայում ընդունված օրենքը խախտում է իրենց հեղինակային իրավունքները: Ծխախոտի երեք խոշոր արտադրողներ՝ Philip Morris-ը, British American Tobacco-ն և բրիտանական Imperial Tobacco-ն դատական հայց են ներկայացրել երկրի իշխանությունների դեմ:
Civilnet











