Հնդկաստանի պաշտպանական շուկայի տարեկան աճը կկազմի 14%․ զեկույց

Ամերիկյան Jefferies ներդրումային ընկերության գնահատականով՝ Հնդկաստանի պաշտպանական ընկերությունները 2024-2030 ֆինանսական տարիներին կունենան տարեկան 14% համախառն աճի տեմպ, ինչի խթանը երկրի կառավարության՝ պաշտպանական արտադրությունները տեղայնացնելու քաղաքականությունն է։
Ինչպես հաղորդում է հնդկական Thehindubusinessline.com կայքը, Jefferies-ի զեկույցը նշում է, որ գլոբալ աշխարհաքաղաքական լարվածության և ինքնապահովման վրա Հնդկաստանի մեծացող ուշադրության գործոններն են խթանում պատվերների հոսքը և պաշտպանական տեղական ընկերությունների եկամուտների աճը․ «Կառավարության կենտրոնացումը արտահանման մեծացմանն ուղղված երկկողմ հարաբերությունների կառուցման վրա լրացուցիչ խթան է»։
Ըստ զեկույցի՝ Հնդկաստանի պաշտպանական ծախսերը 2024-2030 ֆինանսական տարիներին կկրկնապատկվեն, ինչը կշարունակի բարձրացնել պաշտպանական ընկերությունների բաժնետոմսերի գները:
Ակնկալվում է, որ առաջիկա 5-6 տարիների ընթացքում Հնդկաստանը կունենա 90-100 մլրդ դոլարի պաշտպանական շուկա, ընդ որում, պաշտպանական արդյունաբերությունը, հավանաբար, կաճի տարեկան 13 տոկոսով՝ 2024-ից մինչև 2030-ը: Զեկույցում նշվում է, որ թեև Հնդկաստանը պաշտպանական ծախսերի ծավալով աշխարհում երրորդ երկիրն է՝ 2022-ին նրա պաշտպանական ծախսերը կազմել են ԱՄՆ-ի և Չինաստանի համապատասխան ծախսերի 10%-ը և 27%-ը։
Հնդկաստանը սպառազինության երկրորդ խոշոր ներկրողն է, նրան բաժին է ընկնում զենքի համաշխարհային ներկրման 9%-ը:
Ըստ Jefferies-ի՝ Հնդկաստանում պաշտպանության ոլորտի կապիտալ ծախսերը կշարունակեն աճել տարեկան շուրջ 7-8 տոկոսով, ինչպես վերջին 10 տարիներին։ Ակնկալվում է, որ պաշտպանական ընկերությունների արտահանման հնարավորությունը տարեկան կաճի 18 տոկոսով 2024-2030 թվականներին: Հնդկաստանի պաշտպանական արտահանումը 2017-2024 ֆինանսական տարիներին աճել է 14 անգամ՝ հասնելով 2,6 մլրդ դոլարի:
Զեկույցի հեղինակները կարծում են, որ հնդկական ընկերությունների պաշտպանական արտահանումը կավելանա մինչև 7 մլրդ դոլար մինչև 2030 ֆինանսական տարին, ինչը համահունչ է կառավարության նպատակին՝ հասնելու 6 մլրդ դոլարի մինչև 2029 ֆինանսական տարին:
Հնդկական արտահանողների համար Իտալիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Բութանը, Եթովպիան և Սաուդյան Արաբիան պաշտպանական ամենագրավիչ ուղղություններն են: Մերձավոր Արևելքին բաժին է ընկնում զենքի համաշխարհային ներկրումների 33 տոկոսը՝ 11 մլրդ դոլար, և սա հնարավորություն է Հնդկաստանի համար: Ըստ զեկույցի՝ Կատարին և Սաուդյան Արաբիային բաժին է ընկնում Մերձավոր Արևելքի երկրների պաշտպանական ընդհանուր ներկրումների 52%-ը:
Հայաստանը ևս հնդկական զենքի առաջատար ներկրողներից է․ 2024-25 ֆինանսական տարվա համար Հայաստանին մատակարարվելիք հնդկական զենքի գործարքների ընդհանուր գումարը գերազանցում է 600 մլն դոլարը։
Թեմա
Civilnet










