Գլխավոր Լրահոս

Ձեր հայրենիքն իրոք Աղդամն է

Ձեր հայրենիքն իրոք Աղդամն է

Պարզվեց՝ Արցախը պատմական, ոչ իրական հայրենիք էր՝ Ուրտեխե-Ուրտեխինի կամ Տուրուբերանի նման մի բան։ Հայաստան չէր և վերջ։ Այնտեղ հայ չէր ապրում։ Ամարաս ու Գանձասար չկար։ Հայկական պետություն չկար։ Նորածնի լաց, դպրոց գնացող երեխա, հարսանիք, նախնիների ու որդիների շիրիմ չկար, կնունք ու թաղում չկար։ Երազանք չկար։

Ու դարձանք մենք հաշտ ու անտարբեր իրականի ու պատմականի այս շփոթի մեջ ու նկատմամբ։

Հաշտ՝ խուսափելի պատերազմը անմեղսունակությամբ անխուսափելի դարձնելու և Եռաբլուրը բազմապատկելու նկատմամբ։ Պատերազմը թաղի կռիվ պատկերացրած ու հավ դարձած աքլորիկների նկատմամբ։

Հաշտ՝ այդ նույն Եռաբլուրից որդեկորույս մայրերին քարշ տվողների նկատմամբ։ Հաշտ՝ ոստիկանապետի ու քաղաքապետի, բայց ոչ երբեք գերագույնի հրաժարական պահանջող քաջերի ու քաջիկների նկատմամբ։

Նշաձո՞ղ, ի՞նչ է դա, գրողը տանի։ Իջեցրե՛ք այն հանուն միջազգային լայն կոնսոլիդացիայի՝ թեև ձողն այլ կիրառություն ունի ձեր դեպքում։

Հասկացանք՝ խնդիրը դուք չեք։ Խնդիրն այդ չարաբաստիկ Ալմա-Աթան է։ Այն նույն Ալմա-Աթան, որ ձեզ հավ սարքած սուլթանիկի շուրթերից երբեք չէր հնչել։

Իսկ Մի՞նսկը, Վիեննա՞ն, ԵԱ՞ՀԿ-ն, այդ անտեր դեպոզիտարիային հանձնված ինքնորոշման իրավունքը։ Դրանք մանր դետալներ են ձեզ համար, ձեռ չի տալիս հիշել։ Մոռացե՛ք։

Ջարդե՛ք Ուրտեխեի վերջին դարպասները․ հավիտենական մեղքի զգացումը միգուցե մի փոքր մեղմեք ձեր մեջ։ 

Փնտրե՛ք նոխազներ քավության։

5165-ը 4090 չէ։ Մի՛ նայեք Արարատին։ Արագած չէ նա ու ախոյան է ձեզ։ 

Խճճել եք դուք պետություն ու հայրենիք։ Խորթ է ազգայինը ձեզ։ 

Փոխել եք փորձում ինքնությունը մեր։ Բարդ է, պարոնա՛յք։ Պատկերացրեք՝ դրա համար նույնիսկ խելք է պետք։

Գոռացե՛ք ինքնիշխանություն։

Խակ ու ծակ սուվերենիստնե՛ր, հայրենիքի ձեր սահմանները վիզայի ազատականացումն ու կուշտ փորն են։ Վատնե՛ք սուվերենությունը շագրենի կաշվի պես՝ ձեր ամեն հաջորդ հիմարությամբ։

Անարգե՛ք մեզ մեր ողբերգությունների համար՝

«մեղավորը մենք ենք, որ ցեղասպանվեցինք», «զենք ունեինք, չկռվեցինք», «պատմականը իրականից ու հայրենիքը պետությունից չտարբերեցինք»։

Ու հեծանիվ մի՛ հորինեք, քշեք միայն։ Քշե՛ք կարծես ոչինչ չի եղել։ Քշեք ու խախտեք, խախտեք ու քշեք, քշեք ու խախտեք, խախտեք ու քշեք․․․

Դուք ոչինչ չունեք ասելու որդուն նոր գերեզման դրած ու անմիջապես գաղթի ճամփան բռնած ծնողին։ 

Թքե՛ք մարդկանց երեսին՝ ձեռքերը բռնած։

Ձեր գործն անքննելի է ու անմահ։ 

Դուք իրոք դրիմ թիմ եք։ Աբսուրդիստանի դրիմ թիմ։

Շարունակեք հրավառությունը, պարոնա՛յք, ինչպես դա արեցիք Արցախի քելեխից հետո։ 

Ձեր հայրենիքն իրոք Աղդամն է։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում