Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ հիշեցնելով 44-օրյա պատերազմը և 2023-ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ ագրեսիան։
«Հայաստանը վտանգավոր խաղերի է միացել, երկրորդ ղարաբաղյան պատերազմը թող չմոռանան։ Թող չմոռանան, որ մեզ աղերսում էին խնայել իրենց, ինչպես էին Ռուսասատանին օրը գուցե 10 անգամ ամենաբարձր մակարդակով դիմում, որ պատերազմը դադարի։ Հակաահաբեկչական գործողությունը [Արցախի ժողովրդի էթնիկ զտումը] նույնպես չպետք է մոռանան և հիշեն, թե ինչ դժվար աշխարհագրությունում հասանք մեր նպատակին։ Որևէ մեկին չնայելով՝ մի քանի ժամում անջատողականությունը արմատախիլ արեցինք»,- Ջաբրայիլ կատարած այցի ժամանակ հայտարարել է Ալիևը։
Նա մեղադրել է արևմտյան երկրներին 1994-2022 թթ․ հայկական կողմի վրա ճնշումներ չգործադրելու մեջ։ «Դադարեցրե՛ք այդ վտանգավոր խաղերը։ Մի կողմից խաղաղությունից են խոսում [Հայաստանի ղեկավարությունը], ստում, մյուս կողմից՝ լայնածավալ կերպով զինվում են։ Զենքերն էլ ո՞վ է տրամադրում՝ Ֆրանսիան և նրա նման հակաադրբեջանական երկրները»,- ասել է Ալիև՝ պնդելով, թե իբր ֆրանսիական կողմը սպառազինությունը «անվճար է» տրամադրում Հայաստանին։
Ադրբեջանի նախագահը անդրադարձել է նաև ամերիկացի վաթսուն կոնգրեսականի նամակին, որով նրանք ԱՄՆ իշխանություններին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։
«Ես ծանոթաացա այդ դիմումին, այն շատ զազրելի էր, և այն չի կարող մեզ վրա ազդել։ Դա ցույց է տալիս, որ մեր դեմ թշնամական քաղաքականությունը չի դադարում։ Երբ ես աչքի անցկացրեցի [նամակի] բովանդակությունը, կռահեցի, որ հեղինակն ու հասցեն մեկն է։ Խոսքը ԱՄՆ պետքարտուղարն է։ Ես չեմ կասկածում, որ նամակը գրվել է ԱՄՆ պետքարտուղարությունում»,- նշել է Ալիև։
ԱՄՆ Կոնգրեսի 60 կոնգրեսական Բաքվում ՄԱԿ-ի COP29 կլիմայական գագաթնաժողովի նախաշեմին կոչ են անում ԱՄՆ ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների, պատանդներ վերցնելու և Հայաստանի տարածքի ապօրինի օկուպացիայի համար։ Հայտարարությունը նախաձեռնել են դեմոկրատ Ֆրենկ Փալոնեն և հանրապետական Էդ Մարկին։
Civilnet











