Գլխավոր Լրահոս

Հայաստանը դարձել է կեղծ ու տկար քաղաքագետների զոհը

Հայաստանը դարձել է կեղծ ու տկար քաղաքագետների զոհը

Կարպիս Փաշոյան

Քաղաքագիտությունը ինքնաբավություն չունեցող, խոցելի գիտակարգ է։ Առանց հարակից, օժանդակ գիտաճյուղերի միջամտության և առանց աշխարհայացքի ու դպրոցի առկայության, այն ակնթարթորեն կարող է փոխակերպվել ինտուիտիվ դատարկախոսության, ինտելեկտուալ կեղծարարության կամ էլ մարտնչող պրոպագանդայի։ 

Խնդիրը հատկապես սրված է Հայաստանի պես թույլ ու անպաշտպան պետությունների համար։ Թույլ և անպաշտպան` առաջին հերթին մտքի տեսանկյունից, քանի որ հայկական միջավայրը չունի աշխարհի ընկալման իր տեսանկյունը և պատրաստ է խոնարհվել ցանկացած նորաձև և ազդեցիկ տեքստի առջև։ Իսկ նորաձևն ու ազդեցիկը ամենևին էլ գիտականության և ճշմարտության երաշխիքներ չեն։ Ընդհանրական եկեղեցու հայրերից Բարսեղ Կեսարացին, խոսելով 4-րդ դարում արիոսականության արձանագրած նվաճումների մասին, նշում է, որ դրա հաջողության գաղտնիքը տկարությունն է։ Չհնացող այս ձևակերպումը կիրառելի է նաև մեր իրականության համար, քանի որ այս պարագայում տկարություն եզրույթը վերաբերում է հեշտ ու տրամաբանական թվացող լուծումների քարոզչությանը։ 

Այս առումով Հայաստանը դարձել է այդ կեղծ ու տկար քաղաքագիտության զոհը, հատկապես 2020-ի պարտությունից հետո, երբ ջախջախված և հուսահատ մարդիկ շատ ավելի մատչելի և հասանելի դարձան այն քաղաքական տեսությունների նկատմամբ, որոնք գոնե չնչին կայունություն և ապագայի հույս էին արթնացնում։  Որպես կանոն ճգնաժամի մեջ գտնվող հանրույթները հայացքներն ուղղում են անցյալին՝ փորձելով արխայիկ արժեքների վերակենդանացմամբ կայունության պատրանք ձևավորել։ Այս փորձառությունը մեր միջավայրում գրեթե անհնար էր, քանի որ Հայաստանի անցյալը ստվար զանգվածների համար արժեզրկված է ու մոռացված՝ որպես թալանի, ընտրակեղծարարության և բռնության մի գորշ ժամանակաշրջան։ Փոխարենը՝ Փաշինյանն ու նրա քարոզիչ քաղաքագետները ազդարարում են Երկրային Երուսաղեմի մոտալուտ հաստատումը, որտեղ ռուսները, պատերազմը և Ղարաբաղը տեղ չունեն։ Այլ խոսքով՝ Ղարաբաղը մարդկային մտածողության մեջ փոխարինվեց Փաշինյանի խոստացած Արևի քաղաքի սպասումով, որը հորջորջվում է որպես իրական Հայաստան։ 

Հերձվածող այս գաղափարախոսությունը բնականաբար պաշտպանվում և առաջ է մղվում քաղաքագիտական եզրույթներով և քաղաքական վերլուծություններով։ Ինքնահռչակ քաղաքագետներն ու փորձագետները, թափառելով եթերից եթեր, առաջնային պլան են մղում եվրաինտեգրում, տնտեսական դիվերսիֆիկացիա, ինքնիշխանություն, կարմիր գծեր եզրույթները։ Նրանց վերլուծություններում քաղաքագիտական այս բառամթերքը զրկված է գիտական նախնական բովանդակությունից և փոխակերպվում է կրոնական դոգմաների։ Ավելին՝ տպավորություն է, թե կանխատեսվող ռազմական բախմանը Հայաստանը պատրաստվում է ոչ թե կոնկրետ ինստիտուցիոնալ գործողություններով, այլ եզրույթներով։ Այսինքն, նրանք երկիրը պաշտպանելու են հմայիչ, բայց անշունչ բառերով։ 

Հայ քաղաքական մտքի տկարության մյուս դրսևորումը շրջակա աշխարհի ինտուիտիվ, առանց գիտական փաստերի մեկնաբանությունն է։ Հատկապես տիրապետող են պետությունների դասակարգման, դաշինքներ և կոալիցիաներ ձևավորելու տենդագին փորձերը։ Այս իմաստով հայ քաղաքագիտությունը միայն ձևով ու տերմինաբանությամբ է 21-րդ դարում, իսկ բովանդակությամբ թաղված է 19-րդ և 20-րդ դարերում։ Բարդութավորված արխայիզմից ելնելով՝ նրանք փորձում են ինչ-որ հակաթուրքական կամ էլ հակառուսական կոալիցիաներ գտնել։ Օրինակ՝ ռուս-ադրբեջանական տանդեմին հակադրում են Արևմուտքի, Իրանի, Հայաստանի և Հնդկաստանի շահերի համընկնումը։ Խելահեղ այս հարացույցում հատկապես սրբազան կովի կարգավիճակ ունեն Իրանի կարմիր գծերը։ 

Կամ էլ ինքնավստահ դեմքով Ադրբեջանին տարանջատում են Թուրքիայից, վերջինիս էլ հակադրության մեջ դնում ԱՄՆ-ի հետ՝ հայ հանրության համար խաղարկելով երանելի մի իրավիճակ, որտեղ Հայաստանը հավասարակշռված  դիվանագիտություն է իրականացնում։ Ըստ էության, հայ քաղաքագետները մի նոր Անտանտ կամ էլ Հակահիտլերյան (հակապուտինյան) կոալիցիա են փնտրում, որին հնարավոր կլինի կցվել ու գոյություն քարշ տալ։ Գոյությունն իհարկե գոյություն, բայց նաև չենք տեսնում այդ մարդկանց գիտական հոդվածներն ու փորձագիտական հետազոտությունները այդ նույն Իրանի կարմիր գծերի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Թուրքիայի ու ուժային այլ կենտրոնների վերաբերյալ։ Ի դեպ, լեզու իմանալն ու առօրեական մամուլ կարդալը ամենևին էլ չի ենթադրում այս կամ այն պետության քաղաքականության ընկալում։ Բայց ոչ անկարևոր այս դիտարկումները երկրորդական պլան են մղվում, քանի որ հայ քաղաքագիտական ինդուստրիայի արդյունավետության երաշխիքը ապացուցման կարիք չունեցող դոգմաներն են, որոնց պարզապես անհրաժեշտ է հավատալ։ Նրանց համար կարևորը տնտեսական դիվերսիֆիկացիայի մասին խոսելն է, իսկ թե որտեղից է սահմանափակ ռեսուրսներով փոքրիկ Հայաստանը էժան գազ, հացահատիկ, ենթակառուցվածքներ ու համապատասխան թողունակությամբ խողովակներ գտնելու, արդեն իրենց չի հետաքրքրում։ Եվ չի էլ կարող հետաքրքրել, քանի որ այդօրինակ հարցերը ակնկալում են գիտական մոտեցում և պետական քաղաքականություն։ 

Քաղաքագիտությունն իր բոլոր խնդիրներով հանդերձ լրջագույն գիտակարգ է։ Կայացած պետությունների համար այն ինտելեկտուալ հետախուզության առաքելություն ունի։ Այսինքն, դրա առաջնային նպատակն է պետության և դրա շրջակա միջավայրի քաղաքական մանրազնին հետազոտությունն ու հնարավոր մարտահրավերների գիտական գույքագրումը։ Ցավոք, մենք չունենք քաղաքագիտական դպրոց կամ էլ դպրոցներ։ Իսկ եղածն էլ գոյություն ունի պետությունից ու հանրությունից անդին՝ կա՛մ որպես քարոզչական ինդուստրիա, կա՛մ էլ որպես փսևդոակադեմիական ճահիճ, որտեղ մինչև հիմա Հանթինգտոնի և Քիսինջերի ռուսերեն քսերոքսներ են շրջանառվում։ Առանձնապես հույս չեն ներշնչում նաև Արևմուտքում կրթություն ստացածները կամ էլ դրանց մի զգալի մասը։ Սովորելով արևմտյան  համալսարաններում՝ նրանք չեն կարողանում ինտեգրվել ամերիկյան և եվրոպական բազմաշերտ ակադեմիական կյանքին և հայտնվում են փսևդոինտելեկտուալ ակվարիումի մեջ։ Յուրացված միակողմանի, նորաձև և քարոզչական փշրանքները փորձում են մեխանիկորեն վերարտադրել Հայաստանի պայմաններում՝ հաշվի չառնելով երկրի ու տարածաշրջանի առանձնահատկությունները։ Սրանք էլ հիշեցնում են Ալեքսանդր Գերցենի հայտնի հերոսին՝ Բելտովին, որը եվրոպական իր վեհ բարձունքում այդպես էլ մնաց չհասկացված ու չհասկացած, օտար ու օտարացած։   

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում