Գլխավոր Լրահոս

Պարտքը Մալդիվներին ստիպում է Չինաստանից թեքվել դեպի Հնդկաստան

Պարտքը Մալդիվներին ստիպում է Չինաստանից թեքվել դեպի Հնդկաստան

Հնդկական օվկիանոսում Մալդիվյան Հանրապետությունը, որ տեղակայված է Մալդիվյան կղզեխմբում, մեծ փոխառություններ ունի տարածաշրջանի մեծ հարևաններից՝ Չինաստանից և Հնդկաստանից։ Այս երկու պարտատուները, սակայն, տարբեր նպատակներ են հետապնդում, երբ վարկավորում են որևէ երկրի։ Թեմային անդրադարձել է Asia Times թերթի վերլուծաբան Շաֆքուաթ Ռաբին։

Տեղեկանք. 300 քառ. կմ տարածք ունեցող իսլամադավան Մալդիվների բնակչությունը 515,000 է, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ 19,500 դոլար։ Կղզեխումբ պետության տնտեսության հիմնական ճյուղերը ձկնորսությունը և զբոսաշրջությունն են։

Գեղատեսիլ հանգստավայրերով ու հանդարտ լողափերով հայտնի Մալդիվյան Հանրապետության պարտքը շարունակ աճում է երկու խոշորագույն պարտատերերից՝ Հնդկաստանից և Չինաստանից, և Հանրապետությունը փորձում է հավասարակշռություն գտնել այս երկուսի միջև։ Մալդիվների վերահաս դեֆոլտը նախագահ Մոհամեդ Մուիզուի կառավարության համար մեծ փորձություն կլինի, թե ինչպես նա կկարողանա նավարկել տնտեսական և աշխարհաքաղաքական այս բարդ միջավայրում։ 

2024-ի օգոստոսի դրությամբ Մալդիվների արտարժութային պահուստները կազմել են 437 մլն դոլար, որը բավարար է փակելու ներմուծումների ընդամենը մեկուկես ամսվա գումարը: Կղզիների ժողովուրդը Չինաստանին պարտք է մոտ 1,3 մլրդ դոլար, իսկ Հնդկաստանին՝ 130 մլն դոլար։

Մալդիվների նախագահը հոկտեմբերի 7-ին հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին՝ ցանկանալով ֆինանսական աջակցություն ստանալ նրանից և վախենալով, որ կղզու ժողովուրդը կարող է դեֆոլտի առաջ կանգնել՝ կատարելով պարտատոմսերի 25 մլն դոլար վճռորոշ վճարումը: Reuters-ի հաղորդմամբ՝ Հնդկաստանը հաստատել է 400 մլն դոլարանոց արժույթի սվոպ պայմանագիրը, ինչը շատ անհրաժեշտ է պարքտի մեջ խրված կղզիներին կարճաժամկետ իրացվելիություն ապահովելու առումով:

Մալդիվների պարտքի խնդիրը կապված է Sukuk պարտատոմսերի հետ: Sukuk-ը, որը հաճախ անվանում են իսլամական պարտատոմս, ֆինանսական գործիք է, որը  սովորական պարտատոմսից այլ կերպ է գործում. իսլամական սկզբունքներին համապատասխանելու համար այն արգելում է տոկոսագումարի հետապնդումը:

Ի տարբերություն ավանդական պարտատոմսերի, որոնք պարտքային գործիքներ են և սահմանում են, որ պարտատուները գումար են տալիս տոկոսադրույքների դիմաց, Սուկուկի դեպքում պարտատուն դառնում է փայատեր կոնկրետ ակտիվում: Ներդրողները ստանում են եկամուտ ոչ թե տոկոսագումրից, այլ ակտիվի բերած եկամուտներից: Եթե Սուկուկի պարտքի պատճառով ​​Մալդիվները դեֆոլտի գնան, դա կլինի առաջին նման դեպքը Սուկուկի համար։

Ֆինանսական անհրաժեշտ օգնության բացակայության պայմաններում (ինչպիսին կարող է լինել Հնդկաստանի աջակցությունը) Մալդիվների կողմից Սուկուկի պարտքը չվճարելը կարող է աղետալի հետևանքներ ունենալ։ Դա կարող է փակել այս պետության մուտքը կապիտալի միջազգային շուկա, թուլացնել ներդրողների վստահությունը և նրան դնել ավելի ծանր տնտեսական ճգնաժամի մեջ:

Թեև Հնդկաստանի կողմից աջակցության վերջին հավաստիացումը Մալդիվներին կարող է փրկել սպասվող դեֆոլտից, ավելի լայն առումով երկրի տնտեսական խնդիրները առաջիկա տարիներին հազիվ թե լուծվեն:

Աշխարհաքաղաքական մրցակիցներ, կառուցվածքային թերություններ

Մալդիվների տնտեսական խնդիրները խորապես պայմանավորված են տարածաշրջանի երկու հիմնական դերակատարների՝ Հնդկաստանի և Չինաստանի միջև աշխարհաքաղաքական մրցակցությամբ: Անցած տասնամյակի ընթացքում երկիրը լայնորեն փոխառել է երկու երկրներից, բայց այս երկուսը հետապնդում են տարբեր նպատակներ:

Չինաստանի վարկերը հիմնականում ուղղվում են ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորմանը, որոնք կապված են նրա Գոտի և ճանապարհ նախաձեռնության հետ և օգնում են Պեկինին ընդլայնելու իր ռազմավարական ազդեցությունը Հնդկական օվկիանոսում: Հնդկաստանը, մյուս կողմից, Մալդիվներին նայում է որպես իր տարածաշրջանային անվտանգության կարևորագույն բաղադրիչ և ֆինանսական աջակցություն է տրամադրում Չինաստանի աճող ազդեցությունը հակակշռելու համար:

2023-ին Մուիզուն իշխանության եկավ «Հնդկաստան, հեռացի՛ր» կարգախոսով, որի նպատակն էր նվազեցնել Մալդիվների կախվածությունը Նյու Դելիից և ավելի մերձենալ Պեկինին:

Ընտրարշավի ժամանակ Մուիզուն խոստանում էր, որ ընտրվելու դեպքում կարտաքսի հնդիկ զինվորներին, որոնք այնտեղ տեղակայված էին մարդասիրական օգնության նպատակներով:

Նման ճնշմանն ընկրկելով՝ Հնդկաստանը կղզում տեղակայված իր տասնյակ զինվորներին փոխարինեց քաղաքացիական աշխատակիցներով: Սակայն քանի որ Մալդիվների պարտքը շարունակում էր խորանալ, իշխանության գալուց անմիջապես հետո Մուիզուի կառավարությունը դարձավ պրագմատիկ և մեղմացրեց դիրքորոշումը Հնդկաստանի նկատմամբ:

Մալդիվների իրական մարտահրավերների հիմքում նրա անկայուն պարտքի բեռն ու տնտեսության կառուցվածքային խոցելիությունն է: Երկիրը մեծապես կախված է զբոսաշրջությունից, մի ոլորտ, որը խիստ խոցելի է համաշխարհային տնտեսական ցնցումներից, ինչը եղավ Covid-ի համավարակի ժամանակ: Ավելին, Մալդիվներն իր հիմնական ապրանքների մեծ մասը ներկրում է, և միջազգային շուկայում ապրանքների գների բարձրացումը խորացնում է կղզիների ֆինանսական խնդիրները՝ դատարկելով արտարժույթի պետական պահուստները և էլ ավելի բարդացնելով պարտքի սպասարկումը։

Այս ամենը Մալդիվները դնում է խոցելի իրավիճակում երկու մրցակից տերությունների՝ Հնդկաստանի և Չինաստանի միջև, որոնք երկուսն էլ տնտեսական և ռազմավարական հետաքրքրություններ ունեն այստեղ, և ֆինանսական աջակցություն տրամադրում են որոշակի ակնկալիքներով:

Չինաստանի համար Մալդիվները կարևոր օղակ են նրա ծովային ռազմավարության համար, իսկ Հնդկաստանի համար Մալդիվները տարածաշրջանում չինական ազդեցությանը հակակշռելու ջանքերի կարևոր բաղադրիչ են: Նախագահ Մուիզուն կանգնած է բարդ մարտահրավերի առաջ՝ ապահովել ֆինանսական աջակցություն՝ առանց երկրի ինքնիշխանությունը զիջելու:

Ինչ վերաբերում է Հնդկաստանին, ապա Նյու Դելին հակված է Մուիզուին իր կողմը գրավել՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում մի քանի պրո-հնդկական կառավարություններ կորցրել են իշխանությունը Հարավային Ասիայի երկրներում:

Շրի Լանկայում նախագահ դարձավ մարքսիստ քաղաքական գործիչ Անուրա Կումարա Դիսանայակեն։ Բանգլադեշում վարչապետ Շեյխ Հասինան, որը, կարելի է ասել, Բանգլադեշի պատմության մեջ ամենահնդկամետ վարչապետն էր, ուսանողների կազմակերպած ցույցերի արդյունքում ստիպված էր հրաժարական տալ և փախչել Հնդկաստան։ Նեպալում վարչապետ դարձավ Կ.Պ. Շարմա Օլին, որը չինամետ քաղաքական գործիչ է։ Իր հարևանությամբ դիվանագիտական այս ձախողումների շղթան կոտրելը Հնդկաստանի վարչապետ Մոդիի համար կնշանակի հաղթանակ։

Նպատակը՝ երկարաժամկետ լուծումներ, որոնք ինքնիշխանությունը չեն վտանգի

Մալդիվների տնտեսական խնդիրները կառուցվածքային են, և դրանց լուծման համար կպահանջվի ավելին, քան արժույթի ժամանակավոր փոխանակությունն ու որոշակի վարկերն են։ Երկրին անհրաժեշտ է համապարփակ ռազմավարություն՝ իր տնտեսության կախվածությունը զբոսաշրջությունից և ներմուծումներից նվազեցնելու համար, սակայն այդպիսի փոփոխությունները ժամանակ և քաղաքական կամք են պահանջում։  

Ճգնաժամը հաղթահարելու համար Մալդիվների կառավարությունը առաջարկել է մի շարք միջոցներ՝ ուրվագծելով հարկային բարեփոխումները, բյուջեի կրճատումները և պետական ձեռնարկությունների վերակառուցումը։ Այս առաջարկությունները նպատակ ունեն բարելավել ֆինանսական կարգապահությունը և նվազեցնել արտաքին վարկերից կախվածությունը։ Սակայն այս բարեփոխումներն իրականացնելը մեծ ռիսկ է։ Խնայողական (austerity) քաղաքականության անցնելը, ինչը կնշանակի բարձրացնել հարկերը և կրճատել հանրային ծառայությունները, ավանդաբար սպառնալիքներ են առաջացրել Մալդիվներում, և Մուիզուի կառավարությունը կարող է առերեսվել նշանակալի դիմադրության այդ փոփոխությունների պարագայում։

Մեծ հարց է նաև, թե արդյոք Մալդիվները կդիմեն Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) օգնության համար: Թեև կառավարությունը մինչ այժմ խուսափել է այս քայլից՝ վկայակոչելով իր ֆինանսական դժվարությունների ժամանակավոր բնույթը, շատ փորձագետներ կարծում են, որ ԱՄՀ-ին դիմելը կարող է անխուսափելի լինել, եթե պարտքային ճգնաժամը խորանա: Այնուամենայնիվ, ԱՄՀ-ի օգնությունը կուղեկցվի խիստ պայմաններով, այդ թվում՝ հետագա խնայողական միջոցառումներով, որոնք կարող են սրել սոցիալական դժվարությունները և կարճաժամկետ հեռանկարում աշխատել ի վնաս տնտեսության:

Մալդիվները, թերևս չունենալով երկարաժամկետ լուծման տարբերակներ, կշարունակեն մեծապես կախված լինել Հնդկաստանից և Չինաստանից ֆինանսական աջակցության համար: Բայց այս կախվածությունը նշանակում է, որ տարածաշրջանային երկու տերություններն ամենայն հավանականությամբ կօգտագործեն իրենց ֆինանսական լծակները կղզիապետությունում ավելի մեծ քաղաքական ազդեցություն ունենալու համար:

Հնդկաստանը կարող է ձգտել իր ֆինանսական աջակցությունն օգտագործել որպես տարածաշրջանում իր ռազմավարական շահերը վերահաստատելու միջոց, մինչդեռ Չինաստանը կարող է տնտեսական ներդրումներն օգտագործել երկարաժամկետ վերահսկողություն ապահովելու հիմնական ենթակառուցվածքային նախագծերի վրա:

Վտանգն այն է, որ սա կարող է խաթարել Մալդիվների ինքնիշխանությունը։ Թեև Հնդկաստանի և Չինաստանի ֆինանսական աջակցությունը կարող է օգնել Մալդիվներին խուսափելու վերահաս դեֆոլտից, այն վտանգավոր է երկիրը երկու տերությունների միջև ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցության մեջ ներքաշելու և այդպիսով նրա անվտանգությունը խաթարելու առումով: Աշխարհաքաղաքական այս հարափոփոխ միջավայրում Մուիզուին անհրաժեշտ կլինի դիվանագիտական և տնտեսական նուրբ հավասարակշռություն պահպանել:

Դաս մյուս փոքր պետությունների համար

Մալդիվների պարտքային ճգնաժամը նախազգուշական պատմություն է փոքր երկրների համար, որոնք մեծապես ապավինում են արտաքին վարկերին և առանձին ոլորտների, ինչպիսին է զբոսաշրջությունը: Առանց տնտեսության դիվերսիֆիկացիայի և պարտքի վերակառուցման երկարաժամկետ ծրագրի՝ երկիրը խոցելի կմնա ֆինանսական անկայունության և արտաքին ցնցումների նկատմամբ։

Մալդիվների նախագահ Մուիզուի՝ ֆինանսական  օգնության նպատակով Հնդկաստանի հետ կապերի բարելավման վերջին քայլը ընդամենը ժամանակավոր լուծում է, քանի որ այն չի փոխարինում ավելի լայն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են տնտեսությունը կայունացնելու համար:

Այս բարեփոխումների քաղաքական արժեքը կարող է էական լինել, իսկ այլընտրանքը շարունակական կախվածությունն է արտաքին վարկերից և պարտքի ավելացումը, ինչը շատ ավելի վտանգավոր է: Ավելի խոր ճգնաժամը կանխելու համար Մալդիվները պետք է կոշտ, բայց անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնեն, կառուցեն իրենց արտաքին պահուստները և նոր ոլորտներ ուսումնասիրեն տնտեսական աճի համար:

Մուիզուն պետք է իմանա, որ իր երկրի պատմության այս կարևորագույն փուլում անհրաժեշտ են համարձակ գործողություններ, և որ ժամանակն է վճռական գործողություններ ձեռնարկելու՝ ապահովելու երկրի ֆինանսական ապագան կամ ընկղմվելու ավելի խոր աշխարհաքաղաքական հոսանքների մեջ:

Տարածաշրջանը, որտեղ խորանում է մրցակցությունը Հնդկաստանի և Չինաստանի միջև, Մալդիվների հաջորդ քայլերը կարող են նախադեպ դառնալ, թե ինչպես են փոքր և պարտքային բեռով երկրները նուրբ հավասարակշռություն պահպանում տնտեսական անհրաժեշտության և քաղաքական անկախության միջև:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում