Հեռահաղորդակցային ծառայությունների միջազգային Vimpelcom օպերատորը բիզնեսի օպտիմալացման ծրագրի շրջանակում մտադիր է վաճառել ակտիվների մի մասը Ասիայում և Աֆրիկայում՝ կենտրոնանալով զարգացող շուկաների ուղղությամբ։ Բանակցություններ են ընթանում պոտենցիալ գնորդների հետ Բուրունդիում և Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում։ Սեփականության և արտոնագրերի հետ կապված խնդիրները կարգավորելուց հետո ընկերությունը վաճառելու է նաև Զիմբաբվեի ստորաբաժանումը:
Ըստ բրիտանական Financial Times պարբերականի՝ երեք ընկերությունները գնահատվում են մոտ $60 մլն, տարեկան $94 մլն հասույթով՝ 2,8 մլն բաժանորդների առկայության պայմաններում: VimpelCom-ը մտադիր է այսուհետ կենտրոնանալ զարգացող շուկաների՝ Ռուսասատանի և Իտալիայի ուղղությամբ, որոնց բաժին է ընկնում ընկերության բիզնեսի 70%-ը:
Բացի այդ՝ VimpelCom-ը պատրաստվում է վաճառել բիզնեսը Կամբոջայում, որտեղ բաժանորդների թիվը մոտ 1 մլն է, ինչպես նաև Լաոսում (400 հազ. բաժանորդ): 2011թ. այս երկու ստորաբաժանումների հասույթը կազմել է $69 մլն:
Մի շարք խոշոր, այդ թվում՝ անցած տարվա ապրիլին իտալական Wind Telecom-ի ձեռքբերման $6 մլրդ գործարքից հետո VimpelCom-ը խոշոր բիզնես միավորներ է ստեղծել ամբողջ աշխարհում: Ներկայում ընկերությունը որոշել է կենտրոնանալ հիմնական գործունեությունից ստացվող եկամուտների ավելացման և պարտքի կրճատման ուղղությամբ։
Ըստ Financial Times-ի՝ VimpelCom-ը մտադիր է պահպանել նոր ստորաբաժանումները հեռանկարային շուկաներում, ինչպես օրինակ՝ Ալժիրում, Պակիստանում և Բանգլադեշում:
Civilnet











