Հնդկաստանի առևտուրը տարածաշրջանային խմբերի հետ մեծ թափ է հավաքում

Հնդկաստանը հետհամավարակային տարիներին աշխարհի ութ շրջանների և տարածաշրջանային խմբերի հետ առևտրի ավելցուկ ունի, մինչդեռ նախահամավարակի տարիներին ավելցուկ եղել է միայն վեց և տարածաշրջանային խմբերի հետ: Թվերը վերլուծել է Timeskuwait.com-ը։
Հնդկաստանի արտահանման ցուցանիշները հաստատուն աճել են հետհամավարակային տարիներին, քանի որ երկրի արտահանումը ամեն տարի նոր բարձր ցուցանիշներ է գրանցում. 2020-21 թթ. արտահանումը կազմել է 497 մլրդ դոլար, 2021-22 թթ.՝ 676 մլրդ դոլար, 2022-23 թթ.՝ 776 մլրդ դոլար, իսկ 2023-24 թթ.՝ 778 մլրդ դոլար։
Հետհամավարակային տարիներին Հնդկաստանը արտահանման էական աճ է գրանցել 19 շրջաններից 17-ում և տարածաշրջանային խմբերում։ Այսպես, Հնդկաստանի առևտրային հաշվեկշիռն ավելցուկով է եղել ութ տարածաշրջանների և տարածաշրջանային խմբերի հետ, այդ թվում՝ Հյուսիսային Ամերիկայի, Հարավային Ասիայի, ԵՄ երկրների և եվրոպական այլ երկրների, Արևելյան Աֆրիկայի, Հյուսիսային Աֆրիկայի և Կենտրոնական Աֆրիկայի:
Ուշագրավ է, որ եվրոպական երկրների և Կենտրոնական Ասիայի երկրների հետ առևտրային բացասական սալդոն վերածվել է դրականի՝ հետհամավարակային տարիներին, ինչը վկայում է արտահանման հանգույց դառնալու Հնդկաստանի ներուժի մասին: Հնդկաստանի առևտրային հավելուրդը աճել է նաև Հյուսիսային Ամերիկայի, եվրոպական այլ երկրների, Հարավային Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Աֆրիկայի հետ:
Նյու Դելիի նախաձեռնած կառուցվածքային քայլերը, այդ թվում՝ լոգիստիկայի բարելավումը, արտահանման ենթակառուցվածքներում ներդրումները, անուղղակի հարկային ռեժիմի պարզեցումը, մեկ պատուհանի ընթացակարգը, մարդկային գործոնի նվազեցումը զգալիորեն հեշտացրել են արտահանումը։
Հարավային Աֆրիկայի մաքսային միության (SACU) երկրների հետ Հնդկաստանի նախահամավարակային արտահանումը 5%-ից աճել է մինչև 32% հետհամավարակային տարիներին՝ Նամիբիայի և Հարաաֆրիկյան Հանրապետության հետ արտահանման մեծ աճի շնորհիվ: Իսկ արտահանումը Արևելյան Աֆրիկա աճել է 27%-ով՝ Սեյշելյան կղզիներ և Տանզանիա արտահանումների ավելացման հաշվին։ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջան Հնդկաստանի արտահանումն աճել է 8%-ից մինչև 17%, իսկ Արևմտյան Աֆրիկա՝ 13%-ից մինչև 16%:
Հնդկաստանի արտահանման աճի օրինաչափությունները նախահամավարակային (2018-2020 թթ.) և հետհամավարակային (2022-2024 թթ.) տարիներին.
Հնդկաստանի արտահանումը Արևմտյան Ասիա` Ծոցի համագործակցության երկրներ, ևս էապես աճել է՝ համավարակի բացասական -1%-ից գրանցելով երկնիշ աճ՝ 28% հետհամավարակային տարիներին՝ հիմնականում Քուվեյթ, Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանման մեծ աճի պատճառով: Հետհամավարակային տարիներին Արևելյան Ասիայի և Օվկիանիայի երկրներ արտահանման աճի տեմպը հասել է 30%-ի՝ համավարակից առաջ եղած 2%-ի փոխարեն։ Սա պայմանավորված է դեպի Ավստրալիա արտահանման ավելի քան 100% աճով:
Արտահանումը Արևմտյան Ասիայի այլ երկրներ աճել է նախահամավարակի տարիների միջին 11% աճից մինչև 22% հետհամավարակային տարիներին: Արտահանումը դեպի ԱՍԵԱՆ-ի երկրներ աճել է՝ տարեկան 1% միջինից մինչև 11% հետհամավարակային տարիներին։ Դեպի Հարավային Ասիա արտահանումը համապատասխանաբար աճել է միջին 6%-ից մինչև 9% հետհամավարակային տարիներին։
Հնդկաստանի արտահանումը Հյուսիսային Ամերիկա նախահամավարակային միջին 8% աճից հասել է 16%-ի հետհամավարակային տարիներին, իսկ արտահանումը Լատինական Ամերիկա՝ 12%-ից մինչև 16%:
Դեպի այլ եվրոպական երկրներ արտահանումն աճել է միջինը 2%-ից մինչև 22%, իսկ դեպի ԵՄ արտահանման նախահամավարակային 5% աճի տեմպը հասել է 25%-ի։
Հնդկաստանն իր արտահանումը խթանելու համար 2023-ի մարտին գործարկել է հատուկ մարմին՝ Foreign Trade Policy (FTP)։ FTP-ն նպատակ ունի բավարարել զարգացող առևտրի հնարավորությունը՝ օգտվելով Հնդկաստանի դաշնային համակարգից: FTP-ն կենտրոնանում է հինգ հիմնական ուղղությունների վրա՝ արտահանման տևողություն, դինամիզմ, ապակենտրոնացում, աշխարհագրական ուղղությունների խթանում և աղետներից պաշտպանվածություն՝ նպատակ ունենալով արտահանողների համար նպաստավոր էկոհամակարգ ստեղծել:
FTP-ի նպատակն է հավաքականորեն բարձրացնել Հնդկաստանի մրցունակությունը համաշխարհային շուկաներում՝ նպաստելով, որ յուրաքանչյուր պետություն կարողանա ինտեգրվել համաշխարհային առևտրին, ինչը համահունչ է Հնդկաստանի՝ «Աթմանիրբհա» (ինքնաբավ) դառնալու տեսլականին:
Թեմա
Civilnet










