Գլխավոր Լրահոս

Նոր Կալեդոնիան չեղյալ է հայտարարել Ադրբեջանի հետ համագործակցության պայմանագիրը

Նոր Կալեդոնիան չեղյալ է հայտարարել Ադրբեջանի հետ համագործակցության պայմանագիրը

Այթան Ֆարհադովա, OC Media

Նոր Կալեդոնիայի Կոնգրեսի նորընտիր նախագահ Վեյլմա Ֆալաեոն պաշտոնապես հայտարարել է, որ Ադրբեջանի հետ համագործակցության համաձայնագիրն այլևս «վավեր չէ»։  

Հոկտեմբերի 14-ին տեղական լրատվամիջոցների հետ զրույցում Ֆալաեոն հայտարարել է, որ չեղյալ է համարել ապրիլի 18-ին Բաքվում Նոր Կալեդոնիայի անկախության կողմնակից «Կալեդոնիական միություն» կուսակցության կոնգրեսական Օմայրա Նեյսելինի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև ստորագրված հուշագիրը:

Նոր Կալեդոնիան ֆրանսիական տարածք է Խաղաղ օվկիանոսի հարավում։

Ի հավելումն երկու կառույցների միջև որպես հետագա համագործակցության միջոց, փաստաթղթում նաև ասվում էր, որ Ադրբեջանը կաջակցի Նոր Կալեդոնիայի ազատագրմանը ֆրանսիական գաղութատիրությունից:

Ըստ Ֆալաեոյի՝ այս համաձայնագիրը պետք է դիտարկել որպես արտաքին միջամտություն Նոր Կալեդոնիայի ներքին գործերին։

Նոր Կալեդոնիայի Կոնգրեսի նախկին նախագահ Ռոխ Վամիտանը տեղական լրատվամիջոցներին ասել է, որ «ի գիտություն է ընդունել» փաստաթղթի անվավեր ճանաչումը, սակայն նշել է, թե ափսոսում է, որ Նոր Կալեդոնիայի «արմատական աջակողմյան» կուսակցություններն օգտագործում են հնարավոր բոլոր առիթները՝ թույլ չտալու, որ այլ երկրներն աջակցեն տարածքի անկախության պայքարին։

Հոկտեմբերի 19-ին ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ջամիլ Հասանլին քննադատել է ադրբեջանական կառավարության ներգրավվածությունը Նոր Կալեդոնիայում՝ նշելով, որ համաձայնագրի ստորագրումն ի սկզբանե վատ մտածված քայլ էր:

«Անհեթեթ է, որ կենսամակարդակի ցուցանիշներով 93-րդ տեղը զբաղեցնող երկիրը փորձում է օգնել աշխարհում 33-րդ տեղը զբաղեցնող տարածքին»,- գրել է Հասանլին՝ ընդգծելով Ադրբեջանի (6800 դոլար) և Նոր Կալեդոնիայի (38,000 դոլար) մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի միջև եղած անհավասարությունը:

«Սկզբունքորեն, հասկանալի կլիներ, եթե Նոր Կալեդոնիան, որը ՀՆԱ-ով ավելի քան վեց անգամ ավելի հարուստ է, քան Ադրբեջանը, որոշեր ազատել Ադրբեջանն Ալիևների ընտանիքի գաղութատիրությունից և ռուսական վասալությունից»,- հավելել է նա։

Հասանլին նաև ընդգծել է, որ Նոր Կալեդոնիային աջակցելու նպատակով գումար ծախսելը կարող է «ծանր հետևանքներ» ունենալ Ադրբեջանի համար։

«Վրաստանի և Հայաստանի համեմատ ցածր աշխատավարձ և կենսաթոշակ ստացող Ադրբեջանի ժողովրդին այս գումարի ամեն մի լուման է պետք, իսկ 18 տարի երեխայի նպաստ ստանալու հնարավորություն չունեցող ադրբեջանցի երեխաներին այս գումարի ամեն մի մանաթն է պետք»,- ասել է նա։

Նոր Կալեդոնիայի Կոնգրեսի նախագահ Վեյլմա Ֆալաեոն, լուսանկարը՝ La Première-ի։

Պրոքսի մարտադաշտ Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև

Ըստ ներկայումս բանտարկված ակադեմիկոս Բահրուզ Սամադովի՝ Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանն ավելի ու ավելի շատ է հակագաղութատիրական դիրքորոշում որդեգրում: Այդ ժամանակից ի վեր նրա հիմնական թիրախը եղել է Ֆրանսիան թե՛ այն պատճառով, որ այս երկիրը բացահայտ քննադատել է «Բաքվին՝ հակամարտության կառավարման հարցում ավտորիտար ռազմավարություն կիրառելու համար, ինչպիսիք են Լաչինի միջանցքի շրջափակումը և 2023-ի սեպտեմբերի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, և թե՛ այն պատճառով, որ Ֆրանսիան մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանին»։

«Այն փաստը, որ Ադրբեջանը թիրախավորում է միայն Ֆրանսիայի գաղութատիրական պատմությունը՝ մի կողմ թողնելով, օրինակ, Մեծ Բրիտանիան, չխոսելով Թուրքիայի մասին, այս դեպքը դարձնում է «հակագաղութատիրության» ընտրովի, որպես գործիք օգտագործելու տիպիկ օրինակ՝ աջակողմյան քաղաքական նպատակներ հետապնդելու համար»,- 2023-ին գրել է Սամադովը։

Ավելի վաղ՝ մայիսին, Նոր Կալեդոնիայում մի շարք անկարգություններ էին տեղի ունեցել, որոնց արդյունքում առնվազն 13 զոհ էր եղել և պատճառվել էր ավելի քան 1 միլիարդ դոլարի վնաս: Այն ժամանակ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը պնդում էր, որ Ադրբեջանն ակտիվորեն աջակցել է բռնություններին։

Անկարգություններից հետո ձերբակալվել էին Բաքվի նախաձեռնող խմբի հետ առնչվող 11 ակտիվիստներ։ Ադրբեջանի պետական ​​«Ազերթաջ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի նախաձեռնող խումբը 14 քաղաքական շարժումներից մեկն է, որոնք Ֆրանսիայի գաղութներում, այդ թվում՝ Նոր Կալեդոնիայում, պայքարում են հանուն անկախության։

Երկուշաբթի Բաքվի նախաձեռնող խմբի գործադիր տնօրեն Աբբաս Աբբասովը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում, որին մասնակցել են նաև պատվիրակություններ Նոր Կալեդոնիայից։

Իր ելույթի ժամանակ Աբբասովը պնդել է, որ 2021-ին Նոր Կալեդոնիայում անցկացված անկախության հանրաքվեն, երրորդ և վերջին նման հանրաքվեն, որը պետք է անցկացվեր Նումեայի համաձայնագրով, «անօրինական» է (այս համաձայնագրով 1988-ին Ֆրանսիայի Հանրապետության Նոր Կալեդոնիային և նրա բնիկ բնակչությանը՝ կանակներին, խոստացել է ավելի մեծ քաղաքական իշխանություն տալ)։

«Նոր Կալեդոնիայում 2021-ի անկախության հանրաքվեի ժամանակ ընտրողների մասնակցության ցածր ցուցանիշ գրանցվեց, քանի որ կանակ ժողովուրդը բոյկոտեց քվեարկությունը այն բանից հետո, երբ Ֆրանսիան հրաժարվեց հետաձգել քվեարկությունը՝ չնայած համաճարակին: Կանակ ժողովուրդն այդ արդյունքները համարում է ոչ լեգիտիմ, իսկ նրանց ինքնորոշման իրավունքը՝ խաթարված»,- ասել է Աբբասովը։

Աբբասովը դրան հաջորդած անկարգությունների և բողոքի ակցիաների համար մեղադրել է Ֆրանսիային, որն «ընտրազանգվածն ընդլայնելու նպատակով ձգտել է սահմանադրական փոփոխություններ կատարել»:

OC Media-ն Բաքվի նախաձեռնող խմբից մեկնաբանություն է խնդրել, սակայն պատասխան չի ստացել։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում