Գլխավոր Լրահոս

Գագիկ Սուրենյանը՝ կեղծ էջերի «սիրելի հերոս»

Գագիկ Սուրենյանը՝ կեղծ էջերի «սիրելի հերոս»

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Եղանակի վերաբերյալ լուրերը մշտապես մեծ տարածում են ունենում հանրության շրջանում։ Հաշվի առնելով մեծ հետաքրքրությունը՝ սոցցանցերի տարբեր էջեր պարբերաբար կեղծ գրառումներ են տարածում եղանակային կտրուկ փոփոխությունների վերաբերյալ՝ դիտումներ ապահովելու և դրա հաշվին գովազդից գումար աշխատելու համար։

Կեղծ գրառումներ՝ փոթորիկի մասին

Ֆեյսբուքում 133,000 հետևորդ ունեցող «Օրվա լուրեր», 149,000 հետևորդ ունեցող «Երկիր հայրենի», 141,000 հետևորդ ունեցող Armenia Cool և մեծ լսարան ունեցող ֆեյսբուքյան այլ էջեր հոկտեմբերի 24-ին «Ժողովուրդ ջան, վաղը 20:00 լուսամուտները փակեք․ ՀՀ-ում նման բան պատկերացնելն ուղղակի անհնար է» վերտառությամբ գրառումներ են տարածում։ Դրանք ունեն տասնյակ մեկնաբանություններ և մի քանի հարյուր տարածում (share)։

Էկրանապատկերը՝ կեղծ գրառումները տարածող ֆեյսբուքյան էջերից։

Գրառումը տարածվում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի լուսանկարով՝ վստահություն շահելու և տպավորություն ստեղծելու, թե հեղինակը Սուրենյանն է։ 

Գրառմանը կցված հոդվածում նշված է. «20:00-ից սկսած մեր երկրի տարածքում կլինի անձրևախառը փոթորիկ, որը կարող է մեծ վնաս հասցնել, եթե նախապես չպատրաստվենք»։ 

Ավելին, 155,000 հետևորդ ունեցող «Լուսին» ֆեյսբուքյան էջը, տարածելով Սուրենյանի լուսանկարով նույնաբովանդակ գրառումը, ավելացրել է. «Ժողովուրդ ջան, հիշո՞ւմ եք՝ ինչ եմ ասել՝ այսօր անպայման 20:00 տների ամբողջ լուսամուտները փակեք…»։

Գագիկ Սուրենյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում և որևէ այլ աղբյուրում նման հայտարարություն չկա։ 

Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» կայքի՝ առաջիկա հինգ օրերին փոթորիկ չի սպասվում։ Չնայած, որ ֆեյսբուքյան էջերով և դրան կցված կայքում հորդորում են ժամը 20։00-ից փակել լուսամուտներն ու նախապես պատրաստ լինել փոթորիկին, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» կայքում նշված է, որ հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Էկրանապատկերը՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի կայքից

Օրեր առաջ դարձյալ Գագիկ Սուրենյանի լուսանկարով տարածվում էին գրառումներ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման վերաբերյալ, ինչին #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է։

Այսպիսով, ֆեյսբուքյան էջերը տարածում են եղանակի մասին տեղեկություններ, որոնք կեղծ են և նպատակ ունեն ապակողոմնորոշել օգտատերերին և դիտումներ ապահովել։  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում