Չինաստանը գլոբալ դեմպինգային քաղաքականություն է վարում․ ինչպես է աշխարհը հակադարձում

Չինաստանի գերարտադրության իրողությունը վերածվել է համաշխարհային տնտեսական խնդրի, որն ազդում է Արևմուտքի, ինչպես նաև գլոբալ հարավի տնտեսությունների վրա: Ագրեսիվ արտահանման և գիշատիչ դեմպինգի տնտեսական ռազմավարությունները զգալիորեն վնասում են արդյունաբերության բազմաթիվ ճյուղերի, այդ թվում՝ դեղագործությանը, էլեկտրամեքենաների, արևային սարքավորումների, թղթի, կաուչուկի արտադրությանը և անգամ ծանր արդյունաբերությանը, ինչպիսիք են պողպատի և քիմիական նյութերի արտադրությունը:
Պեկինի ագրեսիվ արտաքին ռազմավարության հիմնական պատճառը գալիս է նրա ներքին տնտեսությունից։ Գործազրկության աճի, անշարժ գույքի ոլորտում չափից ավելի ներդրումների, գերհագեցած ու թերշահագործվող ենթակառուցվածքների պատճառով ներքին պահանջարկի նվազումը ներկայիս տնտեսական պայմանների հիմնական մեղավորներն են: Այնուամենայնիվ, Չինաստանը ուղիներ է որոնում իր ներքին տնտեսական խնդիրները դուրս բերելու արտաքին աշխարհ՝ դեմպինգային գլոբալ գործունեության միջոցով: Թեև Պեկինը վաղուց է հայտնի եղել իր դեմպինգով, մի երևույթ, որը 2000-ականներին կոչում էին «Չինական շոկ», երբ Չինաստանն իր ապրանքներով՝ տեքստիլով ու էժան էլեկտրոնիկայով, հեղեղել էր միջազգային շուկաները, այժմ այն կոչվում է «Չինական շոկ 2», քանի որ հիմա էլ Չինաստանը միջազգային շուկաները հեղեղում է էժան բարձր տեխնոլոգիական արտադրանքով, ինչպիսիք են արևային մարտկոցները և էլեկտրամեքենաները:
Տեղի է ունենում այն, ինչ կարելի է համարել երևակվող գլոբալ կոլեկտիվ գործողությունների վաղ փուլն ընդդեմ միջազգային ազատ առևտուրը չարաշահողների: Գլոբալ արձագանքը, լինի հակադեմպինգային մաքսատուրքերի, թե ամբողջական արգելքների միջոցով, և՛ արդյունավետ, և՛ խորհրդանշական դիմադրություն է Պեկինի անարդար առևտրային գործելաոճին: Խորհրդանշականորեն այն պատգամ է, որ որևէ տնտեսություն, որքան էլ մեծ լինի, չպետք է փորձի իր ներքին տնտեսական խնդիրները դուրս բերել արտաքին՝ խիստ փոխկապակցված համաշխարհային տնտեսություն:
Նախկինում Հնդկաստանը միջոցներ է ձեռնարկել՝ արգելելով չինական էժանագին անվադողերի դեմպինգը։ Վերջերս հնդկական շուկայում նկատվում է չինական էժան ներկրումների աճ, ինչը մտահոգություններ է առաջացնում հնդկական ձեռնարկությունների և արտադրողների շրջանում: Սա պահանջում է Հնդկաստանի կողմից ավելի խիստ գործողություններ: 2024-ի հուլիսին Հնդկաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել չինական հիդրավլիկ ժայռափորիչների, էլեկտրոլիտիկ թիթեղների և տելեսկոպիկ գզրոցների ներմուծման վրա։ Կրկին, 2024-ի հոկտեմբերին Հնդկաստանը հետաքննություն սկսեց չինական վեց արտադրանքի, այդ թվում՝ երեք տեսակի քիմիական նյութերի, սև տոնային քարթրիջների և էլեկտրատեխնիկական պողպատի դեմպինգի վերաբերյալ, քանի որ մի քանի ընկերություններ դիմումներ էին ներկայացրել դեմպինգային գործողղությունների վերաբերյալ։
Նմանապես, ԵՄ-ն միջոցներ է ձեռնարկել՝ արգելելու չինացիների կողմից իրենց շուկաներ բերվող արևային մարտկոցները և էլեկտրամեքենաները: Հետաքրքիր է, որ չինական արտահանման ավելցուկը լուրջ արձագանք է ստանում նաև գլոբալ հարավից: Բացի Հնդկաստանից, Չինաստանի նկատմամբ հակադեմպինգային միջոցներ են կիրառել Թաիլանդը, Մեքսիկան, Բրազիլիան և Չիլին։
Չինական դեմպինգային քաղաքականությանը դիմակայելու համար տարբեր երկրների կողմից կարևոր միջոց կարող է լինել ներքին կարողությունների զարգացումն ու Պեկինից կախվածության նվազեցումը: Օրինակ, Հնդկաստանի՝ արտադրության խրախուսման սխեման (production-linked incentive) 2020-ից ի վեր էապես աճել է՝ հավաքելով ավելի քան 17 մլրդ դոլար ներդրումներ: Այս սխեմաները հանգեցրել են էլեկտրոնիկայի, դեղագործության, տեքստիլի և խոհանոցային տեխնիկայի արտադրության զգալի աճի: Չինաստանից բջջային սարքերի ներմուծումը նվազեցնելուց հետո Հնդկաստանը ձգտում է ստեղծել նոութբուքերի սեփական արտադրական հզորությունները՝ նվազեցնելու կախվածությունը չինական ներմուծումից և խթանելով iPhone-ի նման խոշոր ապրանքանիշերի արտադրությունը: Նմանապես, կաշվի, կերամիկական արտադրանքի, խաղալիքների և երաժշտական գործիքների ներմուծումը Չինաստանից տասնամյակի ընթացքում զգալիորեն նվազել է: Սա կարևոր զարգացում է՝ աստիճանաբար նվազեցնելու կախվածությունը Պեկինից, պաշտպանելու և խթանելու ներքին ՓՄՁ-ներին և ազդանշան ուղարկելու տեղական և միջազգային ընկերություններին, որ Հնդկաստանը չի հանդուրժի Պեկինի առևտրային ճնշումները:
Չինաստանի առևտրային սխալները պարզապես կարճաժամկետ լուծում չեն՝ մեղմելու իր տնտեսության մեջ ավելցուկային ներքին արտադրության խնդիրը։ Դրանք հաճախ լավ մտածված ռազմավարություններ են, որոնք տանում են գիշատիչ վարքագծի: Օրինակ, երբ Չինաստանը հեղեղեց հնդկական շուկան Penicilin-G կենսական դեղամիջոցով, գործնականում վերացրեց Հնդկաստանում այդ դեղամիջոցի ներքին արտադրությունը: Իսկ երբ Հնդկաստանը զրկվեց այդ դեղն արտադրելու հնարավորությունից, Չինաստանը բարձրացրեց դրա գները:
Այժմ, Հնդկաստանը, դասեր քաղելով, ներդրումներ է անում արտադրության խրախուսման սխեմաների միջոցով վերակենդանացնելու Penicilin-G-ի արտադրությունը: Պեկինի այդօրինակ մարտավարությունը թիրախավորում է մրցակիցների կարևորագույն արդյունաբերությունները և հատկապես այն ճյուղերը, որոնք սպառնում են չինական հեգեմոնիային որոշակի ոլորտներում: Սա արտացոլվում է նաև Եվրոպայում պողպատի և էլեկտրամեքենաների դեմպինգի առումով, ինչը լուրջ դժվարություններ է առաջացրել ԵՄ համապատասխան շուկաներում:
Հաշվի առնելով Արևմուտքի երկրներում Չինաստանի նկատմամբ աճող մտահոգությունը՝ Հնդկաստանը և գլոբալ հարավի այլ երկրներ դարձել են իրենց «Չինաստան պլյուս մեկ» (China Plus One) ռազմավարության կարևոր ուղղություն: Այս ռազմավարության նպատակն է արտադրական և մատակարարման շղթաների դիվերսիֆիկացիան՝ ներգրավելով ևս մեկ երկրի, քան Չինաստանն է:
Չինաստանի դեմ Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից ձեռնարկվող խիստ հակադեմպինգային միջոցների պայմաններում մտավախություն կա, որ գլոբալ հարավն ավելի խոցելի կդառնա չինական դեմպինգի նկատմամբ: Արդյունքում, շատ տնտեսություններ, այդ թվում՝ Հնդկաստանը, ուշադիր հետևում են իրենց ներմուծման զամբյուղին՝ ներքին շուկաները պաշտպանելու համար:
Ազատ առևտրի դարաշրջանը, որտեղ, միջազգային տնտեսագիտության նախնական դասերի համաձայն, ավելի շատ շահում էին, քան պարտվում, լուրջ սպառնալիքի տակ է։ Չինաստանը խաղի կանոններից շեղվելու դասական օրինակ է։ Նույնիսկ այն տնտեսությունները, որոնք ազատ առևտրի դրոշակակիր են և դրանից օգուտ են քաղել, ինչպես Թաիլանդը, ստիպված են պաշտպանողական միջոցներ ձեռնարկել Չինաստանի դեմ՝ պաշտպանելու իրենց արդյունաբերությունն ու աշխատաշուկան: Հնդկաստանը, որն ըստ կանխատեսումների՝ մի քանի տարի անց կդառնա աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկը, առաջնորդում է Չինաստանի դեմ պայքարը և ուժեղ դիմադրություն է ցույց տալիս նրա առևտրային գործելաոճին: Ազատ առևտուրը լավ է աշխատում միայն այն դեպքում, երբ խաղացողները պահպանում են կանոնները և արդար են: Եթե մեկը շեղվում է, ապա դա բևեռացնում է կորուստները միայն մեկ կողմի վրա և հանգեցնում անարդյունավետ և ոչ օպտիմալ արդյունքների:
Աղբյուրը՝ The Hong Kong Post
Թեմա
Civilnet










