Հնդկաստանը վերածվում է գլոբալ արտադրական կենտրոնի

Make in India նախաձեռնությունը, որը մեկնարկել է 2014-ին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կողմից, վերջին տասնամյակում դարձել է այդ երկրի արդյունաբերական զարգացման հիմնաքարը: Այն նպատակ ունի Հնդկաստանը վերածել համաշխարհային արտադրական կենտրոնի՝ ներգրավելով օտարերկրյա ներդրումներ, խթանելով նորարարությունը և ստեղծելով միլիոնավոր աշխատատեղեր: Տասը տարի անց նշանակալից արդյունքներ են գրանցվել՝ Հնդկաստանը դարձել է բջջային հեռախոսների երկրորդ խոշորագույն արտադրողը աշխարհում, իսկ արտադրական ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում էապես աճել է:
Նարենդրա Մոդին Make in India (Արտադրել Հնդկաստանում) մասշտաբային նախագիծը ներկայացրեց 2014-ի սեպտեմբերին, և այդ ժամանակից ի վեր այն եղել է տնտեսական առաջընթացի ռազմավարություն, որը փոխել է և՛ աշխարհի վերաբերմունքը Հնդկաստանի նկատմամբ, և՛ նրա տնտեսությունը: Մոդիի նպատակն էր Հնդկաստանը դարձնել աշխարհի առաջատար արտադրական կենտրոն, ներգրավել ներդրումներ, խրախուսել նորարարությունը և ստեղծել աշխատատեղեր: Այս ծրագրի շնորհիվ Հնդկաստանի տնտեսության ներուժն արագ աճել է՝ մեծապես նպաստելով տեղական արդյունաբերությանը և բարձրացնելով երկրի ներդրումային գրավչությունը: Թվերը վկայում են հաջողության պատմության մասին: Արտադրական ոլորտը, որը 2014-ին Հնդկաստանի ՀՆԱ-ի 16%-ն էր կազմում, ակնկալվում է, որ 2030-ին կհասնի 25%-ի:
Հնդկաստանի վերելքը որպես գլոբալ արտադրական կենտրոնի արտահայտված է նաև նրա տարածաշրջանների վերափոխմամբ, լինի դա Գուջարաթի GIFT City արդյունաբերական միջանցքը, թե Թամիլ Նադու նահանգի զարգացող կիսահաղորդչային կենտրոնը: Ցայտուն օրինակ է Նոիդայի աճը, որը դարձել է բջջային հեռախոսների արտադրության կենտրոն։ (Նոիդան (Noida - New Okhla Industrial Development Authority) քաղաք է Հնդկաստանում՝ Դելիի արվարձաններից մեկը):
- Բջջային հեռախոսների արտադրական կենտրոնների թիվը 2014-ի ընդամենը 2-ից 2024-ին հասել է ավելի քան 200-ի:
- Արտադրությունը 2014-15 թվականների 60 մլն միավորից աճել է մինչև 3,1 մլրդ միավորի 2022-23 թվականներին:
- Հնդկաստանը զուտ ներմուծողից դարձել է աշխարհում բջջային հեռախոսների երկրորդ խոշորագույն արտադրողը:
Make in India ծրագրի շրջանակում Հնդկաստանը նպատակ է դրել ՀՆԱ-ում արտադրության մասնաբաժինը հասցնել 25 տոկոսի: Տարբեր ոլորտների միջազգային խոշոր ընկերություններ, այդ թվում՝ էլեկտրոնիկայի, տեքստիլի, պաշտպանության և ավտոմեքենաշինության ոլորտների, իրենց արտադրական հզորություններն են հիմնել Հնդկաստանում: Աշխատուժի առավելությունների և գրավիչ պետական խթանների շնորհիվ Foxconn-ը, Samsung-ը, Boeing-ը և Hyundai-ն ընդլայնել են գործունեությունը Հնդկաստանում:
Հիմնական ձեռքբերումները
2000-ի ապրիլից մինչև 2024-ի մարտն ընկած ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈւՆ) ընդհանուր ծավալը կազմել է 991 մլրդ դոլար՝ գերազանցելով նախկին ռեկորդները։ Համեմատության համար՝ վերջին 10 տարիների ընթացքում (2014-ի ապրիլից մինչև 2024-ի մարտ) ստացված ՕՈւՆ-ի ընդհանուր ներհոսքը կազմել է 667 մլրդ դոլար, ինչը վերջին 24 տարիների ՕՈւՆ-ի ընդհանուր ներհոսքի մոտ 67 տոկոսն է և վկայում է օտարերկրյա ներդրողների համար Հնդկաստանի աճող գրավչության մասին:
Աշխատատեղերի ստեղծումը մեկ այլ վերափոխիչ ձեռքբերում է: 2016-23 թվականներին գրանցվել է զբաղվածության մոտ 36 տոկոս աճ՝ 170 միլիոն նոր աշխատատեղի ստեղծմամբ։ Հնդկաստանի տնտեսական ռազմավարությունը վկայում է հիմնական ոլորտներում աշխատատեղերի կայուն աճի մասին:
Ավելի բարենպաստ ներդրումային միջավայր է ստեղծվել նաև կառավարության՝ բիզնեսի վարման պայմանները բարելավելու շնորհիվ: Ապաքրեականացվել է ավելի քան 3,500 և պարզեցվել ավելի քան 40,000 կանոնակարգ, նվազեցվել են քաղաքացիական գործերով հետապնդումները:
Հնդկաստանի նոր արդյունաբերական լանդշաֆտը
Արդյունաբերության ասպարեզում վերափոխումները որոշակի ոլորտներ մրցունակ են դարձրել միջազգային առումով։
ՓՄՁ-ները, որ հաճախ անվանում են Հնդկաստանի տնտեսության հիմնաքարը, հաջողության պատմություններից մեկն է: Միլիոնավոր փոքր և միջին ձեռնարկություններ հզորացել են Udyam կայքի գործարկմամբ, որտեղ 2024-ի հուլիսի դրությամբ 47 մլն գրանցված ընկերություն կար:
Հսկայական առաջընթաց է արձանագրել նաև պաշտպանական արդյունաբերությունը՝ ներմուծումների կախվածությունից անցնելով արտահանման առաջատար ուղղության: Հնդկաստանի պաշտպանական արտահանումը հասել է 2,56 մլրդ դոլարի 2024 ֆինանսական տարում՝ աճելով 32,5 տոկոսով 2023-ի ֆինանսական տարվա 1,93 մլրդ դոլարի համեմատ:
Արտադրության հետ կապված խթանների (PLI, Production Linked Incentive) սխեման, որը դարձել է Հնդկաստանի արդյունաբերական քաղաքականության հենասյունը, Make in India-ի կարևոր բաղադրիչն է: Ակնկալվում է, որ PLI ծրագրի արդյունքում, որի համար հատկացված է 26 մլրդ դոլար 14 կարևոր ոլորտների ուղղությամբ, կստեղծվի 44.3 մլրդ դոլարի արտադրանք մինչև 2025-2026 թվականները: Այս ծրագրի արդյունքում ներգրավվել են խոշոր ներդրումներ, ինչը Հնդկաստանին օգնել է դառնալու գլոբալ արտադրական կենտրոն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էլեկտրոնիկան, ավտոմեքենաշինությունը և դեղագործությունը:
Նորարարություն և տեխնոլոգիա
Make in India-ի շնորհիվ Հնդկաստանն այժմ համարվում է թվային արտադրության առաջատար, քանի որ հնդկական ձեռնարկությունների մեծ մասը 2023-ին ներդրել է Չորրորդ արդյունաբերական հեղափոխության (Industry 4.0) տեխնոլոգիաներ: Ակնկալվում է, որ մինչև 2025-ը Հնդկաստանի արդյունաբերական իրերի ինտերնետի (IoT) ոլորտը նոր ուղիներ կբացի դեպի ավելի խելացի և արդյունավետ արտադրական տեխնոլոգիաներ:
Մի շարք բիզնես հսկաներ սահմանել են արտադրողականությունը բարձրացնելու տեխնոլոգիաների օգտագործման չափանիշներ:
Նորարարություններին նպաստող պետական նախաձեռնություններ
Հնդկաստանի կառավարությունը իրականացրել է մի շարք ծրագրեր՝ խթանելու արտադրական նորարարությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով թվային վերափոխմանը: Digital India ծրագրի շրջանակում երկրում ստեղծվել են Industry 4.0-ի կենտրոններ (C4i4 լաբորատորիաներ), որոնք նպաստում են թվային արտադրության զարգացմանը: Բացի այդ, Արդյունաբերության և ներքին առևտրի խթանման դեպարտամենտը (DPIIT) ակտիվ ֆինանսավորել է արտադրական ուղղվածություն ունեցող սթարթափները՝ Startup India նախաձեռնության շրջանակում խրախուսելով ձեռներեցությունը այս ոլորտում:
Աղբյուրը՝ Make in India: Transforming India into a Global Manufacturing Hub
Թեմա
Civilnet










