«Սենդի» փոթորիկի հետևանքով ԱՄՆ տնտեսության պարապուրդը կարող է օրական մինչև $10 մլրդ արժենալ, հայտարարել է միջազգային վարկանշային Moody's գործակալության ավագ տնտեսագետ Ռայան Սվիտը: Ըստ նրա՝ արտադրության անկման տեմպը հնարավոր կլինի փոխհատուցել առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
ԱՄՆ Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր Պիտեր Մորիչին փոթորիկի պատճառած վնասը $45 մլրդ է գնահատել: Այդուհանդերձ, առանձին ոլորտներում «Սենդին» ունակ է խթանել ՀՆԱ աճը։ Ավերածությունների հետևանքներն անհրաժեշտ կլինի վերացնել, ինչն էլ իր հերթին շինանյութերի վաճառքի ավելացում կբերի։
Moody's-ի հաշվարկների համաձայն՝ «Սենդին» բացասական ազդեցություն կունենա մանրածախ առևտրի, զբաղվածության, ավտոմեքենաների և այն բնակարանների վաճառքի վրա, որոնց շինարարությունն արդեն սկսվել է: Գործակալությունում նշում են, որ ԱՄՆ-ի հյուսիսարևելյան շրջաններին բաժին է ընկնում երկրում ավտոմեքենանների վաճառքների 20%-ը և բնակարանների շինարարության 10%-ը:
Ըստ ամերիկյան Citigroup-ի փորձագետների՝ «Սենդին» նոյեմբերին մանրածախ առևտուրը կրճատի 3%-ով: Չի բացառվում, որ բարձրանան բենզինի գները. փոթորիկի զոհ դարձած նահանգներում է գտնվում նավթավերամշակման 7 գործարան՝ 1,9 մլն բարել նավթ օրական հզորությամբ։ Սա ԱՄՆ-ում նավթամթերքների արտադրության ընդհանուր ծավալի 7%-ն է։
Մինչ այս նշվում էր, որ փոթորիկը երկրի տնտեսության $20 մլրդ-ի վնաս է պատճառել, որի զգալի մասը կփոխհատուցվի նահանգային ու տեղական բյուջեների հաշվին։
Հոկտեմբերի 30-ին ԱՄՆ-ի հյուսիսարևելյան ափեր հասած «Սենդի» փոթորիկի հետևանքով նվազագույնը 13 մարդ զոհվել է ԱՄՆ-ում և Կանադայում։ ԱՄՆ-ի տարածքում առանց էլեկտրականության է մնացել մոտ 3 մլն մարդ։ Նյու Յորքում ուժեղ հեղեղում է, ջրի տակ են հայտնվել քաղաքային մետրոյի թունելները։ Ավելի վաղ «Սենդին» 52 մարդու մահվան պատճառ էր դարձել Հայիթիում։
Civilnet











