Գլխավոր Լրահոս

Տարիների քաղաքական հումորի տխուր վերջնարդյունքը

Տարիների քաղաքական հումորի տխուր վերջնարդյունքը

Կարպիս Փաշոյան

Հայաստանցիների միջավայրում արցախցիների նկատմամբ խտրական, քամահրական և անհանդուրժող վերաբերմունքն ամենևին էլ այսօր կամ երեկ չի ձևավորվել։ Լայն տարածում գտած այս տրամադրությունների սաղմնավորումն ու զարգացումը տեղի է ունեցել աստիճանաբար, տարիների ու տասնամյակների ընթացքում։  

Սա լրջագույն մշակութային և քաղաքական հիմնախնդիր է, որը կարոտ է գիտական մանրազնին հետազոտության։ Այնուամենայնիվ, նախնական դիտարկումները թույլ են տալիս որոշակիորեն հասկանալու խտրական վերաբերմունքի և ատելության պատճառները։ Դրանք կարող են կապված լինել սոցիալական անարդարության, գավառական հայրենասիրության, իշխանությունների և քաղաքական ուժերի քայքայիչ քարոզչության, պատերազմական արհավիրքի պարտադրած սուր բարդույթների, մշակութային բազմազանության չընկալման և տարատեսակ այլ գործոնների հետ։ 

Ամենևին էլ չփորձելով այս սյունակում խնդրին լիարժեք ու համապարփակ գնահատական տալ՝ առաջարկում եմ կենտրոնանալ դրա մի փոքրիկ և դեռ չարժևորված ու չլուսաբանված բաղադրիչի վրա։ Իմ համոզմամբ՝ արցախցու բացասական կերպարի ձևավորմանը մեծապես նպաստել է 2000-2010-ական թթ․ քաղաքական հումորը։ Վստահաբար չի կարելի պնդել, թե հումորն այս գործում առաջնային նշանակություն է ունեցել և պետք չէ նաև կարծել, թե գործ ունենք միտումնավոր, դավադիր քարոզչության հետ։ Չափազանցություններից և դավադրություններից անդին, ընդամենը անհրաժեշտ է արձանագրել, որ հումորային հաղորդումներն ու սիթքոմերը վերարտադրել են արդեն իսկ գոյություն ունեցող կարծրատիպերն ու լեգիտիմացրել դրանք։ Հումորին որևէ կերպ չի կարելի անլուրջ վերաբերվել, հատկապես ժամանակից աշխարհում, երբ դասական քաղաքականության ճգնաժամին զուգընթաց սթենդափը դարձել է հանրային այլընտրանքային հարթակ։ Հումորին պետք չէ նաև բացասական վերաբերվել։ Պլատոնի և Արիստոտելի ընդգծված հակակրանքը ծիծաղի և թեթևմտության վերաբերյալ արդեն վաղուց հաղթահարված է։ Բայց նաև չի կարելի հումորը սահմանափակել անմեղ ժամանցի, խաղի, թեթևանալու, էներգիա բաց թողնելու հոգեբանական պահանջմունքներով։ Սա վստահաբար արխայիկ մոտեցում կլինի, քանի որ ժամանակակից սթենդափ կոմիկները ձեռք են բերել գրեթե նույն կարգավիճակը, ինչ հույն փիլիսոփաներն ու հինկտակարանյան մարգարեները։ Նրանց մոնոլոգները ուղղված են լայն զանգվածներին, նրանք ավելի ազդեցիկ ու հայտնի են, քան քաղաքական շատ գործիչներ ու մտավորականներ։ Իսկ որոշներն էլ նույնիսկ հայտնվել են քաղաքական բարձրագույն օլիմպոսում՝ ճեղքելով ոչ վաղ անցյալի սահմանագծերը։ 

Այս իմաստով հումորը վերջին տասնամյակներին բավական հետաքրքրիր առաքելություն է ստանձնել հետխորհրդային տարածքում։ 1980-ականներից սկսած դուրս շպրտվելով խորհրդային ամբողջատիրությունից և թոթափելով գրաքննության երկաթյա կապանքները՝ հումորն ադապտացվեց պոստմոդեռնի բազմագույն իրականության մեջ։ Այն մի կողմից դարձավ էլ ավելի ազատ ու համարձակ, բայց միևնույն ժամանակ շատ ավելի կոնֆորմիստական ու ռեպրեսիվ։ Ասվածի լավագույն վկայությունը КВН-ն է և դրա հիմքի վրա ստեղծված Comedy Club-ը։ Comedy-ն իր գոյության քսան տարիների ընթացքում բազմիցս քննադատել է Ռուսաստանի իշխանությանն ու նույնիսկ նախագահ Պուտինին։ Օրինակ՝ էպիզոդներից մեկում Դեմիս Կարիբիդիսը բազկաթոռին նստած թերթում է հեռուստացույցի ալիքները՝ հերթով ու կարգով հեգնելով ռուսաստանցի ֆուտբոլիստներին, էստրադային երգչուհիներին և նախագահ Պուտինին։ Նրա պահանջներն առաջին հայացքից լեգիտիմ են։ Նա բողոքում է կյանքի որակից, աղքատությունից, սոցիալական անհավասարությունից, փողոցների փոսերից, քաղաքի անբարեկարգ վիճակից։ Այսինքն՝ այն ամենից, ինչից բողոքում են Ռուսաստանի գրեթե բոլոր քաղաքացիները։ Թվում է, թե սա քաղաքական տեսանկյունից համարձակ հումոր է, բայց ի վերջո գլխավոր հերոսի բարձրացրած հարցերը հայտնվում են փակուղում, քանի որ Comedy Club-ի ուղերձը ամենևին էլ թշվառ կյանքի թիրախավորումն ու դրա պատասխանատուներին ծաղրելը չէ։ Վերջում պարզվում է, որ բուն խնդիրը հենց հեռուստացույցի դիմաց նստած հերոսն է՝ Դժգոհ քաղաքացին, որն ամբողջ օրը պարապ նստած է բազկաթոռին, ոչինչ չի անում, չի ստեղծում ու միայն բողոքում է։ Իսկ նախագահն էլ չի կարող մի կողմ թողնել իր աշխարհաքաղաքական հարցերը, կարևոր հանդիպումները ու զբաղվել գավառական քաղաքի ջրափոսերով։ 

Ահա և վերջ, համարձակ հումորը հայտնվեց փակուղում՝ լեգիտիմացնելով քաղաքացու թշվառ կյանքը և հենց նրան մեղավոր կարգելով իր իսկ թշվառության համար։ Ի դեպ, հենց այդ նույն էպիզոդում ալիքներ թերթող և անխտիր բոլորին քննադատող քաղաքացին հանկարծ լռում է, երբ էկրանին հայտնվում է Ռամզան Կադիրովը։ Հումորային այս հնարքը նույնպես արժանանում է հանդիսատեսի բուռն ծափահարություններին։ Այսինքն, հումորի միջոցով լեգիտիմացվում է Չեչնիայի նախագահի անպատժելի և անձեռմխելի կարգավիճակը։ Այսպիսի օրինակները բազմաթիվ են։ 

Կարելի է նաև առանձին ուշադրության առարկա դարձնել այդ նույն Comedy Club-ի կողմից հայերի, վրացիների և այլ ժողովուրդների թիրախավորումը։ Տարիներ շարունակ նրանք հայերից, վրացիներից, չեչեններից, տաջիկներից կերտել են ագրեսիվ, տոքսիկ, խորովածի ու գինու պաշտամունքով պարփակված, խիստ պահպանողական ու հետադիմական կերպարներ, ինչը շովինիստական փակուղի է։ Փակուղի, որն ուղեկցվում է ծափահարություններով և անզուսպ ծիծաղով։ 

Վերադառնալով նախնական թեմային՝ նշենք, որ հայկական հումորն էլ մեծ հաշվով սերում է КВН-ից։ Այն երբևէ աչքի չի ընկել ստեղծարարությամբ և հնարամտությամբ ու առնվազն կառուցվածքային իմաստով վերաարտադրել է հետխորհրդային տարածքում և հատկապես ռուսական միջավայրում ձևավորված մոդելները։ Բնականաբար, այդ վերարտադրությունը հարմարացվել է հայկական մշակութային միջավայրին, և հենց այս համատեքստում են արցախցիները պարբերաբար թիրախավորվել հումորի միջոցով։ Հայտնի փաստ է, որ 1998-ից հետո Հայաստանը ղեկավարել են ղարաբաղյան ծագման նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Քաղաքական համակարգում և ընդհանրապես հարաբերություններում սա խորը հակադրության պատճառ է դարձել։ Հենց այս համատեքստում է ի հայտ եկել «Ղարաբաղյան կլան» եզրույթը՝ նկատի ունենալով Հայաստանում ազդեցիկ դիրքերի հասած քաղաքական և ռազմական մի քանի տասնյակ գործիչներին, որոնք մասնակից են դարձել բռնությունների, հալածանքների։ 

Իսկ Նիկոլ Փաշինյանը 2008-ի մարտի 1-ի բախումների ժամանակ ատելության խոսքեր էր հնչեցնում՝ կիրառելով «ղարաբաղցի ջարդարար» ձևակերպումը։ Քաղաքական պայքարի և հակադրության մեջ ի հայտ եկած այս գործողություններն ու բառերը բնականաբար չէին կարող անհետևանք մնալ։ Դրանք, անշուշտ, տարածվել ու ընդլայնվել են՝ դառնալով հայաստանցիների մի զգալի մասի քաղաքական մտածողության կարևորագույն հիմքերը։ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և նրանց արքունիքների նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքը վերագրվել է բոլոր ղարաբաղցիներին։ Այսինքն, Մարտակերտում  ապրող հողագործ պարզ մարդը պատասխանատու է կարգվել Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի (Օգանովսկի), Վիտալի Բալասանյանի, Սերժ Սարգսյանի և մյուսների քաղաքական կենսագրության համար։ 

Մարդկանց մոտ տիրապետող է դարձել այն համոզմունքը, թե Հայաստանը կառավարում, իսկ իրենց էլ հալածում ու թալանում է հայաստանցու հետ կապ չունեցող ինչ-որ էթնիկական փոքրամասնություն։ Նրանք իրենց աղքատության և թշվառության պատճառը գտել են հարուստ և անպատժելի ղարաբաղցու քաղաքական միֆի մեջ։ 

Սա իհարկե բարդագույն խնդիր է, որի հաղթահարումն առնվազն քաղաքական զգուշություն և մարդկային նրբանկատություն էր պահանջում։ Հատկապես, որ «Ղարաբաղյան կլան» եզրույթն ամենևին էլ 150,000 արցախցիների մասին չէր, այլ 20-30 ընտանիքների, որոնք ընդամենը սերում էին Արցախից։ 

Բայց հաղթահարման փոխարեն խնդիրը տարիների ընթացքում ավելի է խորացել։ Comedy Club-ից ավանդույթներով ղարաբաղցիներին թիրախավորող նարատիվները տիրապետող դիրքեր էին զբաղեցրել հայկական հումորում։ 2010-ականներին այդ սրամտությունները դիտարկվում էին որպես խիզախություն։ «Կարգին սերիալում», «32 ատամում», «Վիտամինում», «Ֆուլ հաուսում», «Դոմինոյում» և տարատեսակ այլ հումորային հաղորդումներում և սիթքոմերում ղարաբաղցին ներկայացվում էր ամենակարող, անպատժելի, օրենքը շրջանցող իշխող դասակարգ, որից անհրաժեշտ է առնվազն զգուշանալ կամ էլ լավագույն դեպքում ճանապարհը զիջել։ Այսինքն, Հայաստանի քաղաքական հումորը վերարտադրել է ժողովրդական միջավայրում լայն տարածում ունեցող և ղարաբաղցիներին վերագրվող միֆերը՝ լեգիտիմացնելով և ամրապնդելով դրանց ճշմարտացիությունը։ 

Հայկական հումորային հաղորդումներում իսպառ բացակայում էր գյուղացի, շինական կամ էլ ստեփանակերտցի արհեստավոր ղարաբաղցին։ Ընդհակառակը՝ նա անպայման նույնացված էր իշխանության հետ, և հենց այդ նույնացումը նրան դարձնում էր ահասարսուռ, անպատժելի, ազդեցիկ և անհրաժեշտության դեպքում` նաև մարդակուլ։  

Կրկնենք, մենք ամենևին էլ գործ չունենք միտումնավոր քարոզչության հետ։ Ամենևին էլ չեմ պնդում, թե հայ հումորիստներն ու դերասանները արցախցիների նկատմամբ թշնամական վերաբերմունք են ունեցել՝ փորձելով վնասել նրանց։ Խոսքը փակուղային, կոնֆորմիստական հումորի մասին է, որը ձգտելով ազատության և խիզախության, հայտնվել է ինքն իր հյուսած սարդոստայնի մեջ։ 

Իսկ վերջաբանը շատ տխուր է։ Տարիներ սաղմնավորվող հանրային տրամադրությունները և դրանց հիմքի վրա ձևավորած քաղաքական հումորի տրամաբանական վերջնարդյունքը այլ կերպ չէր էլ կարող լինել։ Այդ նույն Նիկոլ Փաշինյանը պետք է բացահայտեր, որ ջարդարար, թալանչի ու ամենակարող ղարաբաղցիները դասալիքներ են ու իրենց միակ նպատակը Հայաստանում իշխանության հասնելն էր։ Իսկ սա արդեն հումոր չէ։ 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում