Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայերին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հոկտեմբերին այցելել են ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Տեսակցությունների ընթացքում գերիների հետ եղել են առանձնազրույցներ, նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ։
***
Ադրբեջանական գերության մեջ է 23 հայ զինծառայող և քաղաքացիական անձ, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձինք են: Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։
23 գերիների թվում են նաև Արցախի 8 ներկա ու նախկին պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։
Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել է, որ հայկական կողմը փաստական տվյալներ ունի 44-օրյա պատերազմից հետո ևս 32 գերիների առկայության մասին, սակայն այս անձանց բռնի անհետացման փաստն Ադրբեջանը հերքում է:
Տեղադրություն
Civilnet










