Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս տարիների համատեղ աշխատանքի համար ՀՀ վարչապետին, Կառավարության անդամներին, ԱԺ բոլոր գործընկերներին, հարկ վճարողներին»,- ասված է Բադասյանի ուղերձում։
Ավելի վաղ աշխատանքից ազատման դիմումներ էին գրել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների «խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները»։ «Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,- Ֆեսյբուքի իր էջում գրել է Փաշինյանը։
Կառավարության վերջին՝ նոյեմբերի 15-ի նիստին վարչապետը հայտարարել էր, որ իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում։ «Դատական, իրավապահ, ուժային կառույցների հարգելի ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Civilnet











