Գլխավոր Լրահոս

Թրամփի երկրորդ նախագահության օրոք ԱՄՆ-ը և Հնդկաստանը կարող են առավել մերձենալ ընդդեմ Չինաստանի

Թրամփի երկրորդ նախագահության օրոք ԱՄՆ-ը և Հնդկաստանը կարող են առավել մերձենալ ընդդեմ Չինաստանի

Հոնգկոնգյան South China Morning Post թերթում հրապարակված վերլուծականում նշվում է, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահության օրոք Վաշինգտոնը և Նյու Դելին կարող են միավորել ջանքերն ընդդեմ Չինաստանի։ Թերթի վաշինգտոնյան թղթակից Խուշբու Ռազդանի (Khushboo Razdan) և պեկինյան թղթակից Լաուրա Ժուի (Laura Zhou) համատեղ հոդվածը՝ ստորև։

Վերլուծաբանների կարծիքով՝ Թրամփի կողմից բարձրաստիճան պաշտոնյաների առաջադրումը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը ավելի է հակվելու դեպի Նյու Դելի և հեռանալու Պեկինից

Թրամփի ընտրական հաղթանակից օրեր անց, երբ Եվրոպան և Ասիան անհանգստության ալիք էին ապրում, Հնդկաստանի գլխավոր դիվանագետը կարծես ծաղրում էր այդ արձագանքը՝ վստահություն հայտնելով, որ իրենք կարող են հեշտությամբ գործ ունենալ նորընտիր նախագահի արտաքին քաղաքականության հետ։

Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանկարն ասաց, որ թեև շատ երկրներ կարող են անհանգստացած լինել, «Հնդկաստանը դրանց թվում չէ»։ Վարչապետ Նարենդրա Մոդիի շնորհավորանքը, ըստ Ջայշանկարի, «առաջին երեք զանգերի թվում էր, որ նախագահ Թրամփն ընդունեց»։

Անցյալ շաբաթ Թրամփի հայտարարած թեկնածուները՝ սենատոր Մարկո Ռուբիոն՝ որպես պետքարտուղար, Մայք Ուոլցը՝ որպես ազգային անվտանգության խորհրդական, և Թուլսի Գաբարդը՝ որպես ազգային հետախուզության տնօրեն, վճռականորեն պաշտպանել են Հնդկաստանի հետ ամուր հարաբերությունների հաստատումը՝ որպես հնդկա-խաղաղօվկիանոսական տարածաշրջանում Չինաստանին հակազդելու ԱՄՆ ռազմավարության մաս։

Թուլսի Գաբարդը։ Լուսանկարը՝ Reuters-ի։

Թեև որոշ վերլուծաբաններ պնդում են, որ Թրամփի «Նախ Ամերիկան» քաղաքականությունը կարող է խոչընդոտել Հնդկաստանի հետ տեխնոլոգիական և առևտրային խոր համագործակցությունը, մյուսները կարծում են, որ Հնդկաստանն ավելի մեծ հնարավորություն ունի Թրամփի հետ բարենպաստ գործարք կնքելու, քան Չինաստանը։

Ամեն դեպքում, նոր վարչակազմը հավանաբար կփոխի ԱՄՆ-ի ռազմավարական կենտրոնացումը՝ ավելի քիչ ուշադրություն դարձնելով մարդու իրավունքներին և Ռուսաստանի հետ Հնդկաստանի հարաբերություններին։ Պաշտոնաթող նախագահ Բայդենի օրոք ԱՄՆ-ն աշխատում էր ամրապնդել կապերը Նյու Դելիի հետ՝ որպես Չինաստանին հակակշռող ուժ՝ միաժամանակ ճնշում գործադրելով Մոդիի վրա քաղաքացիական ազատությունների հարցում։ Նոր մոտեցումը կարող է առաջնահերթություն տալ այլ մտահոգությունների՝ փոխելով այդ հավասարակշռությունը։

«Պարզվում է, որ ընդհանուր պատկերը շատ նպաստավոր է Հնդկաստանի համար»,- ասում է Սարանգ Շիդորը՝ Վաշինգտոնի Քուինսի ինստիտուտի Գլոբալ Հարավի ծրագրի տնօրենը։ Նա նշում է Թրամփի կաբինետի թեկնածուների արտահայտած ավելի հնդկամետ և հակաչինական դիրքորոշումը։

Հուլիսին Ռուբիոն ներկայացրեց ԱՄՆ-Հնդկաստան պաշտպանական համագործակցության մասին օրենքը, որը նպատակ ունի բարձրացնել Հնդկաստանի ռազմավարական կարգավիճակը և նրան տրամադրել ամերիկյան ռազմական առաջադեմ տեխնոլոգիաներ՝ նման այնպիսի մերձավոր դաշնակիցների, ինչպիսիք են Ճապոնիան, Իսրայելը, Հարավային Կորեան և ՆԱՏՕ-ի գործընկերները։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Ֆլորիդայից հանրապետական Մայքլ Ուոլցը։ Լուսանկարը՝ AFP-ի։

«Կոմունիստական Չինաստանը շարունակում է ագրեսիվ կերպով ընդլայնել իր ազդեցությունը հնդկա-խաղաղօվկիանոսական տարածաշրջանում՝ միաժամանակ փորձելով խոչընդոտել մեր տարածաշրջանային գործընկերների ինքնիշխանությունն ու ինքնավարությունը»,- ասել է Ռուբիոն օրինագիծը ներկայացնելիս։

Սեպտեմբերին Չինաստանը և Հնդկաստանը հայտարարեցին Հիմալայան սահմանային վեճում իրենց զորքերի դուրսբերման վերաբերյալ համաձայնության մասին, որը 2021-ին հանգեցրել էր մահացու բախումների։ Գործարքը հնարավորություն տվեց չորս տարվա ընթացքում առաջին անգամ պաշտոնական հանդիպում կազմակերպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի միջև։

Քննադատելով նախկին նախագահ Բարաք Օբամային Հնդկաստանը «անտեսելու» համար՝ Ռուբիոն աջակցություն էր հայտնել Հնդկաստանին 2014-ին, երբ Մոդին առաջին անգամ դարձավ վարչապետ և այցելեց Վաշինգտոն։ «Աշխարհի ամենամեծ ժողովրդավարությունը ներուժ ունի առաջիկա տասնամյակներում դառնալու ԱՄՆ-ի առանցքային գործընկերը»,- ասել էր սենատորն այն ժամանակ։

Ուոլցը՝ Թրամփի ընտրյալն ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնում, ղեկավարում է Կոնգրեսի հնդկական և հնդկամերիկյան խմբակցությունը և երկար ժամանակ պաշտպանել է ԱՄՆ-ի պաշտպանական և անվտանգության կապերի ամրապնդումը Հնդկաստանի հետ։ 2023-ի օգոստոսին նա այցելել է Նյու Դելի՝ Մոդիի հետ մասնակցելու երկրի անկախության օրվա տոնակատարություններին։

Սենատոր Մարկո Ռուբիոն։ Լուսանկարը՝ AFP-ի։

Այցի ընթացքում նա գովաբանել է Մոդիի Make in India նախաձեռնությունը, որը նպատակ ունի երկիրը դարձնել Չինաստանի արտադրական այլընտրանք, և խոստացել է, որ ԱՄՆ-ը կլինի Նյու Դելիի կողքին։

Շանհայի միջազգային հետազոտությունների ինստիտուտի Հարավային Ասիայի հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Լյու Ցզունիի խոսքով՝ «հիմնվելով այս թեկնածուների նախկին դիրքորոշումների վրա, դա լավ չէ ԱՄՆ-ի և Հնդկաստանի հետ Չինաստանի հարաբերությունների համար»։

Նա նշել է, որ չնայած սահմանային լարվածության թուլացմանը՝ «Հնդկաստանը կշարունակի Չինաստանին դիտարկել որպես ռազմավարական գլխավոր մրցակից և դժվար թե թուլացնի նրա հետ մրցակցելու իր ջանքերը»։

Արտաքին հարաբերությունների վերլուծաբան Ռոբինդեր Սաչդևի պնդմամբ՝ Վաշինգտոնի կոշտ դիրքորոշումը Պեկինի նկատմամբ «ոչ միայն կթուլացնի Չինաստանի աճող ազդեցությունը, այլև առավելություն կբերի Հնդկաստանին»։

Նա հնդկական ANI լրատվական գործակալությանն ասել է, որ ամերիկյան ընկերությունները «այժմ կձգտեն ավելի ու ավելի շատ դուրս գալ Չինաստանից այնտեղ առերեսվող խնդիրների պատճառով», քանի որ Վաշինգտոնն առաջնահերթություն է տալիս ԱՄՆ-ի մատակարարման շղթաները Չինաստանից դուրս բերելուն։ Սաչդևը նշել է, որ Հնդկաստանը կարող է դառնալ «գրավիչ նպատակակետ»։

Սակայն Ֆուդանի համալսարանի Հարավային Ասիայի հետազոտությունների կենտրոնի հետազոտող Լին Մինվանը պնդում է, որ հարց է մնում, թե որքանով է անվտանգության դաշինքների վերաբերյալ քանիցս կասկածներ հայտնած Թրամփը պատրաստ աշխատել Հնդկաստանի հետ հարաբերությունների ուղղությամբ, կամ նրա օգնականներն արդյոք կկարողանան համոզել դա անել։

2017-2021 թվականներին իր առաջին նախագահության ժամանակ Թրամփի «Նախ Ամերիկան» քաղաքականության ներքո ԱՄՆ-ն զգալիորեն շարժվեց դեպի մեկուսացում։

«Եթե դա դեռ Թրամփի համոզմունքն է, ապա հարց է առաջանում, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստ է ավելի շատ ներդրումներ անել իր դաշինքներում,- ասում է Լինը։- Ինչպե՞ս կարող ենք ակնկալել, որ Թրամփը ավելի շատ ներդնի Հնդկաստանի հետ իր գործընկերության մեջ»։

Չնայած ԱՄՆ-Հնդկաստան գործընկերության վերաբերյալ լավատեսությանը՝ Լինը զգուշացնում է, որ հարաբերությունները կարող են ավելի փխրուն լինել, քան թվում է։ Բայդենի վարչակազմը մտահոգություններ է հայտնել Հնդկաստանի մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, իսկ Հնդկաստանի ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալը սեպտեմբերին չեղարկեց ԱՄՆ այցը, երբ Նյու Յորքի դատարանը ծանուցագիր էր ուղարկել՝ կապված սիկհ անջատողական Գուրպատվանտ Սինգհ Պաննունի քաղաքացիական հայցի հետ։

Թեև Հնդկաստանը Պաննունին ահաբեկիչ է համարում՝ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը մեղադրանք է առաջադրել Հնդկաստանի մի քաղաքացու՝ նրան սպանելու ձախողված դավադրության համար, իսկ հետագայում մեղադրյալների ցանկին ավելացրել է նաև հնդկական հետախուզության մի սպայի։

Ավելին, Թրամփի առաջին նախագահության օրոք ԱՄՆ-Հնդկաստան առևտրային հարաբերությունները բարդ էին ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի օրոք, որն առևտրային հետաքննություններ սկսեց և մաքսատուրքեր սահմանեց հնդկական ներմուծումների վրա։ Նա Նյու Դելիին նաև հանեց արտոնյալ մաքսազերծման ծրագրից։ Հաղորդվում է, որ Լայթհայզերը կրկին հավակնում է առևտրի ներկայացուցչի պաշտոնին, թեև պաշտոնապես ոչինչ չի հայտարարվել։

Իր քարոզարշավի ընթացքում Թրամփը խոստացել է պատժել Նյու Դելիին՝ ամերիկյան մոտոցիկլետների վրա մինչև 80 տոկոս ներմուծման տուրք սահմանելու համար՝ կիրառելով փոխադարձ մաքսատուրքեր։

Սակայն Շիդորն ասում է, որ Թրամփի նոր թիմի հնդկամետ հակումները կարող են օգնել ստեղծել բավական նպաստավոր պայմաններ Հնդկաստանի համար՝ նորընտիր նախագահի՝ առևտրային ավելցուկ ունեցող բոլոր գործընկերների նկատմամբ ընդհանուր կոշտ դիրքորոշման համատեքստում։

Գաբարդը, որը հինդու հավատացյալ է, կապեր ունի Մոդիի հինդու ազգայնական BJP (Bharatiya Janata Party) կուսակցության հետ։ 2014-ին, երբ Մոդին այցելել էր Վաշինգտոն, նա հնդիկ առաջնորդին նվիրել էր իր անձնական Բհագավադ Գիտան։ 2015-ին BJP-ի բարձրաստիճան պաշտոնյան ներկա էր նրա հարսանիքին և Մոդիից ուղերձ ու նվեր էր բերել։ Հնդկաստանի այն ժամանակվա դեսպան Տանրանջիտ Սանդհուն նույնպես մասնակցել էր հարսանիքին։

Ինչպես Թրամփը, Գաբարդը ևս թվում է առնվազն ընկալունակ Ուկրաինայի դեմ պատերազմի վերաբերյալ ռուսական փաստարկների հանդեպ՝ պնդելով, որ դա կարելի էր կանխել, եթե ԱՄՆ-ն ու նրա արևմտյան դաշնակիցները ճանաչեին Մոսկվայի «օրինական անվտանգային մտահոգությունները»՝ կապված ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու ձգտման հետ։

Թրամփը, որ վաղուց հայտնի է որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինով հիացող, Ուկրաինայի դեմ նրա ներխուժումը 2022-ի փետրվարին «հանճարեղ» և «խելացի» քայլ էր անվանել։

Մոդին պահպանում է ամուր հարաբերություններ Պուտինի հետ, և Նյու Դելին շարունակում է խորացնել դիվանագիտական ու տնտեսական կապերը Մոսկվայի հետ՝ չնայած Պուտինին մեկուսացնելու Բայդենի ճնշմանը։

Հոկտեմբերին Բայդենի վարչակազմը պատժամիջոցներ սահմանեց հնդկական 19 ընկերությունների և երկու անձանց նկատմամբ՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններին աջակցելու համար։

«Ուկրաինայի հարցում տարաձայնություններ կային Բայդենի և Մոդիի թիմերի միջև»,- ասում է Շիդորը։

Շիդորի խոսքով՝ Թրամփի վերադարձի արդյունքում Նյու Դելիի համար ռազմավարական հնարավոր բոլոր փոփոխությունների թվում Ուկրաինայի հարցի շուրջ անորոշությունը «գուցե ամենամեծ թեթևացումն է Հնդկաստանի համար, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերություններից Հնդկաստանը չի պատրաստվում հրաժարվել»։

As US and India line up in a second Trump administration, China could be targeted

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում