Թրամփի օրոք Հնդկաստանը կարող է դառնալ ԱՄՆ արևային վահանակների գլխավոր մատակարարը

Հնդկաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ ԱՄՆ-ի վերականգնվող էներգիայի ոլորտում՝ շնորհիվ իր մեծածավալ արտադրական հզորությունների, մրցունակ արտադրական ծախսերի և STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտի մասնագետների ներուժի, ասվում է Մումբայում տեղակայված ValueQuest Investment ներդրումային ընկերության զեկույցում, որին անդրադարձել է Times of India թերթը։
Զեկույցում նշվում է, որ չնայած Թրամփի երկրորդ նախագահության օրոք ԱՄՆ-ի էներգետիկ քաղաքականության ակնկալվող բարդություններին, վերականգնվող էներգիայի հեռանկարը մնում է խոստումնալից։
«Հնդկաստանի մեծածավալ արտադրական բազան, STEM ոլորտի տաղանդները, արտադրության մրցունակ ծախսերը՝ համեմատած Հարավարևելյան Ասիայի և Մեքսիկայի հետ, ինչպես նաև մատակարարման հուսալիությունը կարող են Հնդկաստանը դարձնել նախընտրելի գործընկեր»,- կարծում են զեկույցի հեղինակները։
Զեկույցը նշում է, որ Հնդկաստանը կարող է փոխարինել Հարավարևելյան Ասիայի երկրներին նաև այն պատճառով, որ ԱՄՆ-ը ձգտում է նվազեցնել կախվածությունը չինական մատակարարման շղթաներից։
Նշվում է, որ ԱՄՆ-ի Գնաճի նվազեցման մասին օրենքը (Inflation Reduction Act) ամուր հիմքեր է ստեղծել վերականգնվող էներգիայի, հատկապես արևային էներգիայի ոլորտում ներդրումների արագացման համար։ 2013-ի 15 ԳՎտ ցուցանիշից այն աճել է մինչև 178 ԳՎտ-ի 2023-ին։ Այս աճի միտումը պայմանավորված է տեխնոլոգիական առաջընթացով, ծախսերի նվազմամբ և ածխաջրածինների դերը նվազեցնելու հանրային խորացող տրամադրությունների։
Զեկույցում նաև նշվում է, որ Թրամփի վարչակազմի համար վերականգնվող էներգիայի մասով հեշտ չի լինի փոփոխություններ մտցնել Գնաճի նվազեցման մասին օրենքում. «Ցանկացած վարչակազմի համար դժվար կլինի չեղարկել կամ էական փոփոխություններ մտցնել Գնաճի նվազեցման մասին օրենքում։ Քանի որ այն ընդունված օրենք է, այլ ոչ թե դաշնային գործակալության կանոնակարգ կամ գործադիր հրաման, ցանկացած էական փոփոխություն կպահանջի Կոնգրեսի հավանությունը»։
Ավելին, ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը, որը բնութագրվում է հակաչինական տրամադրություններով, նշանակալի հնարավորություններ է ընձեռում Հնդկաստանին։ Քանի որ ԱՄՆ-ը ձգտում է դիվերսիֆիկացնել իր առևտրային գործընկերությունները, Հնդկաստանի հետ առկա առևտրային հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ծրագրային ապահովման և դեղագործության ասպարեզում, կարող են նպաստել վերականգնվող էներգիայի ոլորտում համագործակցության ավելի սահուն անցմանը։
Հնդկական մի շարք ընկերություններ արդեն իսկ արտադրական հզորություններ են ստեղծում ԱՄՆ-ում՝ նվազեցնելով ռիսկերը և ակնկալելով, որ օգտվելու են վերականգնվող էներգիայի արտադրության հետ կապված հարկային արտոնություններից։
Հնդկաստանի ռազմավարական առավելությունները կարող են էականորեն նպաստել վերականգնվող էներգետիկայի ոլորտի աճին։ Երկու երկրներն իրենց էներգետիկ առաջնահերթություններից ելնելով՝ կարող են նպաստել նաև կլիմայի տաքացման դեմ պայքարին և կայուն զարգացմանը։
Թեմա
Civilnet










