2012թ. ութ ամիսներին Իսպանիայի տնտեսությունից դուրս է բերվել €247 մլրդ, ինչը 600 անգամ գերազանցում է 2011թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի Ազգային բանկը։ Ընդ որում՝ կապիտալի արտահոսք արձանագրվում է նաև խոշոր այլ տնտեսություններում։
Ժամանակակից Իսպանիայի պատմության մեջ կապիտալի նման խոշոր «փախուստ» երբևէ չի գրանցվել։ 2011թ. ութ ամիսներին կապիտալի արտահոսքը երկրից կազմել է €398 մլն: Ըստ բրիտանական HSBC բանկի փորձագետների՝ օտարերկրյա և տեղական ներդրողները լքում են իսպանական շուկան՝ կապիտալը հնարավոր ցնցումներից ապահովագրելու համար:
Ուշագրավ է, որ կապիտալի արտահոսք արձանագրվում է նաև այլ երկրներում: Ամերիկյան Global Financial Integrity կազմակերպության տվյալների համաձայն՝ 2011թ. Չինաստանից կապիտալի արտահոսքը կազմել է $602,9 մլրդ, ինչը 3,5 անգամ գերազանցում է 2000թ. ցուցանիշը՝ $172,6 մլրդ։ Սկսած 2000-ից՝ Չինաստանից $3,8 տրլն կապիտալ է արտահոսել:
Ընթացիկ տարվա ինն ամիսներին Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կազմել է $57,9 մլրդ:

Civilnet










