Ղուրան այրողը, որին ծեծել էր Կադիրովի որդին, ազատազրկվել է 14 տարով՝ դավաճանության մեղադրանքով

Վոլգոգրադի դատարանը երկուշաբթի դավաճանության մեղադրանքով 14 տարվա ազատազրկման է դատապարտել 20-ամյա Նիկիտա Ժուրավելին, որը մեղադրվում էր Ղուրանն այրելու մեջ և որը բանտում ենթարկվել էր Ռամզան Կադիրովի որդու բռնությանը։
Դատավճռով նա պետք է կրի 14 տարվա ազատազրկում, որին կհաջորդի մեկ տարվա ազատության սահմանափակում։ Փետրվարին Չեչնիայի Վիսատովսկի շրջանային դատարանն արդեն իսկ նրան դատապարտել էր 3,5 տարվա ազատազրկման՝ Ղուրանն այրելով հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար։
Ըստ դատարանի՝ Ժուրավելը ընդունել է մեղքը և խոստովանել, որ համագործակցել է ուկրաինական հատուկ ծառայությունների հետ՝ նրանց ուղարկելով իր հեռախոսով նկարահանված ռուսական զինտեխնիկայի տեսանյութեր։
Նշվում է նաև, որ Ժուրավելը, «չհամաձայնելով Ռուսաստանի քաղաքական ուղու» և Ուկրաինա ներխուժման հետ, կապի մեջ է եղել Ուկրաինայի հատուկ ծառայությունների աշխատակցի հետ և կատարել է առաջադրանքներ՝ «ուղղված Ռուսաստանի Դաշնության անվտանգության դեմ»՝ այդպիսով կատարելով պետական դավաճանություն։
Վոլգոգրադի V1 լրատվամիջոցը հաղորդում է, որ Ժուրավելի դատավարությունն «արագընթաց» է եղել. Դատական առաջին նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին, իսկ վճիռը հրապարակվել է նոյեմբերի 25-ին։ Նրանք նշել են նաև, որ դատավճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտել և կարող է բողոքարկվել։ Դատավարությունն անցկացվել է դռնփակ։
Ժուրավելին սկզբում ձերբակալել էին Վոլգոգրադում՝ իսլամական սուրբ գիրքն այրելու կասկածանքով, այնուհետև տեղափոխել էին Չեչնիա, որտեղ նախնական կալանքի ընթացքում տարածվել էր տեսանյութ, թե ինչպես է Ռամզան Կադիրովի որդին՝ Ադամ Կադիրովը, ծեծի ենթարկում նրան։
Անցյալ տարվա նոյեմբերին ռուսական «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությունը Նիկիտա Ժուրավելին ճանաչել էր քաղբանտարկյալ։
Թեմա
Civilnet










