Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սոցիալական ցանցերում տարածվում են կեղծ գովազդային գրառումներ, որոնց հեղինակները հանդես են գալիս IDram վճարային համակարգի և IDBank-ի անունից՝ փորձելով կորզել օգտատերերի բանկային տվյալները։ Խարդախները խոստանում են նախատոնական մրցանակներ՝ մոլորեցնելով քաղաքացիներին։Զեղծարարները Facebook-ում ստեղծել են բազմաթիվ կեղծ էջեր, որոնցից մեկը՝ Arm BB-ն, գործարկվել է 2024թ. նոյեմբերի 18-ին։ Էջերը տարածում են գովազդային գրառումներ՝ խոստանալով մրցանակներ:
Ուշագրավ է, որ գովազդային գրառումներում ցուցադրվում է www.idram.am հղումը, որը IDram-ի պաշտոնական կայքն է, ինչը կարող է շփոթեցնել քաղաքացիներին։ Սակայն հղումով անցնելով՝ օգտատերերը հայտնվում են armbankes.com կայքում, որը ստեղծվել է շաբաթներ առաջ և նմանակում է IDBank-ի դիզայնը՝ քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով։

Զեղծարարները այսպիսով կորզում են բանկային տվյալներ
Կեղծ կայքում պահանջվում է մուտքագրել հեռախոսահամար, գաղտնաբառ և PIN կոդ։ Սա ֆիշինգային հարձակում է, և այս տեղեկությունները տրամադրելու դեպքում խարդախները կարող են մուտք գործել զոհերի բանկային հաշիվներ, գումարներ փոխանցել կամ նրանց անունով արագ վարկեր ձևակերպել։
Ուշագրավ է, որ նման խարդախությունները նոր երևույթ չեն։ Շաբաթներ առաջ սոցցանցերում տարածվում էին նմանատիպ ֆիշինգային կեղծ գրառումներ, որոնցում խոստանում էին 20 000 դրամ՝ պարզապես բանկի մասին կարծիք թողնելու դիմաց։

IDBank-ի ներկայացուցիչները պարբերաբար հերքում են որևէ կապ նմանատիպ հարցումների և կարծիքների դիմաց գումար առաջարկող կայքերի հետ։
Պետք է ուշադրություն դարձնել կայքերի դոմենային անուններին, որոնք կարող են նմանակել իրական կայքերին, օրինակ՝ idbank-arm.com, armbankes.com և այլն, ինչպես նաև առհասարակ խուսափել անձնական ու բանկային տվյալները կասկածելի կայքերում մուտքագրելուց։ Կարևոր է հիշել, որ բանկերը երբեք չեն պահանջի հայտնել SMS-ով ստացված կոդը և քարտի եռանիշ թիվը։
Ավելի վաղ #CivilNetCheck-ը գրել էր նաև «Ինեկոբանկի» անունից տարածվող նմանատիպ խարդախությունների մասին, որոնք նույնպես նպատակ ունեին կորզել հաճախորդների բանկային տվյալները՝ կեղծ հարցումների և բոնուսների խոստումների միջոցով։
Այսպիսով, IDBank-ի և այլ բանկերի անունից կեղծ գովազդային գրառումներ են տարածվում, որոնց նպատակը հաճախորդների բանկային հաշիվներին հասանելիություն ստանալն է։
CivilNetCheck
Civilnet











