2013թ. հունվարի 1-ից ռուսական «Վեդոմոստի» պարբերականը A2 ձևաչափից կանցնի A3-ի, կկրճատվի նաև «տետրերի» քանակը՝ երկուսի փոխարեն միայն մեկը, հայտարարել է «Վեդոմոստիի» գլխավոր խմբագիր Տատյանա Լիսովան։ Պարբերականի էջերը կփոքրանան շուրջ երկու անգամ, ինչի հաշվին դրանց թիվը 12-ից կհասնի 24-ի։ Թերթի դիզայնը կպահպանվի։
Լիսովայի խոսքով՝ անցումն առավել կոմպակտ ձևաչափի գլոբալ միտում է տպագիր մամուլի բիզնեսում: «Արևմտյան մամուլում գրեթե չկան հնացած, մեծ ձևաչափով պարբերականներ. այն հարմար չէ, չափազանց մեծ է։ Ընթերցողներն ավելի հարմար չափ են ուզում, որ հնարավոր լինի կարդալ տրանսպորտում, թերթել մեքենայում»,- ասել է Լիսովան:
Ըստ նրա՝ համաշխարհային փորձը վկայում է, որ անցումը A3 ձևաչափի բերում է ընթերցողների, ինչպես նաև բաժանորդագրությունների թվի ավելացման: Գլխավոր խմբագրի խոսքով՝ տպագիր մամուլի «մահվան» մասին խոսակցությունները միֆ են, և «Վեդոմոստին» ձգտելու է պահպանել իր ընթերցողների բանակը:
«Վեդոմոստին» տպագրվում է 1999-ից՝ Sanoma Independent Media հրատարակչության, բրիտանական Financial Times-ի ու ամերիկյան The Wall Street Journal-ի հետ համատեղ: Հրատարակության աշխատակիցների ընդհանուր թիվը 100 է, տպաքանակը՝ 75 հազ.:
Civilnet











