Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ը և Հնդկաստանը խորացնում են ռազմավարական գործընկերությունը. նպատակը՝ զսպել Չինաստանին 

ԱՄՆ-ը և Հնդկաստանը խորացնում են ռազմավարական գործընկերությունը. նպատակը՝ զսպել Չինաստանին 

Հնդկաստանը դառնում է ԱՄՆ-ի անփոխարինելի ռազմավարական գործընկերը՝  գլոբալ անորոշությունների և փոփոխվող ուժային դինամիկայի պայմաններում, գրում է Times of Oman թերթը։ ԱՄՆ նախագահի պաշտոնին Դոնալդ Թրամփի վերադարձով այդ հարաբերությունները, ըստ վերլուծականի, ԱՄՆ-Հնդկաստան հարաբերություններն  առավել առանցքային են դառնում աշխարհաքաղաքական մարտահրավերները հաղթահարելու գործում: 

Ժողովրդավարական երկու հսկաների միջև գործընկերությունը դիվանագիտական ավանդական քաղաքավարությունից անդին է և վկայում է ռազմավարական մերձեցման մասին, որը պայմանավորված է ընդհանուր շահերով և փոխլրացնող նպատակներով:

Այս հարաբերությունների հիմնարար նպատակն  է զսպել Չինաստանի ծավալապաշտական հավակնությունները հնդկա-խաղաղօվկիանոսական տարածաշրջանում: Չինաստանի հետ 3,488 կմ սահման ունենալով և տասնամյակներ շարունակ Պեկինի ագրեսիվ դիրքորոշմանը դիմակայելով՝ Հնդկաստանը հանդես է գալիս որպես բնական և հզոր հակակշիռ Չինաստանի տարածաշրջանային գերիշխանությանը:

Քառակողմ անվտանգության երկխոսությունը (Quadrilateral Security Dialogue - Quad) այդ ռազմավարության մարմնավորումն է: ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Ճապոնիայի և Ավստրալիայի այս հարթակը տարածաշրջանային կայունության պահպանման կարևոր մեխանիզմ  է: Թրամփի ղեկավարության ներքո այս գործընկերությունը կարող է զգալի թափ հավաքել՝ կենտրոնանալով համատեղ զորավարժությունների, պաշտպանության ոլորտում ընդլայնված համագործակցության և ռազմավարական տեխնոլոգիաների փոխանակումների վրա, որոնք ուղղակի մարտահրավեր կլինեն Չինաստանի աճող ազդեցությանը:

Հնդկաստանի ռազմավարական արժեքը ավելին է, քան միայն ռազմական համագործակցությունը: Մատակարարման գլոբալ շղթաների համար, որոնք փնտրում են այլընտրանքային տարբերակներ չինական արտադրությանը, Հնդկաստանը տնտեսական դիվերսիֆիկացիայի գրավիչ ուղղություն է: Հնդկաստանի արտադրության հետ կապված խթանների սխեմաները և արագ զարգացող արտադրական էկոհամակարգը այն դարձնում են գրավիչ կենտրոն ընկերությունների համար, որոնք ձգտում են նվազեցնել կախվածությունը չինական արտադրությունից:

Տնտեսական այս հնարավորությունը լիովին համապատասխանում է Միացյալ Նահանգների՝ Չինաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնեու ռազմավարական նպատակին:

Տեխնոլոգիական ոլորտը ևս համագործակցության կարևոր ասպարեզ է: Տեխնոլոգիական գերակայությունը պահպանելու մրցավազքում Հնդկաստանի արագ զարգացող ՏՏ ոլորտը և որակավորված մասնագետների ընդարձակ բազան ԱՄՆ-ի համար անգնահատելի ռեսուրս է:

Արհեստական բանականության, կիբերանվտանգության և քվանտային համակարգչային տեխնոլոգիաների ոլորտներում հնարավոր գործընկերությունը ևս ոչ միայն տնտեսական հնարավորություն է, այլև ռազմավարական անհրաժեշտություն՝ Չինաստանի տեխնոլոգիական առաջընթացին հակազդելու համար: Նյու Դելիի դերը կարևոր է նաև գլոբալ Էներգետիկ և կլիմայական ռազմավարության տեսանկյունից:

Թեև Թրամփի վարչակազմը ավանդաբար նախապատվություն է տալիս էներգետիկայի ավանդական ոլորտներին, վերականգնվող էներգետիկայի ասպարեզում Հնդկաստանի հանձնառությունը և մինչև 2070 թվականը արտանետումների զրոյական մակարդակի հասնելու հավակնոտ նպատակները հնարավորություն են նաև տեխնոլոգիական փոխանակման և ներդրումների համար:

Աշխարհաքաղաքական առումով Հնդկաստանը Հարավային Ասիայում բարդ դինամիկայի բազմակողմանի տեսլական է ներկայացնում: Հարևան երկրների հետ նրա հարաբերությունները, այդ թվում՝ Պակիստանի նկատմամբ հավասարակշռված մոտեցումը և Ռուսաստանի հետ երկարատև կապերը, ԱՄՆ-ի համար տարածաշրջանային բազմակողմանի հեռանկար են:

Ակնկալվում է, որ երկու երկրների միջև պաշտպանական համագործակցությունը զգալիորեն կխորանա: Զենքի վաճառքի և տեխնոլոգիաների փոխանցման արագացումը, ընդ որում՝ առաջադեմ սպառազինության, ինչպիսիք են անօդաչու թռչող սարքերը, հրթիռային համակարգերի և ծովային տեխնոլոգիաների տրամադրումն  էապես բարելավում են Հնդկաստանի պաշտպանական կարողությունները: Այս համագործակցության արդյունքում մեծանում է Հնդկաստանի ռազմական կարողությունը և խորանում  ԱՄՆ-ի և հնդկական զինված ուժերի միջև ռազմավարական փոխգործակցությունը:

Հնդկաստանը աշխարհագրական, տնտեսական և ռազմավարական կարևոր պատվար է չինական հեգեմոնիայի դեմ: Նրա ռազմավարական դիրքը՝ ցամաքային երկար սահմանը Չինաստանի հետ չինական և կարևոր ծովային ուղիների նկատմամբ վերաահսկողությունը թույլ են ուղղակիորեն մարտահրավեր նետել Չինաստանի տարածքային և ծովային հավակնություններին: Quad-ը այդ զսպման ռազմավարության դրսևորումն է: 

Ի տարբերություն տարածաշրջանի այլ դերակատարների՝ Հնդկաստանը ժողովրդավարական արժեքների, տեխնոլոգիական հմտությունների և ռազմավարական ինքնավարության եզակի համադրություն է, որը միջազգային հարաբերություններում նրան Չինաստանի ավտորիտար մոդելի իդեալական այլընտրանք է դարձնում:

Ավելին, Հնդկաստանի պաշտպանական աճող տեղական կարողությունները, տեխնոլոգիական նորարարությունները և չինական տնտեսական ազդեցությանը մարտահրավեր նետելու պատրաստակամությունը նրան Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակիցն են դարձնում՝ ազատ, բաց և հավասարակշռված հնդկա-խաղաղօվկիանոսական տարածաշրջան պահպանելու հարցում:

Հնդկաստանի վերելքին և ռազմավարական շահերին աջակցելով՝ ԱՄՆ-ը դիվանագիտական, տնտեսական և ռազմական հակակշիռ է ստեղծում, որը կարող է արդյունավետ զսպել Չինաստանի ծավալապաշտական միտումները և պաշտպանել տարածաշրջանի ժողովրդավարական երկրների շահերը:

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի և Հնդկաստանի հարաբերությունները զերծ չեն հնարավոր լարվածությունից: ԱՄՆ-ի ներգաղթային սահմանափակող քաղաքականությունը, հատկապես H-1B վիզաների վերաբերյալ, և առևտրային հնարավոր լարվածությունները կարող են մարտահրավերներ ստեղծել: Միացյալ Նահանգները պետք է զգուշորեն հավասարակշռի իր պրոտեկցիոնիստական միտումները՝ ընդունելով Հնդկաստանի աճող տնտեսական և ռազմավարական կարևորությունը: 

Երկու երկրներն էլ գիտակցում են, որ իրենց հավաքական ուժը ոչ միայն ռազմական հզորության կամ տնտեսական ներուժն է, այլ հավասարակշռված, կայուն միջազգային կարգը պահպանելու ընդհանուր հանձնառությունը:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի անհապաղ շնորհավորանքը նախագահ Թրամփին նրա ընտրությունից հետո և 2025-ին նախատեսված Quad-ի առաջնորդների գագաթնաժողովը վկայում  են հեռանկարային մոտեցման  մասին: Չնայած երբեմնակի դիվանագիտական ​​լարվածությանը՝ ռազմավարական հիմնարար դասավորությունը ամուր և խոստումնալից է մնում:

Հնդկաստանի ժողովրդագրական ուժը՝ երիտասարդ, դինամիկ բնակչությամբ և արագ աճող տնտեսությամբ, փոխադարձ աճի և համագործակցության աննախադեպ հնարավորություն է: Երկիրը պարզապես պոտենցիալ շուկա կամ ռազմավարական հակակշիռ չէ. այն դինամիկ, զարգացող տնտեսություն է, որը գլոբալ առաջատար դառնալու ներուժ ունի: Ըստ էության, Հնդկաստանը Միացյալ Նահանգների համար շատ ավելին է, քան պարզապես պոտենցիալ դաշնակիցը: Այն կարևոր գործընկեր է գլոբալ ռազմավարական լանդշաֆտի վերափոխման գործում:

Միջազգային աննախադեպ անորոշության դարաշրջանում ԱՄՆ-ը և Հնդկաստանը հնարավորություն ունեն սահմանելու միջազգային համագործակցության նոր չափանիշ, որն առաջնահերթություն է տալիս կայունությանը, նորարարությանը և ընդհանուր բարգավաճմանը նեղ, կարճաժամկետ շահերից:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում