Գլխավոր Լրահոս

«Հոմոսովետիկուս»՝ հայկական գավառական մեկնաբանությամբ 

«Հոմոսովետիկուս»՝ հայկական գավառական մեկնաբանությամբ 

Կարպիս Փաշոյան

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը առաջարկում են 2025-ը հռչակել կրթության տարի։ Առաջ քաշելով «Կրթվելը նորաձև է» կարգախոսը՝ նրանք փորձում են մարտահրավեր նետել չիմացությանը, որն ըստ Փաշինյանի՝ մեր ամենամեծ թշնամին է։ Հավակնոտ այս ծրագիրը կյանքի կոչելու նպատակով Աննա Հակոբյանը պարբերաբար հանդիպում է՝ իր ձևակերպմամբ հանրային կարծիք ձևավորող, ակտիվ անհատների հետ։ 

Ի դեպ, այդ հանդիպումներից կադրեր տեսնելուց հետո ինքս ինձ բռնեցրի այն մտքի վրա, որ Աննա Հակոբյանի շուրջ խմբված ակտիվ անհատներից գրեթե ոչ ոքի չեմ ճանաչում։ Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք հանրային կարծիք են ձևավորում։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ այդ շարքերում պետք է լինեին գիտնականներ ու պոետներ, լրագրողներ ու ինժեներներ։ Բայց ո՛չ։ Հավաքվածներն ընդամենը Ֆեյսբուքում իշխանամետ ստատուսներ գրող մարդիկ էին։ Այլ խոսքով՝ այն անհատները, որոնք ի զորու են համացանցում պարզունակ շարադասությամբ, բայց առանց լուրջ տառասխալների պայքարել հանուն «ինքնիշխանության», հայհոյել Քոչարյանին կամ էլ հիմնավորել, որ Արցախն էն գլխից հանձնված էր։ Մարդկանց ընտրության հարցում, կարծում եմ, վճռական դեր է խաղացել նաև ֆեյսբուքյան լայքերի գործոնը։ Չէ՞ որ դա արդի Հայաստանում լեգիտիմության ամենանշանակալի ցուցիչներից մեկն է։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը իրենց ֆեյսբուքյան էջերի միլիոնանոց դիտումներն ու այցելությունները ներկայացնում են որպես մեծագույն նվաճում։ Ամենայն հավանականությամբ, սա Փաշինյանի կաբինետի ամենակարևոր վիճակագրական տվյալն է։ 

Վերադառնալով խնդրո առարկային՝ անհրաժեշտ է բացահայտել փաշինյանական կրթության իրական շարժառիթները։ Սկսենք կարգախոսից՝ «Կրթվելը նորաձև է»։ Իմ համոզմամբ մեր կրթական համակարգի թերևս ամենամեծ խնդիրներից մեկը հենց այն է, որ երիտասարդները համալսարան հիմնականում ընդունվում են նորաձևության քաղքենի պարտադրանքով և դիպլոմ կորզելու թելադրանքով կամ էլ զբաղվածության բացակայության պատճառով։ Արդյունքում անկախ Հայաստանում կան տասնյակ հազարավոր դիպլոմավոր, գործազուրկ պատմաբաններ, տնտեսագետներ, իրավաբաններ ու միջազգայնագետներ։ Սա քայքայիչ ավանդույթ է, որը գալիս է դեռ սովետական ժամանակներից։ Այս իմաստով կրթությունը պետք է դիտարկվի որպես բնական անհրաժեշտություն, այլ ոչ թե՝ տիրապետող նորաձևություն։ Այսինքն, Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը մեծ գյուտ չեն անում և իրականում նորաձև են դարձնում այն, ինչն արդեն վաղուց նորաձև է։ 

Կարևոր է նաև բացահայտել Փաշինյանի և Հակոբյանի պատկերացումները կրթություն կոչվող բարդագույն և բազմաշերտ երևույթի վերաբերյալ։ Նրանք արդյոք իսկապե՞ս հասկանում են, թե ինչի մասին են խոսում։ Կարծում եմ՝ ոչ, նրանք համընդհանուր կրթությունը առաջնահերթություն չեն դիտարկում։ Ոչ էլ փորձում են Հայաստանի տնտեսությունը, կառավարման համակարգը, արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը համալրել որակյալ նոր կադրերով։ Վստահաբար նրանք հասկանում են, որ ուսյալ և լուսավոր միջավայրում իրենք մրցունակ չեն կարող լինել։ Գիտակցում են, որ կրթված միջավայրում իրենք դատապարտված են գաղափարական ջախջախման։ Այսինքն, նրանց պատկերացրած կրթությունը կապ չունի իրական կրթության հետ և նախատեսված է սպասարկելու իշխանության գավառական, պարզունակ ծրագրերը։ Լենինյան տերմինաբանությամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ընդամենը փորձում են մշակութային հեղափոխություն իրականացնել։ Այսինքն կրթություն եզրույթի տակ նրանք առաջին հերթին նկատի ունեն գաղափարախոսական պատրաստվածությունը, ինչը ենթադրում է հանրային զանգվածներին ադապտացնել իրենց թելադրած աշխարհայացքին և աշխարհընկալմանը։ Այսինքն, Փաշինյանի նպատակն է նոր մարդ կերտել, որը կհավատա իր քաղաքական կրոնին և քաղաքացիական հավատալիքներին։ 

Թերևս հենց դա է պատճառը, որ «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության մեջ ներգրավվել է հատկապես ՔՊ-ի քարոզչական այրուձին, մարդիկ, որոնք կապ չունեն գիտության, կրթության և հատկապես մանկավարժության հետ։ Նրանց առաքելությունն է հասարակությանը ներկայացնել փաշինյանական քաղաքական կրոնի սյուները, որոնք են՝ 

ա) մենք պետություն չենք ունեցել, 

բ) Ղարաբաղը էն գլխից հանձնված էր, 

գ) Փաշինյանը պայքարում է հանուն ինքնիշխանության և անկախության, 

դ) Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ոչնչի հետ կապ չունեն, նախարարներն ու քաղաքապետերն են մեղավոր, 

ե) կայսրությունն է գրել մեր պատմությունը, 

զ) թուրքերը մեղավոր չեն ցեղասպանության համար, քանի որ ռուսների սադրանքով հայերը դավաճանել են և այլն։ 

Պոպուլիզմի արդեն իսկ դասական խաղի կանոններով էլ փաշինյանական համայնքը պետք է շրջապատված լինի թշնամիներով, որոնք են՝ թալանչիներն ու ռուսները։ Նրանք բոլորը միասին միջանցք են ուզում։ 

Սա է փաշինյանական կրթությունը, նրանք ուզում են գլխիվայր շուռ տալ Հայաստանն ու հայաստանցուն։ Այս ամենի հիմքում պետության կեղծ պաշտամունքն է, հիշողությունից և ազգային գիտակցությունից զուրկ անդեմ ու անանցյալ քաղաքացին։ Համարյա homosoveticus-ի պես, պարզապես հայկական գավառական մեկնաբանությամբ։ 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում