Գլխավոր Լրահոս

Բայդենի վարչակազմի վտանգավոր միջամտությունը Բանգլադեշում

Բայդենի վարչակազմի վտանգավոր միջամտությունը Բանգլադեշում

Ուզայ Բուլութ

Օգոստոսի 5-ին Բանգլադեշի նախկին վարչապետ Շեյխ Հասինայի տապալումից հետո բանգլադեշցի իսլամականները թիրախավորել են հինդուներին և այլ ոչ մուսուլման բնակիչներին՝ բռնությամբ, բանտարկությամբ և սպանություններով: Փոքրամասնությունների դեմ այս ջիհադի վերջին զոհն է Չինմոյ Քրիշնա Դասը՝ հինդու վանական և իր համայնքի ու այլ փոքրամասնությունների իրավունքների պաշտպան:

Indian Express կայքը  վերջերս հաղորդեց, որ Դասը՝ Կրիշնայի գիտակցության միջազգային ընկերության (ISKCON) նախկին անդամը, ձերբակալվել է Դաքայի օդանավակայանում նոյեմբերի 25-ին: Դասը ղեկավարում էր հանրահավաքներ՝ պահանջելով անվտանգություն Բանգլադեշի հինդուների համար: Արդյունքում վանականը մեղադրվեց պետական դավաճանության մեջ։ Չաթոգրամում հոկտեմբերյան հանրահավաքից հետո նրան մեղադրանքը ներկայացվեց, թե անարգել է Բանգլադեշի ազգային դրոշը: Նոյեմբերի 26-ին Չիտագոնգի դատարանը մերժեց նրա գրավը և բանտարկեց:

Դասի գրավի հարցով դատական լսումը, որը նախատեսված էր դեկտեմբերի 3-ին Բանգլադեշի Չաթոգրամի դատարանում, հետաձգվել է մինչև հունվարի 2-ը, քանի որ նրան ներկայացնող փաստաբան չկար: Նրա նախկին փաստաբան Ռամեն Ռոյը ենթարկվել է հարձակման՝ ենթադրաբար Դասին պաշտպանելու համար:

Կրիշնայի գիտակցության միջազգային ընկերության տվյալներով՝ փաստաբանը ծեծի է ենթարկվել իր բնակարանում Չաթոգրամում ենթադրաբար դեկտեմբերի 2-ին: «Ռոյի միակ «մեղքն» այն է, որ նա պաշտպանում է Չինմոյ Քրիշնա Դասին: Նրա տունը թալանել են, իրեն դաժան ծեծի ենթարկվել... նա պաշտպանում էր Դասին, որին առաջին անգամ բերել էին դատարան (նոյեմբերի 26-ին): Այժմ նա ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է և պայքարում է կյանքի համար»,- Indian Express-ին ասել է Ռադհարամն Դասը՝ Կրիշնայի գիտակցության միջազգային ընկերության Կալկաթայի մասնաճյուղի փոխնախագահը և խոսնակը:

«Ոչ միայն Ռամեն Ռոյի, այլև նրան նախկինում ներկայացրած փաստաբանների վրա հարձակվել են, և նրանց դեմ գործեր են հարուցվել: Վախի այս մթնոլորտում մենք չգիտենք, թե որ փաստաբանը կվտանգի իր կյանքը և կպաշտպանի նրան»,- ասել է Ռադհարամն Դասը:

Բանգլադեշի վարչապետ Հասինայի բռնի տապալումից մեկ շաբաթ անց Մուհամմադ Յունուսը գտավ իսլամականների աջակցությունը: Նա երդում տվեց որպես Բանգլադեշի ժամանակավոր կառավարության ղեկավար: Յունուսի իշխանության գալուց հետո վերացվեցին ջիհադիստական խմբավորումների արգելքները, և նրանց շատ անդամներ ազատ արձակվեցին բանտից: Յունուսը նույնիսկ հանդիպեց ահաբեկչական մի շարք առաջնորդների հետ: Սանձազերծված իսլամական խմբավորումները Բանգլադեշում այժմ ազատ հանրահավաքներ են անցկացնում: Իսլամական ուժերն ամրապնդել են իրենց ազդեցությունը երկրում՝ Բանգլադեշը մղելով ահաբեկչության իշխանության ծիր, որը թիրախավորում է հինդուներին, քրիստոնյաներին և այլ ոչ մուսուլմանների:

Ներկայում Հնդկաստանում բնակվող Հասինան ԱՄՆ կառավարությանը մեղադրում է իշխանությունից իր հեռացմանն աջակցելու մեջ: Հասինան պնդել է, որ կարող էր մնալ իշխանության, եթե զիջումներ աներ Սուրբ Մարտինի կղզու ինքնիշխանության հարցում և թույլ տար ԱՄՆ-ին ազդեցություն ունենալ Բենգալյան ծոցի վրա:

Իր հրապարակած ուղերձում Հասինան Բանգլադեշի ժողովրդին կոչ է արել չտրվել արմատականների մանիպուլյացիաներին: Նա խորը ցավ է հայտնել երկրում առաջնորդների և աշխատավորների վերջին սպանությունների, նրանց նկատմամբ ոտնձգությունների և վանդալիզմի կապակցությամբ:

Միևնույն ժամանակ, Բանգլադեշը աստիճանաբար վերածվում է շարիաթական պետության և իսլամական ահաբեկչության համաշխարհային կենտրոնի: Բայդենի վարչակազմի՝ Հասինային գահընկեց անելու և Նոբելյան մրցանակակիր Մուհամադ Յունուսին նշանակելու կազմակերպված փորձը բացահայտում է Հարավային Ասիայում ԱՄՆ վարչակազմի քաղաքականության թերությունները:

The Sunday Guardian թերթի հրապարակած փաստաթղթերը բացահայտում են 2019-ին սկսված վարչակարգի փոփոխության մանրակրկիտ կազմակերպված գործողությունը: Սա դարձնում է Բանգլադեշը վերջին թիրախը Մոնղոլիայում (1996), Հաիթիում (2001) և Ուգանդայում (2021) իրականացված նմանատիպ գործողություններից հետո: Այս գործողությանը նպաստել են Միջազգային հանրապետական ինստիտուտը (ՄՀԻ), որը գործում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (ԺԱՀ) և ԱՄՆ ՄԶԳ նպատակներին համահունչ: Ծրագիրը, որը էվֆեմիստորեն կոչվում էր «Հաշվետվողականության, ներառականության և դիմադրողականության աջակցության ծրագիր», գործել է 22 ամիս՝ մինչև 2021-ի հունվարը՝ որպես Բանգլադեշի քաղաքական լանդշաֆտը վերաձևավորելու համապարփակ գործողություն:

Բայդենի վարչակազմի ռազմավարությունը կիրառել է բազմաթիվ մարտավարություններ. ֆինանսավորել է արվեստագետների և երաժիշտների՝ «քաղաքական և սոցիալական հարցերին վերաբերող 225 արվեստի ստեղծագործություն» ստեղծելու համար, աջակցել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ քաղաքական պահանջներ մշակելու համար և իրականացրել է այն, ինչը նրանք անվանում էին «Բանգլադեշում ԼԳԲՏ+ անձանց ամենամեծ հրապարակված հետազոտությունը»: Այս ջանքերը, որոնք անմիջականորեն հասել են գրեթե 400,000 բանգլադեշցիների, լրացվել են ԺԱՀ-ի 900,000 դոլարի դրամաշնորհով՝ երիտասարդ և կին քաղաքական առաջնորդներին ուղղված լրացուցիչ ծրագրերի համար: Այս միջամտությունը հատկապես մտահոգիչ է դարձնում Հնդկաստանի ազդեցությանը հակազդելու նրա բացահայտ նպատակը: Ներքին փաստաթղթերում նշվում է, որ «Հնդկաստանի աջակցությամբ Ավամի Լիգ կուսակցությունը դարձել է ավելի ու ավելի հեգեմոնիստական» և շեշտվում էր «տարածաշրջանային ուժերի միջամտությանը հակազդելու» անհրաժեշտությունը: Այս դիրքորոշումը ցույց է տալիս Հնդկաստանին օտարելու տարածաշրջանային դինամիկայի հիմնարար թյուրըմբռնումը:

ԱՄՆ-ի կողմից վիզային պատժամիջոցների՝ որպես ճնշման մարտավարության օգտագործումը հակաարդյունավետ եղավ: 2021-ին Վաշինգտոնը Բանգլադեշի էլիտար Արագ գործողությունների գումարտակին և նրա վեց առաջնորդներին մեղադրեց մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների համար՝ փաստացի սառեցնելով նրանց ակտիվները: 2021 և 2023 թվականների Ժողովրդավարության գագաթնաժողովներից Բանգլադեշի բացառումը բացահայտեց ամերիկյան ժողովրդավարության խթանման ջանքերի խտրական բնույթը, երբ այն ներառում էր Պակիստանը՝ չնայած նրա քրոնիկական քաղաքական խառնաշփոթին:

Գրամին բանկի 84-ամյա հիմնադիր Յունուսի նշանակումը երկրի գլխավոր խորհրդականի պաշտոնում  բացահայտում է Բայդենի վարչակազմի պլանավորման կարճատեսությունը: Թեև Յունուսը միջազգային հեղինակություն ունի իր Նոբելյան մրցանակի շնորհիվ՝ նրա Գրամին բանկը միկրոֆինանսավորման իր արմատներից աստիճանաբար անցել է առևտրային ձեռնարկությունների, ինչպիսին է Գրամին Թելեկոմը: Ավելին, Բանգլադեշի կառավարությունն արդեն հիմնականացրել է միկրոֆինանսական ծառայությունները՝ Յունուսի սկզբնական հարթակը դարձնելով մեծապես ավելորդ:

Բայդենի վարչակազմը մեծապես թերագնահատել է Բանգլադեշում Չինաստանի 38 մլրդ դոլարի ներդրումը: Ի տարբերություն քաղաքացիական հասարակության գործունեությունը ֆինանսավորելու ԱՄՆ-ի մոտեցման՝ Չինաստանի ենթակառուցվածքային շոշափելի ծրագրերը տևական տնտեսական կապեր են ստեղծել: Սուրբ Մարտինի կղզում ռազմական բազա հիմնելու Բայդենի վարչակազմի խնդրանքը մերժելու մասին Շեյխ Հասինայի բացահայտումը ընդգծում է ԱՄՆ միջամտության ռազմավարական ենթատեքստը: ԱՄՆ-ի հասարակական կազմակերպությունների դերը այս գործողության մեջ չի կարելի թերագնահատել: Փաստաթղթերը ցույց են տալիս, որ ամերիկյան ՀԿ-ները գերիշխում են Բանգլադեշում՝ 81 կազմակերպությամբ՝ համեմատած բրիտանական 45-ի և ճապոնական 19-ի: Ֆորդի հիմնադրամը, որն այժմ միավորվել է Բանգլադեշի ազատության ֆորումին, այնքան ազդեցություն ուներ, որ նրա ղեկավարը Դաքայում վայելում էր կիսադիվանագիտական կարգավիճակ՝ հաճախ գայթակղելով հեռանկարային պետական պաշտոնյաներին և սպառելով տեղական տաղանդը:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Քրիս Մերֆիի, Սումոնա Գուհայի, Դոնալդ Լուի, Սարա Մարգոնի և Ֆրանցիսկո Բենկոսմեի ներգրավվածությունը ցույց է տալիս կառավարության փոփոխության այս գործողության հետևում կանգնած բարձր մակարդակի համակարգումը: Նրանց վերահսկողությունը տարածվում էր երկու հիմնական քաղաքական կուսակցությունների վերահսկման վրա, ընդ որում Պակիստանի միջծառայությունների հետախուզությունը հայտարարում էր «ուժեղ հարաբերությունների» մասին ինչպես Հասինայի Ավամի Լիգ կուսակցության, այնպես էլ Բանգլադեշի ազգայնական կուսակցության հետ: Բայդենի վարչակազմի սխալ հաշվարկը դառնում է ավելի ակնհայտ՝ հաշվի առնելով Հասինայի ղեկավարության ներքո Բանգլադեշի տպավորիչ տնտեսական աճը, հատկապես Պակիստանի քրոնիկ անկայունության համեմատ: 2023-ին նախորդող տասնամյակում ԱՄՆ-ի արտաքին օգնությունը Բանգլադեշին գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 477 մլն  դոլարի, սակայն ֆինանսական այս լծակը չկարողացավ հասնել նախատեսված քաղաքական արդյունքներին:

Վարչակարգի փոփոխության այս գործողության ձախողումը կարևոր դասեր է պարունակում Հարավային Ասիայում ամերիկյան արտաքին քաղաքականության համար: Նախ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և վիզային պատժամիջոցների օգտագործման դարաշրջանը քաղաքական փոփոխությունների համար գնալով ավելի անարդյունավետ է դառնում բազմաբևեռ աշխարհում: Երկրորդ՝ պարզունակ է ենթադրությունը, որ արևմտամետ գործիչներին կարգելով երկրի ղեկավար՝ հնարավոր է հակակշռել չինական ազդեցությունը: Վերջապես, ժողովրդավարական սկզբունքների խտրական կիրառումը միայն ծառայում է Ամերիկայի նկատմամբ վստահությունը խարխլելուն:

Բանգլադեշում վարչակարգի փոփոխության ձախողված փորձը միջազգային քաղաքականությունում ԱՄՆ-ի ուժի նկատմամբ ավելի լայն մարտահրավերի մասին է վկայում: Այս դեպքը ցույց է տալիս, թե ինչպես են ԱՄՆ վարչակազմի ավանդական գործիքները՝ ՀԿ-ների ներթափանցումից և քաղաքացիական հասարակության մանիպուլյացիայից մինչև վիզային պատժամիջոցներ ու ժողովրդավարության խթանում, կորցնում իրենց արդյունավետությունը գնալով ավելի բազմաբևեռ դարձող աշխարհում:

Այն փաստը, որ Բանգլադեշի նման համեմատաբար փոքր երկիրը կարողացավ հաջողությամբ դիմակայել Բայդենի վարչակազմի ճնշմանը՝ միաժամանակ պահպանելով իր ինքնիշխան որոշումները և Չինաստանի հետ ռազմավարական գործընկերությունը, ազդարարում է համաշխարհային ուժային դինամիկայի նշանակալի փոփոխության մասին: Իր նպատակներին հասնելու Վաշինգտոնի անկարողությունը՝ չնայած փափուկ ուժի գործիքների ողջ սպեկտրի կիրառմանը, վկայում է ամերիկյան ազդեցության նվազող ազդեցության մասին: ԱՄՆ-ի միջամտությանը դիմադրությունը տեղի չի ունենում մեկուսացման մեջ: Դա ավելի լայն օրինաչափության մաս է, որտեղ երկրները, հատկապես Ասիայում, գնալով ավելի շատ են կարողանում հավասարակշռություն պահպանել մեծ տերությունների միջև, քան ենթարկվել ԱՄՆ վարչակազմի միակողմանի ճնշմանը: Բանգլադեշում ձախողումը հատկապես խարխլում է միջազգային կարգի հիմնական ճարտարապետ լինելու ԱՄՆ-ի հավակնությունը, քանի որ այն ցույց է տալիս, թե ինչպես կարող են երկրները հաջողությամբ ընտրել իրենց սեփական ուղին՝ մերժելով քաղաքական ինժեներիայի արտաքին փորձերը, նույնիսկ աշխարհի ենթադրյալ միակ գերտերության կողմից:

Հոդվածը հրապարակվել է Frontpagemag.com կայքում։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում