Գլխավոր Լրահոս

Կառուցողականները, ռացիոնալներն ու գեոպոլիտիկները. լատենտ նիկոլականների մասին

Կառուցողականները, ռացիոնալներն ու գեոպոլիտիկները. լատենտ նիկոլականների մասին

Կարպիս Փաշոյան

Նիկոլ Փաշինյանին քննադատում են բոլորը, ինչպես հակառակորդները, այնպես էլ կողմնակիցներն ու չեզոք դիրքավորում ունեցողները։ Նիկոլ Փաշինյանին նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է քննադատում չափից ավելի շատ «հայրենասեր» լինելու և ի սկզբանե «ճշմարտությունը» հանրությանը չներկայացնելու համար։ 

Այսինքն, Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի պարագայում արդեն իսկ ամեն ինչ պարզ է։ Որևէ նոր բան հնարավոր չէ ասել։ Գործ ունենք ամբողջությամբ գաղտնազերծված իշխանության հետ, որի կառավարման արդյունքները հրապարակային են ու հասանելի։ Դասական քաղաքականության տրամաբանությամբ այդ արդյունքներով (Արցախի կորուստ, ՀՀ տարածքային ամբողջականության խաթարում, ռեֆորմների ձախողում) իշխանությունը նվազագույնը պետք է հեռացվեր, իսկ առավելագույնը՝ իրավական պատասխանատվության ենթարկվեր կամ էլ լքեր երկրի տարածքը։ 

Բայց ինչպես տեսնում ենք, Փաշինյանը ոչ միայն շարունակում է պաշտոնավարել, այլև պատրաստվում է վերարտադրվել 2026-ին։ Տրամաբանական հարց է առաջանում՝ գրեթե բոլոր ոլորտներում ձախողած և բոլոր կողմերից քննադատված իշխանությունն ինչպե՞ս է կարողանում կենսունակ մնալ։ 

Իմ համոզմամբ, ի թիվս քաղաքական և աշխարհաքաղաքական բազմաթիվ պատճառների, խնդիրը նաև փիլիսոփայական է և քողարկված է արդի դարաշրջանի առանձնահատկությունների մեջ։ Կարելի է ենթադրել, որ «քննադատել» բայը այլևս կորցրել է իր հիմնական գործառույթը։ Անցել են այն ժամանակները, երբ թերթերում գրված քննադատական հոդվածները կարող էին քաղաքական ճգնաժամի հանգեցնել։ Չկա նաև մարդակուլ ցենզուրան, որը նույնիսկ բանաստեղծական հանգերն էր գաղափարախոսական խմբագրման ենթարկում։ Փաստացի, քաղաքական ամբողջատիրությունը փոխարինվել է մշակութային ամբողջատիրությամբ, որտեղ արգելքը փոխարինվել է գործողության իմիտացիայով։ Այսինքն, քննադատությունը որպես այդպիսին համակարգի պարտադիր ատրիբուտներից մեկն է, և մարդիկ սուր քննադատելով և նույնիսկ հայհոյելով իշխանությանը, միևնույն է շարունակում են մնալ այդ համակարգի մի մասնիկը՝ նույնիսկ սեփական կամքից անկախ։ 

Փիլիսոփայական այս փակուղում Փաշինյանի քննադատներից շատերը դրսևորվում են որպես «լատենտ նիկոլականներ»։ Միգուցե նրանք չգիտեն էլ դրա մասին կամ էլ ինքնապաշտպանական բնազդներից ելնելով հրաժարվում են առերեսվել սեփական ես-ի հետ։ Ստացվում է, որ Փաշինյանն իրականում ոչ մի լուրջ քննադատության էլ չի ենթարկվել, կամ էլ նրա ընդդիմախոսները ընդամենը էսթետիկական վերապահումներ են ունեցել այս կամ այն դրվագի վերաբերյալ։ Օրինակ՝ առավոտյան հայհոյել են խոզ խանձող վարչապետին, իսկ երեկոյան տպավորվել դիկտատոր Լուկաշենկոյի «պորտը դեղը դնող» Փաշինյանի կերպարով։ Կամ էլ քննադատել են Փաշինյանին Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը տապալելու մեջ, բայց հաջորդ պահին կարևորել այն հանգամանքը, որ նա ընդունել է իր սխալներն ու հիմա իր նվաստացման գնով նոր երկիր է կառուցում։

Ասվածից հետևում է, որ մեր խնդիրը ոչ այնքան Փաշինյանին հաղթելն է, որքան նրա շուրջ ձևավորված համակարգի իմաստազրկումը։ Խնդիրը ոչ թե հենց կերպարն է, այլ համակարգի սաղմնավորած մտածողության ձևն ու աշխարհայացքը, որը գաղափարական տեսանկյունից լեգիտիմացնում է Փաշինյանի իշխանությունն ու անհնար դարձնում Հայաստանի գոյությունը առանց  Փաշինյանի։ 

Թեմայի համատեքստում որոշակի ծաղկաքաղ եմ արել՝ հավաքելով Փաշինյանին ուղղված ամենատարածված քննադատությունները։ 

Օրինակ, մարդիկ կան, որ նույնիսկ վեց տարի անց ՔՊ-ին քննադատում են թալանը չվերադարձնելու, դատական համակարգը չբարեփոխելու և վեթինգ չիրականացնելու համար։ Եվ այս քննադատության մեջ տիրապետողը չմեռնող հույսն է։ Կարծես թե, նրանք դեռ սպասում են թալանի վերադարձին ու թալանչիների պատժին։ Ի դեպ, այս նույն մեղքերի մեջ Նիկոլ Փաշինյանին քննադատում է նաև հենց Նիկոլ Փաշինյանը։ 

«Լատենտ նիկոլականներ» են նաև այն խմբերը, որոնք պնդում են, թե Ղարաբաղի հարցը լուծում չուներ կամ էլ Պուտինն է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին։ 

Այս խմբում են նաև նրանք, ովքեր պնդում են, թե ղարաբաղցիները չկռվեցին և, հանձնելով իրենց հայրենիքը, տեղափոխվեցին Հայաստան։ Դեռ 44-օրյա պատերազմի ժամանակ տեղեկություններ էին տարածվում, թե հայաստանցի զինվորները Արցախում զոհվում են, իսկ ղարաբաղցի տղամարդիկ երևանյան սրճարաններում և ակումբներում ժամանակ են անցկացնում։ Որևէ կերպ չեմ ուզում մեկնաբանել արցախցիներին վերագրվող անբարոյական ստերը, որքան էլ դրանք տարածված լինեն։ 

Եթե Փաշինյանի ամենախիստ և հանդուգն քննադատը պնդում է, որ Ղարաբաղի հարցը լուծում չուներ, և մենք պարտվել ենք, քանի որ բանակը թալանված էր, նշանակում է նա իշխանության ամենապինդ հիմնասյունն է, ավելի պինդ, քան Վահագն Ալեքսանյանն ու Գևորգ Պապոյանը միասին վերցրած։ Նույնը կարելի է ասել պատասխանատվության ողջ բեռը Ռուսաստանի վրա գցողների մասին։ Ավելի լավ որևէ մեկը չի կարող սրբագործել Նիկոլ Փաշինյանին։ 

Շատ ավելի հետաքրքրիր են կառուցողական դիրքավորվածները։ Սրանք էլ Փաշինյանին մեղադրում են պակաս արևմտամետ լինելու մեջ։ Իսկ քննադատության հիմնական նյութն էլ տնտեսական դիվերսիֆիկացիա չիրականացնելն է ու դեպի ԵՄ ու ՆԱՏՕ գնալու կտրուկ քայլեր չանելը։

Կառուցողականներին ոչնչով չեն զիջում ռացիոնալները, որոնք «դեկարտյան» տոնայնությամբ բոլորին մեղադրում են իռացիոնալիզմի մեջ։ Դեմքի լուրջ արտահայտությամբ անընդհատ առաջարկում են խոսել թուրքերի հետ, իսկ ժողովրդին մեղադրում միֆերով ապրելու մահացու մեղքի մեջ։ Եթե այդ պատրանքները չլինեին, ապա Թուրքիան բարի կամք կդրսևորեր ու կբացեր սահմանը։ 

Կառուցողականներին ու ռացիոնալներին «շախ ու մատ» են անում գեպոլիտիկները, որոնք նախագծում են ՀՀ նոր անվտանգային ճարտարապետությունը, իհարկե Ռուսաստանից անդին, ՀԱՊԿ-ից դուրս, Թուրքիայի լռությամբ, հնդկական զենքով, ֆրանսիական օրհնությամբ և անպայման Իրանի մասնակցությամբ։ 

Կառուցողականները, ռացիոնալներն ու գեոպոլիտիկները հաճախ նույն մարդիկ են։ Նրանք որպես կանոն դժգոհ են Փաշինյանից, բայց այս փուլում այլընտրանք չեն տեսնում։ Ընդունում են, որ 2019-2020 թվականներին նա սխալվել է, բայց, միևնույն է, սպասում են խաղաղության պայմանագրին։ ՀՀ քաղաքացիներին համոզում են, որ Ալիևը դեռ պետք է ծանր գին վճարի պատերազմում հաղթանակի համար ու միգուցե հակասություններ ունի Էրդողանի հետ։ Նրանք նաև անասնական վախ են քարոզում պատերազմի նկատմամբ։ Իհարկե բանական մարդը պետք է զգուշանա և վախենա պատերազմից։ Բայց այս պարագայում խոսքը հենց անասնական վախի մասին է, ինչը ենթադրում հանրության լիակատար բարոյալքում և պետությունը պաշտպանելու անհրաժեշտության իմաստազրկում։ Ի՞նչ իմաստ ունի դիմադրել արտաքին մարտահրավերներին, եթե ամեն օր հեռուստատեսությամբ մարդկանց բացատրում են, որ մենք ռեսուրսներ չունենք։ 

Վերոհիշյալ խմբերը երբեմն նաև զոհողության են գնում հանուն Հայաստանի Հանրապետության։ Նրանք պատրաստ են մոռացության մատնել ու չնկատել Նիկոլ Փաշինյանի նույնիսկ ամենազազրելի արարքը հանուն ՀՀ ժողովրդավարական ապագայի։ Հանուն նրա, որ «արյունարբու» Քոչարյանն ու նախկինները չվերադառնան։ Ղարաբաղի կորուստը ոչինչ է, եթե հաշվի առնենք այն փաստը, որ ՀՀ-ն այլևս իրական է ու պատմության մեջ առաջին անգամ դեմարկացված սահման ունի։

Եվ իհարկե «լատենտ նիկոլականության» գագաթնակետը ՀՀ տարածքից ռուսական ռազմաբազան դուրս հանելու պահանջն է. չէ՞ որ Պուտինն ու Ռուսաստանը վստահելի գործընկերներ չեն և հարկ եղած դեպքում «գցում» են իրենց դաշնակիցներին (Ասադին, Արցախի քաղաքական վերնախավին)։ Բացի այդ, ըստ նրանց, ռուսների ներկայությունը ՀՀ սահմաններին իմաստ չունի և երբևէ չի ունեցել, քանի որ Թուրքիայի կողմից սպառնալիքը չափազանցված է։ Թուրքիան ՀՀ-ի դեմ երբեք ագրեսիվ գործողություններ չի պլանավորել, և ՀՀ անվտանգությունն իրականում ապահովում են ԵՄ դիտորդները։ 

Ռացիոնալներն ու կառուցողականները սիրում են նաև քչփորել պատմությունը, դիմակազերծել ակադեմիական պատմագիտության միֆերը, խոսել երևույթների մասին, որոնք դուրս են մնացել գիտական շրջանակների ուշադրությունից։ Իսկ ո՞րն է, ըստ նրանց, ամենամեծ միֆը։ Պարզվում է՝ Օսմանյան կայսրությունը ամենևին էլ հայերին ցեղասպանելու մտադրություն չի ունեցել, հայ հպատակներն իրենց համար խաղաղ ապրել են, և միայն ռուսական սադրանքն ու հայ բնակչության դավաճանությունն է «խեղճ թուրքերին դրդել» ոչնչացնելու խաղաղ մարդկանց։ 

Բնականաբար «լատենտ նիկոլականության» հարացույցում Ղարաբաղ երբեք գոյություն չի ունեցել, իսկ Բաքվի բանտերում գերիներ չկան. «Բաքո Սահակյանին ու Ռուբեն Վարդանյանին հասնում էր»։ Ինքնիշխանության և սոցիալական արդարության փաշինյանական մեկնաբանությամբ՝ Ալիևն ընդամենը արդարությունն է վերականգնել։ 

Այս շարքը դեռ երկար կարող ենք շարունակել։ Բայց անգամ այս փոքրիկ ծաղկաքաղը ցույց է տալիս, թե ինչ քայքայիչ հերձվածներ ու գաղափարներ է գեներացնում համակարգը։ Համակարգ, որը միս ու արյուն է ստանում առաջին հայացքից իշխանության հետ կապ չունեցող և Նիկոլ Փաշինյանին քննադատող անհատների ու խմբերի միջոցով։ Սա մշակութային ամբողջատիրության կենսունակ դրսևորում է, որը խժռում է մարդկային բանականությունն ու ջախջախում հայոց պետականության ողնաշարը։ 

Մարդիկ փաստացի կապ չունենալով իշխանության հետ՝ դառնում են այս նորարարական թվացող գաղափարների ու աշխարհայացքի կրողը, ամբողջությամբ տեղավորվում են այդ համակարգի թելադրած խաղի կանոնների մեջ, որտեղ սուտն ու ճշմարտությունը, բարոյականն ու անբարոյականը, պետականն ու հակապետականը, դավաճանությունն ու հերոսությունը նույն երեսն ունեն։ Հետևաբար, մեր հիմնական խնդիրը պետք է լինի հենց այս համակարգի ճեղքումն ու կազմաքանդումը։ 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում