Գլխավոր Լրահոս

Կդառնա՞ BRICS-ը ուժի նոր կենտրոն. Ջոզեֆ Նայ

Կդառնա՞ BRICS-ը ուժի նոր կենտրոն. Ջոզեֆ Նայ

Ջոզեֆ Նայ

Հոդվածը հրապարակվել է Project Syndicate կայքում։

2025 ին մենք, հավանաբար, կիմանանք պատասխանը այն հարցի, թե արդյոք BRICS խումբը (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) կդառնա ուժի նոր կենտրոն համաշխարհային քաղաքականության մեջ: Նոր անդամների (Եգիպտոս, Եթովպիա, Իրան, ԱՄԷ) միանալուց հետո, երբ այն սկսեց ներկայացնել մոլորակի բնակչության 45%-ը, որոշ փորձագետներ սկսեցին պնդել, որ այն համախմբում է «Գլոբալ հարավը» (մոլորեցնող եզրույթ) և լուրջ մարտահրավեր է նետում ԱՄՆ-ի և Արևմուտքի իշխանությանը: Սակայն ես շարունակում եմ թերահավատորեն վերաբերվել նման հայտարարություններին:

2001-ին, երբ Ջիմ Օ'Նիլը (այն ժամանակ Goldman Sachs բանկի գլխավոր տնտեսագետը) հորինեց BRIC հապավումը, նա պարզապես ցանկանում էր առանձնացնել չորս զարգացող երկրներ, որոնք ենթադրաբար մինչև 2050-ը կգերիշխեն համաշխարհային տնտեսության աճում: Սակայն այս բրենդը շուտով ձեռք բերեց քաղաքական որակ: 2006-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում այն դարձավ դիվանագիտական ոչ պաշտոնական միավորում, իսկ այնուհետև՝ պաշտոնական կազմակերպություն, երբ 2009-ին տեղի ունեցավ BRIC-ի առաջին գագաթնաժողովը: Այդ գագաթնաժողովում, որը տեղի էր ունենում Ռուսաստանում, շեշտը՝ ինչպես և հիմա, դրվում էր բազմաբևեռ աշխարհակարգի գաղափարի առաջմղման վրա: Արդեն մեկ տարի անց BRIC հապավմանը ավելացավ S տառը, քանի որ խմբին միացավ Հարավային Աֆրիկան (South Africa):

Ուոլ Սթրիթի ֆինանսական ակտիվների դասը վերածվեց միջազգային կազմակերպության մասամբ այն պատճառով, որ այն համապատասխանում էր Ռուսաստանի և Չինաստանի՝ զարգացող աշխարհը գլխավորելու ցանկություններին: BRICS-ի 16-րդ գագաթնաժողովը, որը տեղի ունեցավ Ռուսաստանում 2024-ի հոկտեմբերին, առաջին անգամ անցկացվեց կազմակերպության նոր անդամների մասնակցությամբ (թեև Սաուդյան Արաբիան դեռ չի որոշել՝ ընդունել, թե ոչ խմբին միանալու հրավերը, իսկ Արգենտինայի նոր կառավարությունը մերժել է այն): Գագաթնաժողովին ներկա էին 36 երկրների ղեկավարներ,  միջազգային բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, իսկ Թուրքիան դիմում է ներկայացրել BRICS-ին անդամակցելու համար:

2024-ի գագաթնաժողովը նվիրված էր «Գլոբալ հարավի» ներսում կապերի զարգացմանը և բազմաբևեռ աշխարհի կառուցմանը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգտվեց առիթից՝ ցուցադրելու իր համաշխարհային դիվանագիտական նշանակությունը՝ չնայած 2022-ին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմանը:

Քանի որ ավելի ու ավելի շատ երկրներ են հետաքրքրություն ցուցաբերում BRICS-ին անդամակցելու հարցում, թվում է, թե այս խումբն իրոք կարող է ներկայանալ որպես ԱՄՆ-ի գլխավորությամբ աշխարհակարգին դիմադրության առաջատար: Երբեմն այն նույնիսկ համարվում է Սառը պատերազմի ժամանակների «Չմիացման շարժման» ժառանգորդը. նրա անդամները հրաժարվում էին ընտրություն կատարել ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև: Բայց թեև Չմիացման շարժման երկրներն ունեին ԱՄՆ-ին դիմադրելու ընդհանուր շահ, այդ շարժման հիմնադիրների թվում չէին Ռուսաստանը և Չինաստանը:

Ամեն դեպքում, BRICS-ը դժվար թե կարողանա պաշտոնապես միավորել «Գլոբալ հարավը»: Այս կազմակերպության խոշորագույն և կարևորագույն անդամները՝ Չինաստանը, Հնդկաստանը և Ռուսաստանը, գտնվում են հասարակածից հյուսիս, և նրանք մրցակցում են միմյանց հետ առաջնորդության համար:

Ռուսաստանը և Չինաստանն իրոք շահագրգռված են պայքարել այն բանի դեմ, ինչը նրանք անվանում են ամերիկյան սպառնալիք, և հայտարարել են «առանց սահմանափակումների դաշինքի» մասին: Սակայն այս կարգախոսների հետևում թաքնված են ռազմավարական գնահատականների լուրջ տարբերություններ: 19-րդ դարում, երբ Ցին դինաստիան թույլ էր, Ռուսաստանը Չինաստանից վերցրեց տարածքների հսկայական կտորներ, բայց այսօր Չինաստանի տնտեսությունը տասն անգամ մեծ է, քան Ռուսաստանինը: Երկու երկրները պայքարում են Կենտրոնական Ասիայում ազդեցության համար, և Չինաստանը մտահոգված է, որ Ռուսաստանը ներգրավել է ԿԺԴՀ-ին՝ Չինաստանի հարևան երկրին, Ուկրաինայի դեմ պատերազմում:

Նույնիսկ ավելի կարևոր զսպող գործոն BRICS-ի՝ որպես կազմակերպության զարգացման համար դարձավ Չինաստանի և Հնդկաստանի (այսօր աշխարհի ամենամեծ բնակչություն ունեցող երկիրը) միջև մրցակցությունը: Չինաստանը շատ ավելի հարուստ է, քան Հնդկաստանը, բայց այն ապրում է ժողովրդագրական անկում (ինչպես և Ռուսաստանը), մինչդեռ Հնդկաստանում բնակչության և աշխատուժի թիվը շարունակում է աճել:

Բացի այդ, Չինաստանը և Հնդկաստանն ունեն ընդհանուր վիճելի սահման Հիմալայներում, որտեղ նրանց զինված ուժերը պարբերաբար բախումներ են ունենում: Իրավիճակը բարդանում է Չինաստանի՝ Պակիստանի հետ ավանդական բարեկամությամբ: Ավելին, Չինաստանի հետ կապված մշտական անհանգստություններն պատճառներից մեկն են, թե ինչու է Հնդկաստանն ընդհանրապես միացել BRICS-ին: Թեև այս երկիրը խուսափում է պաշտոնական դաշինքներից, նույն պատճառով այն ակտիվացրել է մասնակցությունը «the Quad» խմբում (որը ներառում է ԱՄՆ-ը, Ճապոնիան և Ավստրալիան):

BRICS-ին նոր երկրների անդամակցությունը այդ խումբն ավելի ուժեղ չի դարձնում, այլ միայն նոր հակամարտություններ է ներմուծում: Եգիպտոսը և Եթովպիան վիճում են ջրամբարի պատճառով, որը Եթովպիան կառուցում է Նեղոս գետի վրա, իսկ Իրանը երկարատև տարաձայնություններ ունի ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի (BRICS-ի հավանական անդամ) հետ: Կազմակերպության ներսում այս նոր տարաձայնությունները չեն բարձրացնի նրա արդյունավետությունը, այլ միայն կդանդաղեցնեն նրա աշխատանքը: Զարգացող երկրների 77-ի խմբում նույնիսկ ավելի շատ անդամներ կան, և նրա գործունեությունը քրոնիկ արգելափակվում է ներքին տարաձայնություններով:

2024-ին BRICS+ գագաթնաժողովում քննարկվում էին այնպիսի հարցեր, ինչպիսիք են տնտեսության և անվտանգության ոլորտում համագործակցությունը, մշակութային փոխանակման զարգացումը, ենթակառուցվածքների և կայուն տնտեսության զարգացման համատեղ նախագծերը: Սակայն նման խոսակցությունները սովորաբար նշանակալի արդյունքներ չեն բերում: 2014-ին այս խումբը հիմնադրեց Զարգացման նոր բանկ՝ Շանհայում կենտրոնակայանով, բայց առայժմ այս հաստատությունը էական արդյունքների չի հասել:

BRICS-ը հայտարարում է նաև դոլարից ազատվելու և իր անդամների միջև երկկողմ առևտրում սեփական արժույթներով հաշվարկներ կատարելու մտադրության մասին, սակայն ձեռք բերված առաջընթացը փոքր է: Դոլարը որպես գլոբալ պահուստային արժույթ փոխարինելու ցանկացած լուրջ փորձ պահանջում է, որ Չինաստանը ստեղծի յուանի աջակցություն խորը, ճկուն կապիտալի շուկայի և իրավական պետության տեսքով, բայց նա խիստ հեռու է այս պահանջները կատարելուց:

Այսպիսով, ինչի՞ համար է պետք BRICS-ը: Որպես դիվանագիտական մեկուսացման հաղթահարման գործիք, այն, անկասկած, օգտակար է Ռուսաստանին: Որպես զարգացող աշխարհում առաջնորդությունը ցուցադրելու դիվանագիտական գործիք, այն օգտակար է Չինաստանին: Որպես Չինաստանին հակազդելու ուղի, այն մասամբ օգտակար է Հնդկաստանին: Որպես ազգային զարգացման հաջողությունները ցուցադրելու համեստ բեմ, այն երբեմն օգտակար է Բրազիլիային և ՀԱՀ-ին: Բայց այն վերածվո՞ւմ է արդյոք համաշխարհային քաղաքականության նոր կենտրոնի այս բոլոր գործառույթների շնորհիվ: Ես կարծում եմ՝ ոչ:

Ջոզեֆ Նայը ամերիկացի քաղաքագետ է, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր: Նա «փափուկ ուժի» տեսության հեղինակն է: Նայը եղել է ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականը և Ազգային հետախուզության խորհրդի նախագահը: Նրա աշխատանքները մեծ ազդեցություն են ունեցել միջազգային հարաբերությունների տեսության և դիվանագիտության վրա:

What Are the BRICS Good For?

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում