Գլխավոր Լրահոս

2024-ի կարևորագույն դատական վճիռները

2024-ի կարևորագույն դատական վճիռները

Գևորգ Թոսունյան

ՍիվիլՆեթն ամփոփում է 2024-ի նշանակալից դատական վճիռներն ու որոշումները, որոնք էական ազդեցություն են ունեցել հանրային կյանքի վրա։

Հաագայի դատարանի որոշումը

Արցախի բնակչության էթնիկ զտումից ավելի քան մեկ տարի անց Արդարադատության միջազգային դատարանը միջանկյալ որոշում կայացրեց։ 2024-ի նոյեմբերին դատարանը մերժեց Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները՝ բավարարելով Հայաստանինը: Դատարանն արձանագրեց, որ Հայաստանի պահանջները, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի սպանություններին, խոշտանգումներին և անմարդկային վերաբերմունքի դեպքերին, ինչպես նաև ազատազրկումներին և բռնի անհետացումներին, բխում են կոնվենցիայից: Սա, սակայն, դեռ չի նշանակում, որ գործը ավարտվել է, վերջնական որոշումը կարող է տարիներ անց կայացվել։

Քոչարյանի և մյուսների գործի նոր փուլը

2024-ի սեպտեմբերին Վճռաբեկ դատարանի որոշմամբ բեկանվեց ու նոր քննության ուղղարկվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործը։ Նոյեմբերին Հակակոռուպցիոն դատարանում դատախազները միջնորդեցին նոր մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին՝ պաշտոնատար անձի կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելու և անցնելու հոդվածով։

2018-ի հուլիսի 26-ին Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի կամ Սահմանադրական կարգի տապալման գործով։ Գործը վերաբերում էր 2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձություններին։ Այս գործը դատարան մտավ 2019-ի ապրիլին։ Քննության ընթացքում դատարանը որոշեց դիմել Սահմանադրական դատարան՝ պարզելու ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի սահմանադրականության հարցը։ ՀՀ Սահմանադրական դատարանը 2021-ի մարտի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածը ճանաչեց ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ Այս հիմքով պաշտպանները միջնորդեցին կարճել գործը, իսկ Աննա Դանիբեկյանը բավարարեց այդ միջնորդությունը։ Այնուհետև դատախազությունը գործը բողոքարկեց և Վճռաբեկ դատարանը բեկանեց Դանիբեկյանի որոշումն և այն ուղարկեց նոր քննության։

«Դիզվառելիքի գործով» Սերժ Սարգսյանի արդարացումը

2024-ի մայիսին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը արդարացվեց «Դիզվառելիքի գործով»։ Այս գործը դատարանում էր 2019-ի դեկտեմբերից։ Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել գյուղացիներին մատչելի գներով դիզվառելիքի մատակարարման պետական ծրագրով մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար: Գործով անցնում էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը (մահացել է 2021-ին), «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը և այլք։ Բեգլարյանը ևս արդարացվեց։ Գործն լրացել էր վաղեմության ժամկետը, ինչն էլ հիմք էր մեղադրական դատավճիռ չկայացնելու համար։ Այնուհետև դատավճիռը կայացրած դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին, սակայն ոչ թե այս, այլ «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանի քրեական գործի հիմքով։ Դատավորը գործը ստացել էր 2021-ի սկզբին, իսկ դատավճիռը կայացրել 2024-ի կեսին, այսինքն՝ խախտվել էին գործի քննության ողջամիտ ժամկետները։

Ազգային հերոսի դատապարտումը

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, Նիկոլ Փաշինյանի կողմից Ազգային հերոսի կոչման արժանացած Անդրանիկ Փիլոյանը դեկտեմբերին դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման և 1,3 միլիոն դրամ տուգանքի՝ խոշոր չափերի կաշառք ստանալու և կոռուպցիոն այլ հանցանքների համար: Փիլոյանը 44-օրյա պատերազմի ժամանակ ղեկավարել էր Արցախի հարավային ուղղության պաշտպանությունը։

Լրտեսության գործով դատավճիռ

2024-ի նոյեմբերին լրտեսության համար 18 տարվա ազատազրկման դատապարտվեց Արցախի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը։ Դատախազությունը նրա համար ցմահ ազատազրկում էր պահանջել և հայտարարեց, որ կբողոքարկի վճիռը: Գալստյանը մեղադրանքը չէր ընդունում։ Նա ինքնախոստովանական ցուցմունք էր տվել Ադրբեջանի օգտին լրտեսություն անելու համար, սակայն դատաքննության փուլում հրաժարվել էր ցուցմունքից։

ԲԴԽ-ի որոշումը և փախած մեղադրյալի գործը

2024-ին ուշագրավ մի որոշում կայացրեց Բարձրագույն դատական խորհուրդը՝ խիստ նկատողություն հայտարարելով դատավոր Արտուշ Գաբրիելյանին, բայց հետաքրքիրը ոչ թե այդ իրավական ակտը, այլ ենթատեքստը։

Այս վարույթից պարզ դարձավ, որ ԱՄՆ-ի կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացի Օլեգ Նեֆեդովը 2024-ի հունիսի 22-ին փախուստի է դիմել Երևանի առաջին ատյանի դատարանից՝ իր կալանավորման նիստի ժամանակ: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորման միջնորդությունը ստանալուց հետո նիստը նշանակել էր 72-ժամյա ժամկետի ավարտից ընդամենը մեկ ժամ առաջ, չնայած որ հերթապահ դատավոր էր: Նիստի ընթացքում դատավորը 15 րոպեով ընդմիջում էր հայտարարել՝ թույլ տալով թարգմանչին թարգմանել փաստաթղթերը, իսկ այդ ընթացքում Նեֆեդովը հեռացել էր դատարանի շենքից ու առ այսօր նրա գտնվելու վայրն անհայտ է: Դատավորը կալանավորման որոշումը կայացրել էր Նեֆեդովի փախուստից հետո: ԲԴԽ-ն Գաբրիելյանին հայտարարեց խիստ նկատողություն, չնայած խորհրդի անդամ Կարեն Թումանյանը պնդում էր, որ դատավորի լիազորությունների պետք է դադարեցնել։ Հետագայում դատախազությունը հայտնեց, որ պահանջում է Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, տրանսպորտային և դրամական միջոցներ։

Երևանի կարմիր գծերի հաղթանակած դատավճիռը

2024-ի վերջին էլ Վարչական դատարանն անվավեր ճանաչեց Երևանի ավագանու՝ ավտոկայանատեղիների նոր դրույքաչափերի վերաբերյալ որոշումը՝ բավարարելով «Մայր Հայաստան» խմբակցության հայցը։ Քաղաքապետարանը հայտնել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը։

2023-ի տարեվերջին ավագանու որոշմամբ մայրաքաղաքում ավտոկայանատեղիների վճարների դրույքաչաափերը բարձրացվել էին տարեկան մինչև 160 000 դրամ։ Որոշումն ուժի մեջ է մտել 2024-ի հունվարի 1-ից։ Մինչ այդ ավտոկայանատեղիների համար գործող տարեկան վճարը 12 000 դրամ էր։ «Մայր Հայաստան» խմբակցությունը 2024-ին դատական կարգով վիճարկեց ավագանու այս որոշումը։ Վարչական դատարանը, քննելով գործը, եզրակացրեց, որ դրույքաչափերի բարձրացումը պատշաճ կերպով հիմնավորված չէ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում