Գլխավոր Լրահոս

Հայաստանի առաջին քայլը պետք է լինի միջնորդների փնտրտուքը

Հայաստանի առաջին քայլը պետք է լինի միջնորդների փնտրտուքը

Կարպիս Փաշոյան

Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական լրատվամիջոցների հետ զրույցի ընթացքում ատելության անզուսպ կրակահերթերով կրկին սպառնալիքներ է ներկայացրել Հայաստանին։ 2020-ի պատերազմից հետո սա թերևս նրա ամենասուր ելույթն էր, որը ավելի շատ վերջնագիր էր հիշեցնում։ Ալիևի պնդմամբ՝ Հայաստանը 30 տարի կառավարվել է ֆաշիստների կողմից և ֆաշիստական գաղափարախոսությամբ։ Ըստ նրա՝ ՀՀ-ն տարածաշրջանային կայունության և խաղաղության ամենառանցքային խոչընդոտն է, քանի որ այն պատնեշ է Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Ալիևը սպառնում է ապամոնտաժել այդ պատնեշը՝ ասելով․ ««Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի, և այն բաց կլինի, ինչքան շուտ հասկանան, այնքան լավ»։

Ադրբեջանի և Թուրքիայի վարքագիծը, Ալիևի և Էրդողանի հայտարարությունները, տարածաշրջանային զարգացումները վկայությունն են այն պարզ իրողության, որ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը դատապարտվել է լիակատար ձախողման։ Հիմքեր կան պնդելու, որ դեպի երանելի խաղաղություն ճախրող Հայաստանն իրականում գլորվում է դեպի հերթական պատերազմ, որը բնականաբար կարող է կործանարար հետևանքներ ունենալ։ 

Փաստորեն, առանց միջնորդների բանակցելու և Ադրբեջանի հետ ուղիղ խոսելու այդքան գովազդված մարտավարությունն ամբողջությամբ սնանկ դուրս եկավ։ Իրականում սա ընդամենը պատրանք էր, առանց որևէ քաղաքական հաշվարկի ու քաղաքագիտական վերլուծության։ Բաքվի համար ուղիղ երկխոսությունը պարզապես գործիք էր Երևանին իր կամքը թելադրելու, միակողմանի զիջումներ պարտադրելու, ռազմաքաղաքական բարենպաստ դիրքեր զբաղեցնելու և հակառակորդին վերջնականապես ծնկի բերելու համար։

Այսպիսի պայմաններում ՀՀ-ն պետք է հրատապ քայլեր ձեռնարկի պատերազմը կանխելու կամ էլ դրա հնարավորությունը ժամանակավորապես հեռացնելու համար։  

Այս ուղղությամբ թերևս ամենատարրական քայլը կլինի բանակցություններում միջնորդների փնտրտուքը։ Միանշանակ է, որ Ֆրանսիան չի կարող այդ առաքելությունը ստանձնել, քանի որ ակնհայտ հայամետ դիրքորոշում է որդեգրել՝ Ադրբեջանի համար դառնալով անվստահելի գործընկեր։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նա այդպիսի հայտ չի ներկայացրել նույնիսկ Բայդենի վարչակազմի օրոք։ Իսկ Թրամփի վարչակազմից դեռ չգիտենք, թե ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ։ Նախնական տվյալներով նորընտիր նախագահն Իրանին դիտարկում է որպես առաջնային սպառնալիք և պարզ չէ, թե նախընտրական հռետորաբանությունը ինչ մարմնավորում կստանա Օվալաձև աշխատասենյակում։ Թերևս հենց այս հանգամանքով է պայմանավորված Վաշինգտոնի քաղաքականությունը Հարավային Կովկասում։ 

Այս ամենը հաշվի առնելով՝ ներկա դրությամբ միջնորդի միակ իրական թեկնածուն շարունակում է մնալ Ռուսաստանը։ Իհարկե, Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ անվստահության մթնոլորտ է ձևավորվել՝ կապված 44-օրյա պատերազմի, 2022-ին Հայաստանի դեմ ագրեսիայի և 2023-ին Արցախի հայաթափման իրադարձությունների հետ։ Անվստահությունն ու քննադատությունը որոշ առումով արդարացված են, և մարդիկ կարող են ճշգրիտ հարցադրում անել երաշխիքների վերաբերյալ։ Կարո՞ղ է արդյոք Ռուսաստանը երաշխավորել երկարաժամկետ, կայուն խաղաղություն Հարավային Կովկասում։ Կարո՞ղ է երաշխավոր դառնալ Հայաստանի տարածքային ամբողջականության անքակտելիության համար՝ զսպելով ադրբեջանական հնարավոր ագրեսիան։

Սրանք ճիշտ հարցեր են, որոնք, ցավոք, պատասխաններ չունեն։ Այս հարցերը նաև ինչ-որ առումով զգացմունքային են, և մարդիկ չեն փորձում հասկանալ, որ միջազգային հարաբերությունները փողոցային ասպետական ճշմարտություններով և բարքերով չեն աշխատում։ Իրականում երաշխիքներ տալ ոչ մի ուժ չի կարող։ Իսկ եթե տան էլ, ապա դրանց պետք է խիստ կասկածանքով վերաբերվել։ Յուրաքանչյուր պետություն առաջորդվում է իր շահերով, և դրանք հաճախ կյանքի են կոչվում ինչ-որ մեկի տառապանքի և դժբախտության հաշվին։

Երաշխիքների մասին խոսակցություններ ծավալվում էին նաև 2017-ին, երբ ՀԱԿ-ն ու առաջին նախագահը առաջարկում էին գնալ փոխզիջումների և հասնել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այդ ժամանակ էլ մարդիկ, փրփուրը բերաններին, երաշխիքներ էին պահանջում։ Բայց որտեղի՞ց գտնել այդպիսի երաշխիքներ։ Հիմա էլ է գրեթե նույն իրավիճակը։ 

Հայաստանը նորից դարձել է երաշխիքների փնտրտուքի գերին՝ աշխարհի տարբեր անկյուններում անվտանգության մասին խոստումներ կորզելու պարզունակ ակնկալիքով։ Այո՛, հասկանալի է, Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունք կա։ Բայց չէ՞ որ մենք պետություն ենք, իսկ դա նշանակում է, որ չենք կարող առաջնորդվել նեղացած ու նեղված պատանու տրամաբանությամբ։ Պետք է հասկանանք, որ ինչքան էլ գլուխներս ջայլամի պես հողի տակ մտցնենք, միևնույն է, այդ տերությունը կա։ Նա այստեղ է, այս տարածաշրջանում և իրական շահեր է հետապնդում։ Անհրաժեշտության դեպքում՝ նաև պարտադրում։ Հասուն պետությունը չի կարող հաշվի չառնել այս իրողությունն ու հետևություններ չանել։ 

Ի դեպ, այս պարագայում նույնպես Նիկոլ Փաշինյանի հաշվարկները սխալ դուրս եկան։ 2022-ից նա տարվել էր խելացնոր այն գաղափարով, թե Ռուսաստանն անխուսափելիորեն ծանրագույն պարտություն է կրելու Ուկրաինայում, ինչը կհանգեցներ թուլացած և հյուծված այդ տերության դուրսմղմանը Հարավային Կովկասից։ Բնականաբար, հայ «ինտելեկտուալների» վաղեմի երազանքն այս անգամ էլ կյանքի չկոչվեց։ Ուկրաինայում ռազմական գործողությունները կայուն և կանոնակարգված հուն մտցնելուց և որոշակի առաջխաղացում արձանագրելուց հետո Մոսկվան, ամենայն հավանականությամբ, վերստին ուշադրությունը կենտրոնացնելու է Հարավային Կովկասի ուղղությամբ։ Վստահաբար տարածաշրջանային «տորթի» ամենահյութալի կտորը Ադրբեջանն է, որը կարող է էլ ավելի հյութալի դառնալ ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրման համատեքստում։ 

Ակնհայտ է, որ Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի տապալումից, Իսրայելի կողմից Համասին և Հեզբոլլահին հասված ծանրագույն հարվածներից հետո, թուլացած Իրանը կարող է նահանջել իր անշեղ կարմիր գծերից՝ սակարկելով ՀՀ-ի տարածքային ամբողջականությունն ու գործարքի գնալով Բաքվի և Անկարայի հետ։ 

Այս ամենը հուշում, որ Հայաստանի համար ամենաձեռնտու բանակցային հարթակը դեռ մնում է Մոսկվան։ Որքան էլ «արևմտամետ» քարոզիչները պնդեն, թե Ռուսաստանը թշնամական պետություն է և ռուս-թուրքական տանդեմը սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանության և անկախության համար, միևնույն է, տարածաշրջանյին անվտանգության և կայունության ճարտարապետությունը մեծապես կախված է հենց այդ երկրից։ Առաջին հերթին հենց այն հիմնավորմամբ, որ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ փաստաթուղթ ունեն այդ երկրի հետ ստորագրած, որն է՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Փաստաթուղթն այդ որևէ մեկը չի չեղարկել, ստորագրությունները ետ կանչված չեն, ինչից էլ հետևում է, որ եռակողմ հայտարարության երեք կողմերը դեռ համատեղ շահեր ու հետաքրքրություններ ունեն։ Մասնավորապես՝ խոսքը 9-րդ կետի մասին է։ Ծանրագույն պայմաններում գտնվող Հայաստանը պետք է այդ հարցում զիջման գնա և բանակցություններ վարի ՌԴ ԱԴԾ-ի վերահսկողությամբ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհ տրամադրելու հարցի վերաբերյալ։ Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ այս կետը մենք կամ էլ նախկինները չեն հորինել։ Դա Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթն է, որից նա չի հրաժարվել նույնիսկ Արցախի հայաթափումից հետո։ 

Դեռ պարզ չէ, թե Մոսկվայի համար հատկապես ինչ կարևորություն ունի Սյունիքով անցնող ճանապարհը։ Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի համար դա, ինչպես տեսնում ենք, կենսական նշանակություն ունի։ Վստահաբար Էրդողանը դեմ չէր լինի, եթե ՌԴ ԱԴԾ-ի փոխարեն այդ զարկերակը վերահսկեր հենց Թուրքիան։ 

Հայաստանը պետք է ընտրություն կատարի, թե որ տարբերակն է իր համար ձեռնտու։ Ադրբեջանական ներխուժման և տարածքային կորուստների գնով միջանցքի բացո՞ւմ, թե Ռուսաստանի միջնորդությամբ փոխզիջում, որը կարող է էապես նվազեցնել լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը։ 

Երրորդ տարբերակը կարող է արդարացված լինել, եթե Ֆրանսիան Հայաստանի նկատմամբ ստանձնի այն նույն դերակատարությունը, ինչ Թուրքիան ունի Ադրբեջանի դեպքում։ Հակառակ պարագայում, կարծում եմ, չարժե զոհաբերել Հայաստանը հանուն արևմտյան ինտելեկտուալների կարեկցանքի, ապրումակցման, հուզիչ խոսքերի և հատկապես հանուն նրա, որ աշխարհը դատապարտի ադրբեջանական ագրեսիան և պատժամիջոցներ կիրառի Ալիևի նկատմամբ։ 

Միջազգային քրեական դատարանը դեռևս փնտրում է Բենիամին Նեթանյահուին, բայց այդպես էլ չի կարողանում գտնել։ 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում