Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում տարածվում են գրառումներ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի անունից՝ կենցաղային տեխնիկա նվիրելու և հեռուստաէկրաններ խաղարկելու վերաբերյալ: Ֆեյսբուքյան գրառումներն ունեն հարյուրյավոր մեկնաբանություններ և տարածումներ (share):
Մինչդեռ սա հերթական խաբեությունն է, իսկ ընկերության անունն օգտագործվում է վստահություն ներշնչելու նպատակով։
Նույն գրառումը տարածվում է նաև այլ լեզուներով
Գրառումը տարածվում է ??????? ???? ???????????• անվանումով ֆեյսբուքյան էջով։ Նույն էջը ժամերի ընթացքում միանգամայն տարբեր գրառումներ է հրապարակել խաղարկության և նվերների վերաբերյալ:
Հրապարակումներից մեկում նշվում է, թե իբր սուպերմարկետների ցանցը նվիրում է կենցաղային տեխնիկա, որը չի կարողանում վաճառել վնասվածքների պատճառով:
«Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ նվիրում ենք 480 սառնարան և լվացքի մեքենա, որոնք չեն կարող վաճառվել աննշան քերծվածքների և փորվածքների պատճառով, բոլորը լավ վիճակում և նոր, և կուղարկվեն պատահականության սկզբունքով մինչև հունվարի 13-ը «Շնորհավոր» գրողներին»,- նշված է գրառման մեջ։

Ֆեյսբուքյան էջում մեկ այլ գրառմամբ իբրև պատահականության սկզբունքով նվիրում են «նոր և գերազանց վիճակում 560 հեռուստաէկրան»։ Այս դեպքում պահանջվում է «Պատրաստ է» գրել։
Նույն լուսանկարներով և նմանատիպ բովանդակությամբ գրառումներ են տարածում նաև այլ լեզուներով: Օրինակ՝ Ֆիլիպիններում խաղարկության վերաբերյալ գրառում է տարածվում տեղի Emcor ընկերության անունից:

«Երևան Սիթի»-ն հերքում է կապը կեղծ էջի հետ
#CivilNetCheck-ի հետ զրույցում «Երևան Սիթի»-ից հերքում են կապը կեղծ ֆեյսբուքյան էջի հետ։
Սուպերմարկետների ցանցի պաշտոնական ֆեյսբուքյան էջը Yerevan City Supermarkets-ն է։ Ընկերությունն իր պաշտոնական էջում հրապարակում է արել՝ հորդորելով խաղարկությունների և գործող ակցիաների մասին տեղեկանալ միայն պաշտոնական էջերից:
«[...] խաբեություններից և կեղծ ինֆորմացիոն աղբյուրներից զերծ մնալու համար խնդրում ենք Երևան Սիթի սուպերմարկետների ցանցին վերաբերող ցանկացած ինֆորմացիայի՝ խաղարկությունների, գործող ակցիաների և միջոցառումների մասին տեղեկանալ միմիայն Ցանցի վեբ կայքից և սոց. ցանցերի պաշտոնական էջերից»,- նշված է «Երևան Սիթի»-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում:
Այսպիսով, «Երևան Սիթի»-ի անունից տարածվող գրառումները նվերների և խաղարկության վերաբերյալ կեղծ են:
Civilnet
CivilNetCheck











