Թրամփը վերածնում է 19-րդ դարի կայսերապաշտությունը. Ֆարիդ Զաքարիա

Հեղինակավոր քաղաքագետ և մեկնաբան Ֆարիդ Զաքարիան The Washington Post թերթում սյունակ է հրապարակել, որը վերնագրված է «Թրամփը վերածնում է 19-րդ դարի կայսերապաշտությունը. դարձնենք Ռուսաստանը կրկին հզոր»։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։
Պատերազմները դադարեցնելու, խաղաղություն հաստատելու, Ամերիկան առաջին տեղում դնելու և երկիրն աշխարհից անջատելու քաղաքականությամբ քարոզարշավ անցկացնելուց հետո նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն այս շաբաթ որոշեց վերակենդանացնել 19-րդ դարի կայսերապաշտությունը։ Մեկ մամուլի ասուլիսի ընթացքում նա մտորեց Կանադան նահանգ դարձնելու, տնտեսական ճնշման միջոցով Գրենլանդիան և Պանամայի ջրանցքը ձեռք բերելու մասին՝ վերջին երկուսի դեպքում չբացառելով ռազմական ուժի կիրառումը։ Հանրապետական առաջնորդները, որոնց Թրամփը վերջերս միայն սովորեցրել էր դատապարտել իրենց կուսակցության հին էքսպանսիոնիստական և ինտերնացիոնալիստաական արտաքին քաղաքականությունը, կրկին արագ շրջվեցին և որդեգրեցին նոր կուսակցական գիծը, և այժմ գովասանքի խոսքեր են շռայլում Թրամփի մեծ տեսլականի և մտածողության հասցեին։ Ո՞ւր է տանում այս ամենը։
Ոմանք պնդում են, որ մենք պարզապես վերադարձել ենք արտաքին քաղաքականության «խելագարի տեսության»։ Այն ենթադրում է, որ լավ է, երբ նախագահը երբեմն անկանխատեսելի է թվում, նույնիսկ՝ ոչ ռացիոնալ, քանի որ դա շփոթության մեջ է գցում հակառակորդներին։ Արժե հիշել, որ Թրամփը փորձեց այս հնարքն իր առաջին պաշտոնավարման ժամանակ՝ ամենաակնհայտ կերպով՝ Հյուսիսային Կորեայի Կիմ Չեն Ընի հետ։ Նա սկսեց նրան սպառնալ միջուկային պատերազմով («կրակ ու ցասում... որի նմանը այս աշխարհը երբեք չի տեսել») և հետո հանկարծակի անցավ սիրո նամակներով նրան գայթակղելուն։ Ոչինչ չստացվեց։ Հյուսիսային Կորեան շարունակեց կառուցել իր միջուկային զինանոցը, հրթիռային փորձարկումներ անցկացնել (կարճ դադարից հետո) և սպառնալ իր հարավային հարևանին։ Ակադեմիական Դանիել Վ․ Դրեզները նշում է, որ բազմաթիվ հետազոտությունները ցույց են տալիս, որ «խելագարի տեսության» հեղինակ Ռիչարդ Մ․ Նիքսոնը դրական որևէ արդյունքի չհասավ խելագար և անկառավարելի թվալու իր ջանքերով։
Կանադան նահանգ դարձնելու մասին խոսակցությունները հիմնականում թրոլինգ են՝ ուղղված այդ երկրի լիբերալ վարչապետին, որին Թրամփը չի սիրում։ Բայց դա ստիպեց նույնիսկ թրամփական քաղաքական գործիչներին, ինչպիսիք են Օնտարիո նահանգի վարչապետ Դագ Ֆորդը և Կանադայի Պահպանողական կուսակցության վերելք ապրող առաջնորդ Պիեռ Պուալիևրը, վճռականորեն հակադարձել։ 2016-ի քարոզարշավի ընթացքում Թրամփի թշնամական հռետորաբանությունը Մեքսիկայի հանդեպ օգնեց, որ այդ երկրի հաջորդ ընտրություններում ամենահակաամերիկյան թեկնածու Անդրես Մանուել Լոպես Օբրադորի վարկանիշը կտրուկ բարձրանա հարցումներում։ Թրամփը նման կերպ կարող է այս անգամ էլ հակաամերիկյան տրամադրությունները խթանել Կանադայում։
Թրամփի ուշադրությունը Պանամայի և Գրենլանդիայի վրա որոշակի հիմքեր ունի։ Պանամայի ջրանցքը աշխարհի ծովային հիմնական նեղուցներից է։ Սակայն Պանամայի իշխանությունները կառավարել են այն պատասխանատու և պրոֆեսիոնալ կերպով և ոչ մի կերպ վատ չեն վերաբերվել Միացյալ Նահանգներին՝ ինչպես վերջերս նշել է նույնիսկ Wall Street Journal-ի խմբագրական խորհուրդը։ Չկա նաև որևէ ուղղակի ապացույց ջրանցքի կամ Ջրանցքի գոտու վրա չինական ռազմական ազդեցության մասին, ինչպես պնդում է Թրամփը։ Չինաստանն ընդլայնում է իր տնտեսական կապերը Կենտրոնական և Լատինական Ամերիկայի հետ, բայց Պեկինի ազդեցության հետագա ընդլայնմանն օժանդակելու ամենահեշտ ճանապարհը կլիներ Վաշինգտոնի անհեռատես փորձը՝ գաղութացնելու ջրանցքը։ Դա Պանամայում կհանգեցներ հակաամերիկյան ազգայնական հարձակումների և կվերակենդանացներ ամերիկյան նեոկայսերապաշտության վախերը ամբողջ մայրցամաքում։
Գրենլանդիան վերածվում է առանցքային վայրի, հիմնականում կլիմայի փոփոխության պատճառով (կլիմայի փոփոխությունը, որքան էլ հեգնական է, Թրամփն անվանել է «խաբեություն»)։ Բևեռային սառցադաշտերի հալոցքը օվկիանոսային նավարկության նոր ուղիներ կբացի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի միջև, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը ակտիվ կփորձեն ազդեցություն ձեռք բերել ծովային այս նոր ուղիներում։ ԱՄՆ քաղաքականությունն է և պետք է լինի խափանել երկու երկրների ջանքերը՝ ընդլայնելու իրենց տնտեսական և ռազմական ներկայությունն այստեղ։ Սակայն դա անելու համար Միացյալ Նահանգների համար պարտադիր չէ գրավել Գրենլանդիան։ Այն արդեն ունի կղզու հետ կապված բոլոր ցանկալի հնարավորությունները։ Վաշինգտոնը մի շարք ռազմակայաններ ուներ կղզում Երկրորդ աշխարհամարտի և Սառը պատերազմի ընթացքում։ Մեկը մնացել է և այժմ շահագործվում է ԱՄՆ Տիեզերական ուժերի կողմից։
Իրականում, Դանիան ակտիվ օժանդակել է Գրենլանդիայի նկատմամբ Ամերիկայի նորահայտ հետաքրքրությանը։ Մի քանի տարի առաջ Գրենլանդիան (որը կառավարվում է կիսաինքնավար) գրեթե պայմանավորվածություն ձեռք բերեց՝ ընդունելու չինական ֆինանսավորում նոր օդանավակայանների համար։ Պենտագոնը Դանիային խնդրեց ազդել գրենլանդացիների վրա՝ չեղարկելու գործարքը։ Դանիական կառավարությանը դա հաջողվեց՝ չինական ֆինանսավորման մեծ մասը փոխարինելով սեփականով։ Դանիայի հետ համագործակցությունն ավելի արդյունավետ դարձրեց Ամերիկայի ջանքերը։ Նմանապես, ամերիկյան ընկերությունները (ներառյալ մեկը, որը ֆինանսավորվում է Բիլ Գեյթսի և Ջեֆ Բեզոսի (որը The Washington Post-ի սեփականատերն է) կողմից աջակցվող Breakthrough Energy Ventures հիմնադրամի կողմից) ակտիվ ուսումնասիրում են Գրենլանդիայի հանքային հարուստ պաշարների շահագործման հնարավորությունը։ Նույնը կլիներ, եթե կղզին տեխնիկապես ամերիկյան լիներ։
Ամերիկան այդքան ազդեցիկ է եղել աշխարհում, որովհետև կարողացել է համոզել մյուսներին, որ ձգտում է գործել ոչ միայն իր նեղ շահերից ելնելով, այլև ավելի լայն շահերի համար՝ որ ցանկանում է խաղաղություն, կայունություն, կանոններ և նորմեր, որոնք օգտակար են բոլորի համար։ Հենց դրա շնորհիվ էր, որ 87 երկիր անմիջապես դատապարտեց Ռուսաստանի ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ։ Հենց դրա համար են Չինաստանի շատ հարևաններ դաշնակցել Միացյալ Նահանգների հետ։
Մամուլի ասուլիսում Թրամփն առաջարկեց վերացնել Կանադայի և Միացյալ Նահանգների միջև «արհեստականորեն գծված սահմանը»։ Նույնը հենց ասում է նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սահմանի մասին, կամ նախագահ Սի Ծինփինը՝ Չինաստանի և Թայվանի բաժանման մասին։ Սա մի աշխարհ է, որը կրկին հզոր է դարձնում Ռուսաստանն ու Չինաստանը։
Ֆարիդ Զաքարիան The Washington Post-ում սյունակագիր է։ Նա նաև CNN-ի «Ֆարիդ Զաքարիայի GPS» հաղորդման վարողն է։ Զաքարիան եղել է Newsweek International-ի խմբագիր, Foreign Affairs-ի գլխավոր խմբագիր, Time-ի սյունակագիր, ABC News-ի վերլուծաբան և PBS-ի Foreign Exchange with Fareed Zakaria հաղորդման վարող։ Նա «Հեղափոխությունների դարաշրջան» (2024) գրքի հեղինակն է։
Թարգմանությունը՝ Կարեն Հարությունյանի
Թեմա
Civilnet










