Երևանում մշակվում է էկոլոգիական մասշտաբային երկու նախագիծ` հանրային տրանսպորտի էլեկտրականացում և քաղաքի ամենամեծ կանաչ գոտու՝ Դալմայի այգիների վերականգնում։ Ծրագրերի մասին ՍիվիլՆեթին պատմել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության կլիմայական փոփոխության ծրագրերի ղեկավար Վարդան Կարապետյանը։
Ըստ Կարապետյանի՝ բնական գազով շահագործվող ավտոբուսների ձեռքբերման ծրագրի ավարտից հետո Երևանի քաղաքապետարանը ԱԶԲ-ի հետ համատեղ նախատեսում է ձեռք բերել 200-250 էլեկտրական ավտոբուս։ Կանաչ կլիմայական հիմնադրամի աջակցությամբ իրականացվելիք ծրագիրը ներառելու է նաև անհրաժեշտ ենթակառուցվածքի, այդ թվում՝ ավտոբուսային պարկերի կառուցում։
Կանաչ կլիմայական հիմնադրամը (Green Climate Fund, GCF) ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո ստեղծված ֆինանսական մեխանիզմ է: Այն հիմնադրվել է 2010-ին՝ օգնելու զարգացող երկրներին պայքարել կլիմայի փոփոխության դեմ:

Դալմայի այգու հնարավոր տեսքը։ Կանաչապատ վիզուալիզացիան՝ Urbanista.am կայքից։
Ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվում նաև Դալմայի այգիների՝ Երևանի 250 հա տարածքով ամենամեծ կանաչ գոտու վերականգնմանը։ «Անտառածածկի վերականգնումը, հատկապես՝ քաղաքային գոտիներում, խիստ կարևոր միջոցառումներից մեկն է», - ասել է Կարապետյանը՝ հիշեցնելով 1990-ականների էներգետիկ ճգնաժամի ժամանակ քաղաքային անտառների զանգվածային հատման մասին։
Նրա խոսքով՝ ծառերն ու կանաչ ծածկույթը բազմաթիվ կարևոր գործառույթներ են իրականացնում։ Ըստ նրա՝ նախքան 1990-ականների ծառահատումները Երևանի անտառային շերտերը օրական մինչև 5 տոննա փոշի էին կլանում։
Ծրագրի ֆինանսավորման համար GCF-ը տրամադրում է մինչև 15 մլն դոլար անհատույց դրամաշնորհ և մինչև 25 մլն դոլար լրացուցիչ ֆինանսավորում՝ գրեթե զրոյական տոկոսադրույքով։ «Մենք նախատեսում ենք անտառային շերտի վերականգնումն իրականացնել հիմնականում գրանտային միջոցների հաշվին»,- ասում է Կարապետյանը։
Նախնական գնահատմամբ՝ առաջին փուլի իրականացման համար կպահանջվի 10-15 մլն դոլար։ Ծրագիրը կիրականացվի փուլային տրամաբանությամբ՝ սկսելով որոշակի գոտուց և աստիճանաբար ընդգրկելով մնացած հատվածները։ Երևանի քաղաքապետարանն արդեն իրականացնում է ծրագրի տեխնիկատնտեսական և իրագործելիության ուսումնասիրություններ։
Civilnet











