Խաղաղությունն ընդդեմ արդարադատության. Դեյթոնի համաձայնագրի փորձն ու Հայաստանը

Գուրգեն Պետրոսյան
Վերջին շրջանում քաղաքական ղեկավարությունը խոսում է նրա մասին, որ անհրաժեշտ է հրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններում ներկայացված հայցերից: Սակայն հասարակական կազմակերպությունները, հակառակ այս դիրքորոշման, արդեն երկար ժամանակ կոչ են անում չհրաժարվել գանգատներից, քանի որ դա կարող է բերել աղետալի հետևանքների:
Եթե Հայաստանի Հանրապետությունը հրաժարվի Միջազգային արդարադատության դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իր հայցերից, ինչպես նաև չգործարկի Միջազգային քրեական դատարանի մեխանիզմները, հետևանքները կարող են կործանարար լինել: Նման քայլը կարող է ամբողջովին փակել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցը և խոչընդոտել արցախահայության նկատմամբ կատարված իրավախախտումների արձանագրումը: Դրանք հասել են իրենց կիզակետին՝ բնակչության տեղահանման ու աքսորի տեսքով և համարվում են մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներ: Երբ մարդը ստիպված է լքել իր մշտական բնակության վայրը և ապաստան գտնել այլ վայրում, դա միջազգային հանցագործություն է, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր դասվում է քրեական հանցագործությունների շարքին: Նման գործողություններ կատարած անձինք ենթարկվել են քրեական պատասխանատվության, և այս իրավական նորմը պետք է ուժի մեջ մնա՝ ապահովելու արդարությունը:
Եթե հայկական կողմը հրաժարվի միջազգային ատյաններում իր հայցերից, դա կնշանակի, որ Հայաստանն այլևս որևէ պահանջ չի ներկայացնի Ադրբեջանի դեմ՝ ամբողջությամբ փակելով իրավական ճանապարհները փոխհատուցում պահանջելու կամ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բողոքներ ներկայացնելու համար: Պետք է հիշել, որ միջազգային ատյաններում արձանագրված որոշումները կարևոր նշանակություն ունեն, քանի որ դրանք մշտապես մնում են պատմության մեջ: Այդ որոշումների շնորհիվ Ադրբեջանը պարտավորվում է պարբերաբար առերեսվել իր կատարած հանցանքներին, որոնք չեն կարող անհետանալ նրա պատմությունից:
Ճիշտ ինչպես Թուրքիան ստիպված է պարբերաբար բախվել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին և փորձել արդարացումներ գտնել այդ ոճրագործության համար, Ադրբեջանը նույնպես չի կարողանա խուսափել այդ արձանագրումներից, քանի որ դրանք արդեն իսկ ամրագրված կլինեն: Ի տարբերություն Հայոց ցեղասպանության, որը ժամանակին չուներ միջազգային իրավական արձանագրման գործիքներ, այսօր գոյություն ունեն միջազգային մեխանիզմներ, որոնք կարող են արձանագրել մարդու իրավունքների խախտումները և պատասխանատվության ենթարկել հանցագործ պետություններին կամ անձանց:
Այս համատեքստում հարց է ծագում՝ ինչպե՞ս են միջազգային արդարադատության գործիքները ազդում խաղաղության պայմանագրերի գործընթացի վրա:
Միջազգային իրավունքը պետություններին հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել, թե ինչպես լուծել միմյանց միջև խնդիրները: Սակայն պետք է հաշվի առնել, որ Հայաստանը ներկայում Ադրբեջանի հետ հավասար պայմաններում չէ՝ հաճախ ստիպված լինելով զիջումների գնալ իր շահերը է՛լ ավելի չվտանգելու համար: Գտնվելով Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ճնշման տակ՝ Հայաստանը չունի այնպիսի դաշնակիցներ, որոնք կարող են աջակցել նրան այս բարդ իրավիճակում: Այս պայմաններում միջազգային արդարադատության գործիքները դառնում են Հայաստանի միակ հուսալի աջակցությունը:
Կայացված դատավճիռներով սահմանվելու է Հայաստանի կողմից զիջումների նվազագույն շեմը։ Այդ սահմաններն արդեն իրավաբանորեն հաստատված կլինեն:
Եթե դիտարկենք նախկին Հարավսլավիայում տեղի ունեցած հակամարտությունը և Դեյթոնի խաղաղության պայմանագիրը, այստեղ նույնպես բարձրացվում էր «խաղաղություն ընդդեմ արդարադատության» հարցը: 1995 թվականին կնքված այս խաղաղության պայմանագիրը համընկավ այն ժամանակահատվածի հետ, երբ Բոսնիան հայց էր ներկայացրել Սերբիայի դեմ Միջազգային արդարադատության դատարանում՝ ցեղասպանության կոնվենցիայի շրջանակում: Բացի այդ, խաղաղության պայմանագրի կնքումից երկու տարի առաջ արդեն ստեղծվել էր նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալը:
Խաղաղության պայմանագրի քննարկումների ժամանակ միջազգային ատյաններում այս գործընթացները շարունակվում էին, և հաճախ բարձրաձայնվում էր այն, որ դրանք կարող են խաթարել խաղաղության գործընթացը: Մասնավորապես, սերբ ղեկավարները, որոնք մեղադրվում էին հանցագործություններում, պնդում էին, որ միջազգային արդարադատության մեխանիզմների կիրառումը կարող է վտանգել խաղաղության հաստատումը: Չնայած այս մտահոգություններին՝ տրիբունալը և Միջազգային արդարադատության դատարանը շարունակեցին իրենց աշխատանքը:
Միջազգային արդարադատության դատարանը, օրինակ, արձանագրեց, որ Սերբիան չի իրականացրել ցեղասպանություն, սակայն չի կատարել անհրաժեշտ քայլեր՝ այն կանխարգելելու համար: Տրիբունալի շրջանակում, մինչդեռ, քննվում էին այն անձանց պատասխանատվության հարցերը, որոնք մեղավոր էին հանցագործություններում: Չնայած որոշ քննադատություններին, կապված տրիբունալի աշխատանքների նախապաշարմունքային լինելու կամ անբավարար կատարողականության հետ, այս դատավարությունները արձանագրեցին տարբեր հանցագործությունների փաստեր և պարտավորություններ:
Զուգահեռներ անցկացնելով՝ կարևոր է նկատել, որ Հայաստանը չպետք է հրաժարվի իր ներկայացրած դատական հայցերից: Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, շահագրգռված է, որ այս գործընթացները տեղի չունենան, քանի որ դրանք ուղղված են լինելու հենց Ադրբեջան պետության և նրա քաղաքական ու ռազմական ղեկավարների դեմ:
Չնայած միջազգային արդարադատության գործիքները կատարյալ չեն և չեն կարող ամբողջությամբ լուծել Հայաստանի քաղաքական խնդիրները, դրանք կարևոր դեր են խաղում՝ ստեղծելով իրավական նվազագույն շեմ, որի սահմաններից դուրս Հայաստանը չի կարող զիջել՝ անկախ բանակցությունների ընթացքում իրականացվող ճնշումներից:
Ներկայում թվում է, թե Հայաստանը չունի զիջման սահմանափակումներ: Միջազգային իրավական գործընթացները կարող են այս զիջումները սահմանափակել՝ արձանագրելով տեղի ունեցած խախտումները և պահանջելով դրանց վերականգնում՝ այդպիսով կանխելով անդադար զիջումների պրակտիկան:
Դեյթոնի փորձը կարևոր է Հայաստանի համար, քանի որ ցույց է տալիս, թե ինչ վտանգներ կարող են առաջանալ, երբ խաղաղության հասնելու նպատակով արդարադատությունը հետին պլան է մղվում։ Միջազգային արդարադատության գործիքները, չնայած անկատարությանը, կարևոր են ոչ միայն հանցագործությունների արձանագրման և մեղավորներին պատժելու, այլև երկարաժամկետ պատմական արդարության ապահովման համար։ Հայաստանը պետք է զգույշ լինի, որպեսզի խաղաղության բանակցությունները արդարադատության գործիքներից հրաժարվելու կամ այդ գործիքները փոխզիջումների համար զոհաբերելու պատճառ չդառնան։
Գուրգեն Պետրոսյանը Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահն է, միջազգային իրավունքի մասնագետ, Էրլանգեն-Նյուրնբերգ համալսարանի դասախոս
Civilnet










