Ինչպես են Թուրքիան և Պակիստանը լուռ աջակցում ույղուրների դեմ Չինաստանի բռնաճշնումներին

Սալիհ Հուդայար
Արևելյան Թուրքեստանի կամ Ույղուրստանը, որն այսօր Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզն է, գլխավորապես բնակեցված է թյուրքալեզու ժողովուրդներով՝ հիմնականում ույղուրներ, նաև՝ ղազախներ, ղրղզներ։ Տասնամյակներ շարունակ Չինաստանը ույղուրներին բռնաճնշումների ու ցեղասպանության է ենթարկում։ Այս ամենը տեղի է ունենում թյուրքերին ու մուսուլմաններին համերաշխություն հայտնող Պակիստանի և Թուրքիայի կառավարությունների լուռ մեղսակցությամբ, որոնք Չինաստանի հետ ունեն իրենց ուրույն շահերը։
Արևելյան Թուրքեստանը համարվում է թյուրքլեզու ույղուրների, ղազախների և ղրղզների հայրենիքը: Այն իսլամ է ընդունել 10-րդ դարում՝ դառնալով իսլամական մշակույթի կենտրոններից մեկը: 1949-ի հոկտեմբերին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) կոմունիստական ուժերը ներխուժեցին Արևելյան Թուրքեստան և տապալեցին Արևելյան Թուրքեստանի Հանրապետությունը: Այդ ժամանակից ի վեր Չինաստանը վարում է ուծացման և բռնաճնշումների քաղաքականություն։
2013-ին Սի Ծինփինի իշխանության գալուց հետո Չինաստանը 2014-ի մայիսին ույղուրների դեմ բռնաճնշումները սաստկացան։ ՉԺՀ-ն ավերել կամ վնասել է ավելի քան 16,000 մզկիթ, այրել միլիոնավոր Ղուրաններ և իսլամական այլ տեքստեր, արգելել Ռամադանը և քրեականացրել մուսուլմանական բազմաթիվ անուններ և արգելել անգամ իսլամական ողջույնը՝ «աս-սալամ ալեյքումը»:
Ոճրագործությունների մասշտաբը ցնցող է: Միլիոնավոր ույղուրներ և թյուրքալեզու այլ մուսուլմաններ հայտնվել են համակենտրոնացման ճամբարներում, որտեղ ենթարկվում են խոշտանգումների, հարկադիր աշխատանքի և սպանության՝ օրգանների վաճառքի համար։ Նրանց օրգանները հարուստ մուսուլմաններին վաճառվում են որպես «հալալ»: Մոտ 580,000 մարդ դատապարտվել է հինգ տարուց մինչև ցմահ բանտարկության այսպես կոչված «ծայրահեղական հանցագործությունների» համար, ինչպիսիք են «մորուք աճեցնելը», «Ղուրան սովորելը», «Հաջի ուխտագնացությունը» կամ «հիջաբ կրելը», ինչպես նաև ալկոհոլ խմելուց կամ խոզի միս ուտելուց հրաժարվելը:
Ույղուրստանի հարյուր հազարավոր կանայք ենթարկվել են հարկադիր ամլացման, իսկ ավելի քան 3,7 մլն կին՝ հարկադիր աբորտի: Ույղուր և թյուրքալեզու այլ մուսուլման կանայք ստիպված են ամուսնանալ չինացի աթեիստ տղամարդկանց հետ, ինչն ըստ էության պետական հովանավորությամբ հարկադիր ամուսնություն է: Ույղուր բազմաթիվ երեխաներ խլվել են ընտանիքներից, շուրջ մեկ միլիոնը հայտնվել է պետական «որբանոցներում» և «գիշերօթիկ դպրոցներում», որտեղ օտարված է սեփական լեզվից, մշակույթից, հավատից և ինքնությունից ու ենթարկվում է ուծացման: Այս գործողությունները մշակութային և ֆիզիկական ցեղասպանության ռազմավարություն են:
Թուրքիայի ու Պակիստանի լռությունը
Թուրքիան ու Պակիստանը՝ մուսուլմանական երկու առաջատար երկիր, որոնք իրենց հայտարարում են ույղուրների ու մուսուլմանների կրոնակից ու եղբայր, ոչ միայն լռում են, այլև ակտիվ խորացնում են իրենց գործակցությունը Պեկինի հետ: Ակնառու է հատկապես Թուրքիայի դավաճանությունը իր հեռավոր ազգակիցների նկատմամբ: Թուրքիան որդեգրել է «Պեկինը՝ առաջին հերթին» քաղաքականությունը։ Դեռ 1996-ի դեկտեմբերին Թուրքիան ռազմական համագործակցության գաղտնի պայմանագիր է ստորագրել Չինաստանի հետ, այդ թվում՝ WS-1 գետին-գետին հրթիռների համատեղ արտադրության վերաբերյալ:
Թուրքիան Չինաստանին աջակցել է նաև ճնշելու Արևելյան Թուրքեստանի անկախության շարժումը 1997-2001 թթ.: Չնայած Չինաստանը հետապնդում էր իր թյուրքալեզու ազգակիցներին՝ Թուրքիան 2000-ի ապրիլին Չինաստանի նախագահ Ցզյան Ցզեմինին պարգևատրեց Պետական շքանշանով՝ Թուրքիայի ամենաբարձր պարգևով՝ որպես «Պեկինը՝ առաջին հերթին» քաղաքականության հանդեպ իր հավատարմության խորհրդանիշ:
2009-ին Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ույղուրստանի մայրաքաղաք Ուրումչիում տեղի ունեցած ջարդը որակեց «ցեղասպանություն»՝ ամբողջ աշխարհում ույղուրներին սին հույսեր տալով, սակայն 2010-ին շրջադարձ կատարեց և ստորագրեց ռազմավարական համագործակցության համաձայնագիր Չինաստանի հետ, այդ թվում՝ «անվտանգության» ոլորտում համագործակցության վերաբերյալ: Թուրքիան հետագայում խոստացավ օգնել Չինաստանին պայքարելու այսպես կոչված «անջատողականության և ահաբեկչության» դեմ՝ տերմիններ, որոնք Պեկինն օգտագործում է իր ցեղասպան քաղաքականությունն արդարացնելու համար:
2024-ի հուլիսին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այցելեց Չինաստան և Արևելյան Թուրքեստան՝ դրանով իսկ ընդգծելով դավաճանությունը հեռավոր ազգակիցների նկատմամբ: Այս երկրամասում Չինաստանի «զարգացումը» գովերգելով՝ Ֆիդանը վերահաստատեց Թուրքիայի հանձնառությունը Պեկինի հետ «հակաահաբեկչական» համագործակցության և «հակաչինական գործողությունների» դեմ, որոնք կարող են վնասել Չինաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
2025-ի սկզբին Թուրքիայի գործողությունները ավելի մութ էջեր են բացահայտում: Գրեթե ամեն շաբաթ ույղուր տասնյակ փախստականներ ձերբակալվում և պահվում են Թուրքիայի արտաքսման կենտրոններում՝ սպասելով արտահանձնմանը Չինաստանին, ինչը համազոր է մահվան դատավճռի: Անցյալ շաբաթ Հաքան Ֆիդանը հայտարարեց, որ Թուրքիան վճռական է խորացնելու համագործակցությունը Չինաստանի հետ։ Դավաճանությունը արևելյան թուրքեստանցիների հանդեպ, որոնք Թուրքիային դիտում են որպես պատմական, մշակութային և էթնիկական դաշնակից ու ազգակից, ոչ միայն բարոյական ձախողում է, այլև Թուրքիայի՝ որպես թյուրքական աշխարհի ինքնահռչակ առաջնորդի ինքնության ուրացում:
Պակիստանը ևս լուռ է իսլամադավան ույղուրների բռնաճշնումների հարցում։ Չնայած Պակիստանը հիմնադրվել էր որպես մուսուլմանների ապաստարան՝ այն դարձել է պատմության մեջ մուսուլմանների նկատմամբ շարունակվող ամենադաժան ճնշումների առաջատար աջակից: Պակիստանը մուսուլմանական առաջին երկիրն էր, որը 1950-ին ճանաչեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը: Տասնամյակների ընթացքում Իսլամաբադն ավելի է մերձեցել Պեկինի հետ՝ դառնալով նրա՝ «ցանկացած հարցում դաշնակից» և փաստացի հավանություն տալով ույղուրների դեմ ՉԺՀ-ի ցեղասպան քաղաքականությանը: Պակիստանը բազմիցս աջակցել է Չինաստանի գործողություններին՝ կրկնելով Պեկինի քարոզչությունը և գովաբանելով նրա քաղաքականությունը որպես «նշանակալի ձեռքբերում մարդու իրավունքների» և «հակաահաբեկչության» ոլորտներում:
Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցքը Պեկինին Իսլամաբադի աջակցության վկայությունն է: Միջանցքը Արևելյան Թուրքեստանի Քաշղար քաղաքը կապում է Պակիստանի Գվադար նավահանգստի հետ: Վերջերս Պակիստանն ու Չինաստանը որոշել են ընդլայնել այս ծրագիրը, ինչը վկայում է, որ Պակիստանի համար ավելի կարևոր են Չինաստանի հետ տնտեսական կապերը, քան մուսուլման եղբայրների ճակատագիրը:
Թուրքիայի և Պակիստանի այս դավաճանությունը վտանգավոր օրինակ է մուսուլմանական մյուս երկրների համար: Շատ երկրներ, որոնք կարող էին պաշտպանել Արևելյան Թուրքեստանը, նույնպես լուռ են՝ հետևելով Թուրքիայի և Պակիստանի օրինակին: Նրանք նախընտրում են տնտեսական օգուտներ ստանալ Չինաստանից՝ անտեսելով մուսուլման եղբայրներին:
Ի տարբերություն Թուրքիայի և Պակիստանի, Հնդկաստանը, օրինակ, որ հիմնականում հինդուիստական երկիր է, 1950-ականներից ի վեր օգնում է չինական բռնությունից փախչող տիբեթցիներին՝ նրանց ապաստան տրամադրելով և աջակցելով Տիբեթի վտարանդի կառավարությանը։ Թուրքիան ու Պակիստանը, հակառակ իրենց իսլամական հռետորաբանությանը, համագործակցում են մուսուլմաններին ճնշող Չինաստանի հետ:
Սալիհ Հուդայարը Արևելյան Թուրքեստանի ազգային շարժման ղեկավարն է:
Աղբյուրը՝ Globalstratview.com
Թեմա
Civilnet










