Գլխավոր Լրահոս

Թրամփը կարգադրել է հրապարակել Քենեդու և այլ սպանությունների հետ կապված փաստաթղթերը

Թրամփը կարգադրել է հրապարակել Քենեդու և այլ սպանությունների հետ կապված փաստաթղթերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի կարգադրել է գաղտնազերծել ԱՄՆ հանգուցյալ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդու սպանության հետ կապված և տակավին գաղտնի պահվող փաստաթղթերը՝ Միացյալ Նահանգների 35-րդ նախագահի մահվանից ավելի քան 60 տարի անց, հաղորդում է Ամերիկայի ձայնը։

Թրամփի ստորագրած կարգադրության համաձայն՝ կհրապարակվեն նաև փաստաթղթեր Ջոն Ֆիցջերալդ Քենեդու կրտսեր եղբոր՝ Ռոբերտ Ֆրենսիս Քենեդու և քաղաքացիական իրավունքների ակտիվիստ Մարտին Լյութեր Քինգ-կրտսերի սպանությունների վերաբերյալ։

Երկուսին էլ սպանել էին 1968-ին։

«Մեծ բան է։ Շատ մարդիկ տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ սպասել են սրան»,- լրագրողներին դիմել է նախագահ Թրամփը՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում՝ կարգադրությունը ստորագրելիս։

Փաստաթուղթը ստորագրելուց հետո Թրամփն օգտագործած գրիչը փոխանցել է օգնականին՝ ասելով. «Տվեք ՌՖՔ-կրտսերին»՝ նկատի ունենալով սպանված Ռոբերտ Ֆրենսիս Քենեդու որդուն՝ Ռոբերտ Ֆրենսիս Քենեդի-կրտսերին, որը Դոնալդ Թրամփի կողմից առաջադրվել է ԱՄՆ առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարի թեկնածու։

Թրամփի ստորագրած կարգադրության համաձայն՝ Ջոն Ֆիցջերալդ Քենեդու սպանությանը առնչվող գաղտնի փաստաթղթերը պետք է «լիարժեք և ամբողջական տեսքով հրապարակվեն»՝ առանց որևէ խմբագրումների։ Դոնալդ Թրամփը դեռ 2017-ին էր համաձայնել հրապարկել այդ փաստաթղթերը։

«Պետական շահերից է բխում այդ սպանություններին առնչվող բոլոր գրառումներն առանց հապաղելու վերջնականապես հրապարակելը»,- ասված է նախագահական կարգադրությունում։

Դոնալդ Թրամփը երկուշաբթի էր խոստացել հրապարակել փաստաթղթերը՝ իր երդմնակալության ժամանակ։

Նախորդ տարիներին ԱՄՆ Ազգային արխիվը հրապարակել է տասնյակ հազարավոր արձանագրություններ՝ կապված 1963-ի նոյեմբերի 22-ին նախագահ Քենեդիի սպանության հետ, սակայն տակավին փակի տակ էին հազարավոր այլ փաստաթղթեր՝ այն պատճառաբանությամբ, թե դրանց հրապարակումը ազգային անվտանգության խնդիրներ կստեղծի։

2022-ի դեկտեմբերին՝ փաստաթղթերի նախորդ լայնածավալ հրապարակման ժամանակ, ասվել էր, թե դրանց 97%-ը (մոտ 5 միլիոն էջ) արդեն հրապարակվել է։

Ինչպես հայտնի է, Վորենի հանձնաժողովը (The Warren Commission), որը հետաքննում էր ԱՄՆ 46-ամյա նախագահի սպանությունը, եկել էր այն եզրահանգման, որ այն իրականացրել էր նախկին ծովային հետևակային, դիպուկահար Լի Հարվի Օսվալդը։

Սակայն պաշտոնական այդ եզրակացությունը ամենևին չվերացրեց այն կասկածներն ու ենթադրությունները, թե Քենեդիի՝ Տեխաս նահանգի Դալաս քաղաքում տեղի ունեցած սպանության հետևում դավադրություն է եղել։ Հաջորդած տասնամյակներում ԱՄՆ կառավարության կողմից փաստաթղթերի աստիճանական հրապարակումը էլ ավելի էր խորացնում կասկածները։

Նյութն ամբողջությամբ՝ Ամերիկայի ձայնի կայքում։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում