Գլխավոր Լրահոս

Հնդկաստանի արտահանումը աճում է՝ չնայած գլոբալ առևտրի անկմանը 

Հնդկաստանի արտահանումը աճում է՝ չնայած գլոբալ առևտրի անկմանը 

Հնդկաստանից արտաքին ապրանքային առևտրի 2024-ի հոկտեմբերի տվյալները ցույց են տալիս, որ 10 հիմնական ապրանքների արտահանման արժեքը Հնդկաստանի առևտրի պատմության մեջ ամենաբարձրն է եղել։ Ոչ նավթային արտադրանքի արտահանումը նույնպես ռեկորդային է եղել՝ 34,61 մլրդ դոլար։ Հնդկաստանի առևտրի նախարար Սունիլ Բարթվալն ասել է, որ այդ ցուցանիշները պատահական չեն։ «Միայն մեր ընդհանուր արտահանման առաջընթացը չէ, որ լավ է եղել։ Մենք գերազանցել ենք ապրիլ-հոկտեմբեր ժամանակահատվածում ոչ նավթային արտադրանքի արտահանման բոլոր ռեկորդները։ Եթե շարունակենք այս տեմպով, այս տարի կհատենք 800 մլրդ դոլարի արտահանման շեմը»։

Ինժեներական ապրանքների արտահանումը հոկտեմբերին աճել է 39,37%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, էլեկտրոնային ապրանքների արտահանումն աճել է 45,69%-ով, օրգանական և անօրգանական քիմիկատներինը՝ 27,35%-ով, իսկ պատրաստի հագուստինը՝ 35%-ով։

Արտահանման այս ցուցանիշները գրանցվել են համաշխարհային ապրանքային առևտրի դժվարին ժամանակներում։ Համաշխարհային ապրանքային առևտրի արժեքը նվազել էր 5%-ով, իսկ առևտրի ծավալը կրճատվել էր 1,2%-ով 2023-ին։ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կազմակերպության (UNCTAD) համաշխարհային առևտրի մասին տվյալներով՝ 2024-ին ապրանքների համաշխարհային առևտուրն աճել է 2%-ով։ UNCTAD-ը նաև նշում է, որ 2025-ին առևտրի հեռանկարներն անորոշ են՝ պայմանավորված ԱՄՆ քաղաքականության հնարավոր փոփոխություններով, այդ թվում՝ ավելի բարձր մաքսատուրքերի սահմանման, որոնք կարող են խաթարել գլոբալ արժեքային շղթաները և ազդել հիմնական առևտրային գործընկերների վրա։ Այնուամենայնիվ, չնայած այս ամենին, Հնդկաստանի ապրանքային արտահանողները լավ արդյունքներ են ունեցել։

Բարթվալն ասում է, որ արտահանման աճը դրան նպաստող քաղաքականության և կառավարության միջամտությունների արդյունք է. «Որոշակի ոլորտների և երկրների վրա կենտրոնանալու մեր ռազմավարությունը այժմ կարծես արդյունքներ է տալիս։ PLI (Production Linked Incentive, արտադրության հետ կապված խթանների ծրագիր) սխեմաների շնորհիվ արտադրական մրցունակության բարելավումը արդյունքներ է տալիս»։

Վերջերս առևտրի նախարարությունը կենտրոնացել է 20 կարևոր երկրների վրա, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ներմուծման 60%-ը։ Հնդկաստանի ապրանքային արտահանումը խթանելու համար այն առանձնացրել է վեց առանցքային ոլորտ՝ ինժեներական ապրանքներ, էլեկտրոնային ապրանքներ, քիմիկատներ և պլաստմասե ապրանքներ, դեղեր և դեղագործական ապրանքներ, գյուղատնտեսական և հարակից արտադրանք, տեքստիլ՝ համաշխարհային ներմուծման 67% մասնաբաժնով։ 

Թիրախային երկրներում ավելի խորը տնտեսական ինտեգրումը, առևտրային հավասարակշռված համաձայնագրերի միջոցով շուկայի հասանելիության բարելավումը, ներդրումների համար տնտեսական գործընկերությունը, Brand India-ի խթանումը, մաքսատուրքերին չառնչվող առևտրային խոչընդոտների հաղթահարումը կառույցի՝ արտահանման խթանման ռազմավարության անբաժանելի մասն են։

Հատկանշական է, որ Հնդկաստանից ծառայությունների արտահանումը մնացել է ուժեղ՝ տարիներ շարունակ փոխհատուցելով ապրանքների արտահանման մասով բացը։ Իրականում, դա համաշխարհային միտում է։ UNCTAD-ի գնահատականներով՝ ծառայությունների առևտրի 7% աճը համաշխարհային առևտուրը հասցրել է բոլոր ժամանակների ամենաբարձր մակարդակին՝ 33 տրլն դոլարի 2024-ին։ Ֆինանսական այս տարում ապրանքների և ծառայությունների արտահանումից Հնդկաստանի 800 մլրդ դոլարի ակնկալիքները նույնպես կախված են ծառայությունների արտահանման աճից։

Թեև դրական այս նշանները վկայում են Հնդկաստանի դիմակայունության մասին, փաստ է, որ երկիրը դեռ երկրորդական դերակատար է համաշխարհային առևտրում։ Ապրանքների արտահանման առումով Հնդկաստանի մասնաբաժինը համաշխարհային առևտրում 2014-ի 1,69%-ից աճել է մինչև ընդամենը 1,82% 2022-ին։ Ծառայությունների ոլորտում ցուցանիշները համեմատաբար ավելի լավ են եղել, քանի որ Արտաքին առևտրի գլխավոր տնօրինության վերջին տվյալների համաձայն՝ Հնդկաստանի մասնաբաժինը շուկայում 2014-ի 3,15%-ից աճել է մինչև 4,38% 2022-ին։ Եթե համեմատենք արտահանման աճը երկրի տնտեսական աճի հետ, արտահանման մասնաբաժինը Հնդկաստանի ՀՆԱ-ում իրականում նվազել է՝ 2014-15 թթ. 23%-ից հասնելով 21,8%-ի 2023-24 թթ.։ Եթե արտահանման մեջ զգալի թռիչք չլինի, ընդհանուր իրավիճակը հավանաբար կմնա նույնը։

Հենց այստեղ է, որ 2025-26 թթ. բյուջեն կարևոր է դառնում։ Աջակցող քաղաքականության միջոցառումները կարող են վճռորոշ դեր խաղալ։

«Արդյունաբերության առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը վարկերի հասանելիությունն ու արժեքն է։ Մենք պետք է ավելացնենք վարկերի հոսքը դեպի արտահանմանն ուղղված ոլորտներ։ Չնայած արտահանումը համարվում է վարկավորման առաջնահերթ ոլորտ՝ արտահանման վարկերի արժեքը հինգ տարի առաջվա համեմատ 2,3 մլրդ դոլարից նվազել է  մինչև ներկայի 1,4 մլրդ դոլարի»,- ասել է Հնդկաստանի արտահանման կազմակերպությունների ֆեդերացիայի տնօրեն Աջայ Սահայը։

Սահայը նշել է, որ Հնդկաստանում այլ երկրների համեմատ վարկերը թանկ են, քանի որ բանկերի սպրեդը մեծ է։ «Վարկային և ավանդային տոկոսադրույքների միջև հսկայական տարբերություն կա։ Մենք պետք է ունենանք տոկոսադրույքների հավասարեցման սխեմա՝ որոշակի սուբվենցիա տրամադրելու համար։ Մենք ակնկալում ենք, որ կառավարությունը բյուջեում կդիտարկի ընդհանուր պատկերը։ Մեր նպատակն է արտահանումը հասցնել 2 տրլն դոլարի մինչև 2030-ը, և համապատասխանաբար աջակցություն տրամադրել արտահանմանը»։

Տոկոսադրույքների սպրեդի նվազեցումից բացի՝ արտահանողները դիտարկում են բյուջետային աջակցություն՝ լոգիստիկ ծախսերը նվազեցնելու համար։ «Հնդկաստանը պետք է զարգացնի նավագնացության իր սեփական գիծը։ Մենք պետք է զորացնենք Հնդկաստանի նավագնացության կորպորացիան (SCI), եթե մասնավորեցումը օրակարգում չէ։ Եթե Հնդկաստանի ընդհանուր առևտրի 25-30%-ն իրականացվի SCI-ի միջոցով, դա կօգնի նվազեցնել տրանսպորտային հսկայական ծախսերը։ 2022-ին մենք 110 մլրդ դոլար ենք փոխանցել տրանսպորտային բեռնափոխադրումների վճարների գծով, և դրանից 80-90 մլրդ-ը նավագնացության վճարներն են։ Եթե մենք զարգացնենք SCI-ն, դա 30% հավելում կլինի բիզնեսին, և մենք կարող ենք տարեկան խնայել 25-30 մլրդ դոլար»,- ասել է Սահայը։

Արտահանողները կարևորում են նաև հետազոտություն և զարգացում (R&D) ոլորտը խթանելու անհրաժեշտությունը։ «Համաշխարհային մակարդակով R&D-ն մեծապես խթանվում է։ Եթե նայեք ՏՀԶԿ երկրներին, 38 անդամ երկրներից 34-ը կա՛մ հարկային արտոնություններ են տրամադրում, կա՛մ հարկային նվազեցումներ։ Հնդկաստանում R&D-ի համար որևէ խթան չկա։ Կան երկրներ, որոնք տրամադրում են 250-400% հարկային նվազեցում R&D ծախսերի համար։ Եթե բյուջեն կարող է տրամադրել հարկային նվազեցում, դա կխրախուսի ընկերություններին ներդրումներ անելու R&D-ում, ինչը երկարաժամկետ հեռանկարում արտահանումը պահպանելու նախապայման է»,- ասում է Սահայը։

2022-ի սեպտեմբերին մեկնարկած Ազգային լոգիստիկ քաղաքականությունը (NLP) վկայում է ինտեգրված, արդյունավետ և նվազ ծախսատար լոգիստիկ ցանցի ստեղծման միջոցով Հնդկաստանի տնտեսական աճը խթանելու մասին։ Այս քաղաքականությունը նպատակ ունի նվազեցնել լոգիստիկ ծախսերը, բարելավել Հնդկաստանի Լոգիստիկ կատարողականության ինդեքսի (LPI) դիրքը և երկիրը մինչև 2030-ը դնել 25 առաջատար երկրների շարքում։

«Մենք գիտենք՝ մեր արտահանման աճը սահմանափակող հիմնական խնդիրը մրցունակության պակասն է։ Մեզ անհրաժեշտ են կապիտալ ներդրումներ, կապիտալ ծախսեր։ Եվ ոչ միայն ճանապարհների կառուցման համար։ Ճանապարհը գործի հեշտ մասն է։ Գյուղատնտեսությունը հսկայական ներդրումների կարիք ունի»,- ասել է Բիսվաջիթ Դհարը՝ Նոր Դելիի Սոցիալական զարգացման խորհրդի պրոֆեսոր։ Ըստ նրա, Հնդկաստանը ներուժ ունի դառնալու գյուղատնտեսական արտահանման գլոբալ կենտրոն։ «Մենք մեր ընդհանուր ներդրումների 6%-ից պակասն եք ներդնում գյուղատնտեսության մեջ։ Պատկերացրեք, եթե մեր այգեգործական արտադրանքի 50%-ը չվատնվեր, որքան օգուտներ կստանայինք։ Մենք չունենք սառը շղթաներ, պահեստային տարածքներ, լոգիստիկա... մենք համակարգված ձևով չենք առաջ շարժվում»,- ասում է Դհարը։

Հնդկաստանը շատ բան պետք է շտկի, որպեսզի իր արտահանողները համաշխարհային մակարդակով դառնան մրցունակ։  

Երկրի անցյալ տարվա բյուջեն վկայում է էլեկտրոնային առևտրի արտահանման կենտրոններ հիմնելու մասին։ Առաջինը պիլոտային ծրագիր է, որը պատրաստ կլինի 2025-ի փետրվարին։ Կառավարությունը որպես լոգիստիկ ագրեգատոր ընտրել է Shiprocket-ին, իսկ օդային բեռնափոխադրումների ընկերություն՝ Cargo Service Centre-ին։ Սրանք մասնավոր գործընկերներ են Դելիում պիլոտային ծրագրերն իրականացնելու համար։ Փորձարկվում են նաև արագացված մաքսազերծման, անվտանգության և որակի ստուգման ու սերտիֆիկացման, վերաներմուծման քաղաքականության սխեմաները։ Հաջողության դեպքում նման կենտրոններ կստեղծվեն ամբողջ Հնդկաստանում՝ ներքին շրջանների արտահանողներին հնարավորություն տալով աշխարհի բոլոր անկյուններում վաճառել ապրանքների բազմազան զամբյուղ։

Աղբյուրը՝ Fortuneindia.com

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում