Մենք չենք կարող հրաժարվել անկլավի օրակարգից, որովհետև մենք էլ ունենք անկլավ. այսպիսի հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին Երևանում հրավիրված մամուլի ասուլիսին։
Պատասխանելով հարցին, թե արդյոք սահմանազատման գործընթացում Բաքուն բարձրացնում է անկլավների հարցը, Փաշինյանը նշեց, թե անկախ նրանից՝ Ադրբեջանը բարձրացնում է անկլավի թեմա, թե ոչ, հայկական կողմն այդ հարցը բարձրացնում է։
«Այդ թեման անխուսափելիորեն լինելու է մեր քննարկումների տիրույթում։ Եթե ես ասեմ, որ անկլավի օրակարգ չկա, դա ՀՀ-ում քրեական պատասխանատվության հիմք է, որովհետև ՀՀ-ն ունի ինքնիշխան տարածք՝ ի դեմս Արծվաշենի, որից մենք չենք կարող հրաժարվել»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ եթե տեսականորեն մենք ցանկանանք, որ Ադրբեջանը որևէ ձևով չշոշափի անկլավների թեման, դրա գինն այն կլինի, որ այդ հարցը կհանվի օրակարգից։
«Ինչպես կարող է ՀՀ-ն ինքնիշխան տարածքի հարց հանի, որ մենք այդ հարցը չենք հանում, դա ինքնաբերաբար բերում է անկլավների թեման դնում է բանակցային սեղանի շուրջ։ Բանակցային սեղանի շուրջ ոչ մեկ չի կարող ոչ մեկի բերանը փակել, և բանակցությունը նրա համար է, որ խոսեն, փաստարկները դնեն իրար դեմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Խորհրդային Հայաստանը և Խորհրդային Ադրբեջանը միմյանց տարածքներում ունեցել են համապատասխանաբար մեկ և երեք անկալվ։ Հայաստանի անկլավը Արծվաշենն է՝ Գեղարքունիքի մարզից արևելք։ Ադրբեջանի երկու անկլավները Տավուշի մարզում են, մյուսը՝ Արարատի։
Տե՛ս՝ Անկլավները չեն մտնում ՀՀ-ի 29,800 կիլոմետրի մեջ. Նիկոլ Փաշինյան
Տե՛ս նաև ՍիվիլՆեթի ֆիլմը անկլավների մասին։
Civilnet











