Գլխավոր Լրահոս

Կանադան հակադարձ մաքսատուրքեր է սահմանում երկարամյա դաշնակից ԱՄՆ-ի դեմ

Կանադան հակադարձ մաքսատուրքեր է սահմանում երկարամյա դաշնակից ԱՄՆ-ի դեմ

Ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կանադական ապրանքների նկատմամբ սահմանվող 25% մաքսատուրքերի՝ Կանադան նույնքան մաքսատուրքեր է սահմանում ամերիկյան ապրանքների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն՝ ամերիկացիներին զգուշացնելով, որ Թրամփի գործողությունները իրական հետևանքներ կունենան նրանց համար։

Տրյուդոն Օտտավայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ մաքսատուրքեր է սահմանում ամերիկյան ապրանքների վրա (ընդհանուր՝ 155 մլրդ կանադական դոլար կամ 107 մլրդ ԱՄՆ դոլար)։  Մաքսատուրքերը, որ գնահատվում են 30 մլրդ կանադական դոլար, ուժի մեջ կմտնեն երեքշաբթի՝ Թրամփի մաքսատուրքերի հետ նույն օրը, իսկ մնացած 125 մլրդ կանադական դոլարինը՝ 21 օր հետո։

Տրյուդոյի հայտարարությունը հնչում է Թրամփի կողմից կանադական և մեքսիկական ներմուծումների վրա 25% և չինական ապրանքների վրա 10% մաքսատուրքեր սահմանելուց ընդամենը մի քանի ժամ հետո, ինչը առևտրային պատերազմի վտանգ է ստեղծում, որը, ըստ տնտեսագետների, կարող է դանդաղեցնել համաշխարհային աճը և խթանել գնաճ։

Թրամփը հայտարարել է, որ 10% մաքսատուրք կսահմանի Կանադայից բոլոր էներգետիկ ներմուծումների վրա։

Կանադայի առաջնորդը հայտնել է, որ մաքսատուրքերը կներառեն ամերիկյան գարեջուրը, գինին և բուրբոնը, ինչպես նաև մրգերը և մրգահյութերը, այդ թվում՝ նարնջի հյութը Թրամփի հայրենի Ֆլորիդա նահանգից։ Կանադան թիրախավորելու է նաև հագուստը, սպորտային պարագաները և կենցաղային տեխնիկան։

Տրյուդոն ասել է, որ առաջիկա շաբաթները դժվար կլինեն կանադացիների համար, սակայն ամերիկացիները նույնպես կտուժեն Թրամփի գործողություններից։

«Կանադայի դեմ մաքսատուրքերը վտանգի տակ կդնեն ձեր աշխատատեղերը, հնարավոր է՝ նպաստեն ամերիկյան ավտոմեքենաների հավաքման գործարանները և այլ արտադրական ձեռնարկությունների փակմանը», - ասել է Տրյուդոն՝ դիմելով ԱՄՆ քաղաքացիներին։

«Դրանք կբարձրացնեն ձեր ծախսերը, այդ թվում՝ սննդի գները խանութներում և բենզինի գները լցակայաններում»։

ԱՄՆ-Կանադա 9,000 կմ (5,600 մղոն) սահմանով օրական ավելի քան 2,5 մլրդ դոլարի առևտուր է իրականացվում, հատկապես էներգետիկայի և արտադրության ոլորտներում՝ ըստ Կանադայի կառավարության 2023-ի տվյալների, հայտնում է Reuters-ը։

2023-ին Կանադան ԱՄՆ է արտահանել մոտ 550 մլրդ կանադական դոլարի ապրանքներ և ծառայություններ կամ իր ընդհանուր արտահանման ավելի քան երեք քառորդը։ Էներգետիկան կազմել է արտահանման 30%-ը, իսկ արտադրանքը՝ մոտ 15%-ը։

Դեպի ԱՄՆ արտահանումը Կանադայի ՀՆԱ-ի 17.8%-ն է և ապահովում է ավելի քան 2,4 միլիոն աշխատատեղ Կանադայում։

Մաքսատուրքերը հարված են Կանադային մի ժամանակահատվածում, երբ երկիրը քաղաքական ճգնաժամի փուլում է և Տրյուդոյի Լիբերալ կուսակցության ներսում առաջնորդության ընտրություններ են անցկացվում։

Ցածր վարկանիշի պատճառով Տրյուդոն ինը տարվա պաշտոնավարումից հետո հայտարարել է, որ հրաժարական կտա, հենց որ նոր կուսակցական առաջնորդ ընտրվի։ Ըստ վերջին հարցումների՝ ընդդիմադիր Պահպանողականները կարող են ճնշող մեծամասնությամբ հաղթել հաջորդ ընտրություններում։

Արտաքին գործերի և ֆինանսների նախարարների ներկայությամբ ասուլիսին Տրյուդոն հիշեցրել է երկու երկրների երկկողմ հարաբերությունների տարիները։

«Նորմանդիայի ափերից մինչև Կորեական թերակղզու լեռները, Ֆլանդրիայի դաշտերից մինչև Կանդահարի փողոցները, մենք կռվել և մեռել ենք ձեր կողքին ձեր ամենամութ ժամերին»,- ասել է նա։ «Մենք կառուցել ենք աշխարհում երբևէ եղած ամենահաջողված տնտեսական, ռազմական և անվտանգության գործընկերությունը»։

Տրյուդոն կանադացիներին կոչ է արել գնել կանադական արտադրանք և հանգստանալ հայրենիքում՝ ԱՄՆ-ի փոխարեն։

«Մենք չէինք սա խնդրել, բայց չենք նահանջի»,- ասել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում