«Մեծ քսանյակի» (G20) երկրներն աջակցում են Եվրամիության հիմնարար միջոցառումներին, որոնց նպատակը ֆինանսական կայունության ապահովումն է ու բանկային միասնական վերահսկողության մեխանիզմի ստեղծումը։ Անհրաժեշտ է պահպանել նաև կառուցվածքային, հարկային և ֆինանսական բարեփոխումների իրականացման ներկայիս տեմպերը: Այս մասին ասված է G20-ի երկրների ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների՝ նոյեմբերի 4-5-ը Մեխիկոյում տեղի ունեցած հանդիպման համատեղ հայտարարության մեջ:
Հանդիպման մասնակիցները նշել են գլոբալ տնտեսության աճի ոչ բարձր տեմպի, ինչպես նաև ռիսկերի առկայության մասին, ինչպես օրինակ՝ Եվրոպայում հակաճգնաժամային միջոցառումների դանդաղ իրականացումը, ԱՄՆ բյուջետային ծախսերի կրճատումը: Ըստ «Մեծ քսանյակի» գլխավոր ֆինանսիստների՝ այս ընթացքում գլոբալ դիսբալանսների կրճատումը բավարար չի եղել, և մի շարք երկրներում շարունակվում է մասնավոր ոլորտի, ինչպես նաև պետպարտքի կրճատման գործընթացը։ Բավական բարձր մակարդակում է նաև գործազրկությունը:
«Մեծ քսանյակի» ուշադրության կենտրոնում են եղել հատկապես ԱՄՆ հարկաբյուջետային խնդիրները: G20-ը Վաշինգտոնին առաջարկել է խուսափել ծախսերի կտրուկ կրճատումից և հարկերի բարձրացումից, քանի որ դա բացասական ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա: G20-ը լիահույս է, որ ԱՄՆ-ը հարկային ոլորտում բարեփոխումներ ամեն դեպքում կիրականացնի՝ անկախ նրանից, թե ով կհաղթի նախագահական ընտրություններում: Մյուս կողմից՝ դա չպետք է հարվածի տակ դնի գլոբալ տնտեսությունը:
Կարևոր է նաև Ճապոնիայում հարկաբյուջետային կոսնոլիդացիայի առաջընթացը: Զարգացող երկրները նույնպես կարող են դիմել բյուջետային կոնսոլիդացիայի, ինչը կնպաստի գլոբալ տնտեսության աճի ապահովմանը՝ հաշվի առնելով վերջինիս թույլ տեմպերը:
«Մեծ քսանյակը» առաջընթաց է արձանագրել Լոս Քաբոսի գագաթաժողովի շրջանակում ընդունված որոշումների կատարման հարցում: Խոսքը Արժույթի միջազգային հիմնադրամի կապիտալը $461 մլրդ-ով ավելացնելու շուրջ պայմանավորվածության մասին է, որից $286 մլրդ-ի հատկացման մասին երկկողմ համաձայնագրերն արդեն հաստատվել են:
G20-ը մտադիր է առավելագույն ջանքեր գործադրել կայունության պահպանման և գլոբալ տնտեսական աճի ապահովման ուղղությամբ՝ առաջնահերթ համարելով վստահության վերականգնումը, ռիսկերի և միջազգային ֆինանսական շուկաների անկայունության նվազեցումը:
Civilnet











