Գլխավոր Լրահոս

Թալբոթը չի բացառել Ղարաբաղի հարցի լուծումը սահմանների փոփոխությամբ. Փաշինյանը մոլորեցնում է

Թալբոթը չի բացառել Ղարաբաղի հարցի լուծումը սահմանների փոփոխությամբ. Փաշինյանը մոլորեցնում է

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025-ի հունվարի 31-ի մամուլի ասուլիսի ժամանակ պնդել է, որ 1999-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ն սկզբունքորեն դեմ է եղել Ղարաբաղի հարցը սահմանների փոփոխությամբ լուծելուն։

Որպես հիմնավորում՝ վարչապետը հատվածական մեջբերել է Ղարաբաղյան բանակցությունների գաղտնազերծված դիվանագիտական փաստաթղթերի վերաբերյալ «Ազատության» ռադիոկայանի ռեպորտաժից ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթի խոսքերը։

«Աշխարհի տարբեր անկյուններում փորձը ցույց է տալիս, որ սահմանների փոփոխությունը նման է «Պանդորայի արկղ» բացելուն։ Ղարաբաղի դեպքում այն լավագույն դեպքում փակուղի կմտցնի հարցը, վատագույն դեպքում՝ կհանգեցնի բռնությունների,- մեջբերել է Փաշինյանը և նշել ,- էս մեջբերումը նրա մասին է, որ 1999 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողը ասում է, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի առանց սահմանների փոփոխության: Արձանագրո՞ւմ եք՝ էն, ինչի մասին ես ասում էի…»։

Այս կերպ վարչապետը փորձել է հիմնավորել իր նախկին պնդումը, թե 1994-ից հետո բանակցային ողջ գործընթացը միտված է եղել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելուն։

Ի՞նչ է իրականում ասված գաղտնազերծված փաստաթղթերում

Տարածքների փոխանակման գաղափարը դիվանագիտական շրջանակներ է մտել 1992-ին՝ ԱՄՆ պետքարտուղարության նախկին աշխատակից Փոլ Գոբլի առաջարկով։ «Ազատության» ռեպորտաժում նշվում է, որ հետագայում Թուրքիան այս տարբերակը ներկայացրել է ԱՄՆ տարբեր վարչակազմերի։

Այսպես, Թուրքիայի փոխարտգործնախարար Օնուր Օյմենը 1997-ի հուլիսի 3-ին դիմել է ԱՄՆ փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթին՝ պարզելու տարածքների փոխանակման վերաբերյալ ամերիկյան դիրքորոշումը։

2019-ի հոկտեմբերին գաղտնազերծված փաստաթղթի համաձայն՝ Թալբոթը զգուշավոր մոտեցում է ցուցաբերել այս առաջարկին՝ ընդգծելով, որ սահմանային հարցերը հաճախ վերածվում են «Պանդորայի արկղի», և դժվար է հասնել երկուստեք ընդունելի լուծման։

«Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում և գաղտնազերծված փաստաթղթում Թալբոթի խոսքերը ներկայացված են ամբողջական համատեքստում։

«Երբ Աֆրիկայի երկրները ապագաղութացվեցին, շատերը գիտակցեցին, որ միջպետական սահմանները էթնոգրաֆիական տեսանկյունից իմաստ չունեին։ Բայց երբ կողմերը դիտարկում էին այլընտրանքները, դա վերածվում էր անլուծելի խառնաշփոթի և հանգեցնում էր բռնության ու անկարգությունների։ Լեռնային Ղարաբաղի դեպքում լավագույն արդյունքը կարող է լինել փակուղին, իսկ վատթարագույնը՝ բռնությունը»։

Էկրանապատկերը՝ ԱՄՆ պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթից

Հենց այս հատվածն է թերի մեջբերել Փաշինյանը՝ պնդելով, թե դա ապացուցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի բացասական դիրքորոշումը սահմանների փոփոխության հարցում։

Մինչդեռ, թե՛ տեսանյութում, թե՛ բնօրինակ փաստաթղթում հաջորդիվ նշված է, որ Թալբոթը չի բացառել սահմանների փոփոխության հնարավորությունը։ Նա հիշատակել է ԵԱՀԿ սկզբունքը, համաձայն որի՝ սահմանների փոփոխությունը պետք է իրականացվի ոչ թե ուժի կիրառմամբ, այլ բանակցությունների միջոցով։

Փաստաթղթում նշված է.«փոխպետքարտուղարը  նշել է. Եթե ադրբեջանցիներն ու հայերը պատրաստ լինեն քննարկել տարածքների փոխանակման հարցը, ապա ԱՄՆ-ն, Թուրքիան և ԵԱՀԿ/Մինսկի խումբը կաջակցեն այդ գործընթացին՝ պայմանով, որ այն լինի փոխադարձ համաձայնությամբ»։ Միևնույն ժամանակ, հիմնվելով իր փորձի վրա՝ Թալբոթը հայտնել է «հոռետեսական դիրքորոշում» առաջարկի նկատմամբ։

Էկրանապատկերը՝ ԱՄՆ պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթից

Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթի համաձայն՝ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ն դեմ է եղել սահմանների փոփոխությամբ Ղարաբաղի հարցը լուծելուն, չի համապատասխանում իրականությանը։

Թալբոթը հստակ նշել է, որ հայ-ադրբեջանական փոխադարձ համաձայնության դեպքում ԱՄՆ-ն, Թուրքիան և ԵԱՀԿ Մինսկի խումբը կաջակցեն տարածքների փոխանակման գործընթացին։ Փոխպետքարտուղարն արտահայտել է միայն անձնական հոռետեսությունը՝ խոստանալով հարցը քննարկել գործընկերների հետ։

Տեղադրություն

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում