Մենք ողջունում ենք այն առաջընթացը, որին հասել են Ադրբեջանը և Հայաստանը խաղաղության պայմանագրի կնքման և երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Հայաստանն ու Ադրբեջանն անվանելով Ռուսաստանի դաշնակից երկրներ՝ Գալուզինը նշել է, որ ՌԴ-ն կողմնակից է, որ հայկական և ադրբեջանական կողմերը մշակեն խաղաղության պայմանագիր, որը ճանապարհ կհարթի հարաբերությունների կայուն երկարաժամկետ կարգավորման համար և «ական» չի դնի ապագա սերունդների համար։
ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ իրենք միշտ պատրաստ են առաջ շարժվել և դեմ են ցանկացած հապճեպ փաստաթղթերի կնքմանը, ինչպես պնդում է Արևմուտքը, որն, ըստ Գալուզինի, իսկապես ցանկանում է Հայաստանին և Ադրբեջանին մղել հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքել արևմտյան ցանկացած հարթակում։
«Նման հապճեպ, չմտածված և ամբողջությամբ չստուգված որոշումները կարող են հանգեցնել ոչ թե երկարաժամկետ կայուն խաղաղության, այլ, ընդհակառակը, ապագայի համար առճակատման որոշակի սերմեր դնել, ինչը, իհարկե, ծայրահեղ անցանկալի ենք համարում թե՛ Հայաստանի ու Ադրբեջանի, թե՛ Հարավային Կովկասի, թե՛ Ռուսաստանի համար»,-ասել է Գալուզինը։
Ռուսաստանի փոխարտգործնախարարը արձանագրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի աշխատանքը՝ ուղղված տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը և տնտեսական կապերի վերականգնմանը, այժմ, այսպես ասած, ընդհատվել և սառեցվել է։
«Անշուշտ, մենք կոչ ենք անում կողմերին և, առաջին հերթին, մեր հայ ընկերներին վերադառնալ աշխատանքի այս խմբի շրջանակներում։ Ռուսական կողմը միշտ պատրաստ է ցանկացած հնարավոր օգնություն ցուցաբերել կողմերին, եթե նրանք դա ցանկանան»,-եզրափակել է Գալուզինը։
Civilnet











