Գլխավոր Լրահոս

Պայքար երեք երեխաների համար ու կյանքը վերակառուցելու փորձեր. Վարսենիկ Սեդրակյանի պատմությունը

Պայքար երեք երեխաների համար ու կյանքը վերակառուցելու փորձեր. Վարսենիկ Սեդրակյանի պատմությունը

2023-ին հունիսի 8-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լեռնակերտ գյուղում հարբած ու ծեծի ենթարկված տղամարդը նռնակներով մոտենում է ծնողների ու եղբոր տանը։ Նա սպառնում է պայթեցնել տունը։ Հետո իմանում է, որ եղբոր կինը՝ Վարսենիկը, ու նրանց երեք անչափահաս երեխաները տանն են ու մտափոխվում։ Այդ օրը երեք փոքր երեխաների մայրը՝ Վարսենիկ Սեդրակյանը, փորձում էր հանգստացնել արթնացած երեխաներին։ «Մամա, այս ի՞նչ լույս է, ի՞նչ ձայն է», հարցնում էին երեխաները, պատասխանում էր, թե կայծակն է։ Սա ընդամենը մեկ դրվագ էր այն բռնի միջավայրից, որտեղ Վարսենիկը ապրել է երեք տարի՝ ինքն էլ պարբերաբար ենթարկվելով ծեծի ամուսնու կողմից: Այսօր Կոտայքի մարզում ծնողների հետ է բնակվում Վարսենիկը՝ առանց երեխաների, քանի որ դատարանը նրանց խնամքը հանձնել է ամուսնուն։ Վարսենիկը պայքարում է երեխաների վերադարձի համար։

«Փոքր երեխաս գրկիս էր՝ մեկ տարեկան չկար: Գնում-գալիս՝ բռունցքով խփում էր գլխիս»

35-ամյա կինը ամուսնացել է 2018-ին, ունեցել են կենցաղային տարաբնույթ վեճեր, սակայն դրանք միշտ հարթվել են։ Ամուսինը պարբերաբար գնում էր Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի։ Վարսենիկը սկսել է բռնության ենթարկվել 2020-ի աշնանից մինչև 2023-ի մարտը։ Նա բնակվում էր ամուսնու՝ Աբրահամ Մարգարյանի տանը՝ Լեռնակերտում, վերջինիս ծնողների ու տեգրոջ հետ։

«Երբ վերջին անգամ ամուսինս խփեց, մազերիցս բռնեց ու հարվածեց գլխիս: Հաջորդ պահին արդեն գետնին էի: Հետո սկսվեցին ուժեղ գլխապտույտները», - պատմում է Վարսենիկը:

Նրա խոսքով՝ պարբերաբար ծեծի է ենթարկվել, որի հետևանքով ուղեղի ցնցում է ստացել։ Ծեծվել է նաև երեխաների ներկայությամբ։

«Փոքր երեխաս գրկիս էր՝ մեկ տարեկան չկար: Գնում-գալիս՝ խփում էր գլխիս բռունցքով, ոտքով, հեռախոսով: Երեխաս վախենում էր, երբ նա մոտենում էր: Սկեսուրս երեխային գրկիցս վերցրեց, որ ավելի ազատ ծեծի, երեխային չվնասի», - պատմում է Վարսենիկը։

Ծեծի ժամանակ ամուսինը հեռախոսը վերցնում էր Վարսենիկի ձեռքից, որ չզանգի ոստիկանություն, հետո հաշտվում էին ու վերադարձնում։ Ծեծի հետևանքով նա նաև ծնոտի կոտրվածք է ստացել։ 

Հանգիստ շունչ քաշելու ամիսներ էլ էին լինում, երբ Աբրահամը մեկնում էր Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի։ Բայց վերադառնալուն պես ամեն ինչ վերսկսվում էր։

Հայաստանի վիճակագրական կոմիտեի՝ Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության հետազոտության (2021) համաձայն՝ համեմատաբար ավելի խոցելի են գյուղաբնակ կանայք։ Արձանագրվում է, որ գյուղաբնակ կանայք ավելի շատ են ենթարկվում չափավոր և դաժան ֆիզիկական բռնության, քան՝ քաղաքաբնակները։ Այստեղ ծեծը հաճախ է լինում։

Ըստ զեկույցի՝ կնոջը «դաստիարակելը» կամ նրան ցույց տալը, որ տան գլխավորը տղամարդն է, հիմնականում տարածված է գյուղաբնակ տղամարդկանց շրջանում։ 

«Դրա պատճառն ընտանիքի հիերարխիկ կառուցվածքն է, որն առավել ամուր հիմքերի վրա է գյուղական բնակավայրերում։ Ընտանիքի նման մոդելում բոլորն ունեն իրենց հստակ տեղը, և բուրգի վերևում տղամարդն է։ Իսկ եթե կինն այդ տեղը չի ընդունում ինքնակամ, ապա նրան պետք է դա բացատրել բռնության միջոցով»,- նշված է զեկույցում։ Մյուս կողմից էլ արձանագրվում է, որ «գյուղաբնակ կանայք տղամարդու նման վարքն ավելի քիչ են ընկալում որպես բռնություն, կամ առավել կաշկանդված են՝ բռնության մասին բարձրաձայնելու հարցերում»։

Ավելի քան մեկուկես տարի է՝ Վարսենիկը լքել է ամուսնու տունը։ Նա ներկայում պայքարում է երեք երեխաների վերադարձի համար։ Առաջին ատյանում նա մի շարք սխալներ է թույլ տվել, եղել է անուշադիր հայցի նկատմամբ, արդյունքում դատարանը որոշում է կայացրել հօգուտ ամուսնու՝ երեխաների խնամքը փոխանցելով վերջինիս։ Կինը երեխաներին տեսակցելու համար ունի շաբաթական մի քանի ժամ, և այդ ժամանակի մեծ մասն անցկացնում է Կոտայք-Գեղարքունիք ճանապարհին։ Ներկայում Վարսենիկը պայքարում է իր իրավունքների վերականգման համար վերաքննիչ ատյանում։

Վարսենիկը նաև ոստիկանություն է դիմել, որպեսզի ամուսինը պատասխանատվություն կրի իրեն ծեծելու համար, սակայն ապարդյուն՝ քրեական գործ չի հարուցվել։

Գենդերային ապատեղեկատվություն

Վարսենիկի վրա ոչ միայն ծեծն է հոգեբանական խորը հետք թողել, այլ վարկաբեկելու փորձերը։ Նրա խոսքով՝ ամուսինը կոտրել է Ֆեյսբուքի իր հաշիվը, մուտք գործել ու փորձել ազդեցություն գործել հարազատների և ֆեյսբուքյան ընկերների վրա։

«Նա մտել է, իմ ընկերուհիներին, բարեկամներին, բոլորին փորձել է գրել. ով պատասխանել է, պատասխանել է։ Գրել է, որ համոզեն ինձ, այնուհետև իմ մասին վատ բաներ է խոսել տարբեր մարդկանց մոտ՝ ինձ փորձել է վարկաբեկել, որ ինձ մայրական իրավունքներից զրկի, ինձ սարքեն եսիմ ինչ։ Այսինքն, եթե ես իր հետ չեմ ապրում, ուրեմն ինքը ինձ այսպես մրոտի, ցեխոտի ամեն ձև, որ ոչ ոք իմ կողքը չլինի»,- ասում է Վարսենիկը՝ հավելով, որ ներկայում ամուսինը փոխել է Ֆեյսբուքի հաշվի գաղտնաբառը ու չի վերադարձնում այն։ 

Հասմիկ Փախանյան

Փաստաբան Հասմիկ Փախանյանը ընտանեկան բռնության տասնյակ գործերում է ներգրավված։ Նրա կարծիքով՝ նման դեպքերում չափազանց կարևոր է, որ կինը կրկնակի զոհականացման չենթարկվի։

«Հաճախ կինը երկար ժամանակ լռում է՝ վախենալով արտաքին ազդեցություններից: Սակայն երբ վերջապես դիմում է օգնության, նա կարող է շարունակել ենթարկվել ճնշումների հարազատների, հարևանների, նույնիսկ երեխաների կողմից»,- ասում է Փախանյանը։ 

Վարսենիկի նկատմամբ սոցիալական ցանցերում արատավորման երևույթը գենդերային ապատեղեկատվության օրինակներից է։ 

Գենդերի և ինքնության վերաբերյալ ապատեղեկատվությունը (GID) դիտավորյալ տարածվող կեղծ տեղեկատվություն է, որը նպատակ ունի թիրախավորելու անհատներին՝ հիմնվելով նրանց սեռի, գենդերային ինքնության կամ սեռական կողմնորոշման վրա՝ հիմքում ունենալով քաղաքական, մշակութային կամ գաղափարական նպատակներ։ Գենդերային ապատեղեկատվությունը, թիրախավորելով կանանց, ԼԳԲՏՔ+ անձանց և ակտիվիստներին, ճնշում է նրանց քաղաքացիական մասնակցությունը և լռեցնում քննադատական ձայները։ Այն շահարկում է հասարակությունում առանց այն էլ առկա բաժանարար գծերը, վնասում բռնության ու խտրականության հանդեպ խոցելի անձանց:

Հայաստանում գենդերային ապատեղեկատվության զոհերի «առաջնագծում» կանայք են, ինչպես նաև ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, հաջորդիվ թիրախում կին հասարակական ու քաղաքական գործիչներն են։

«Գենդերային ապատեղեկատվությունը հայաստանյան լրատվամիջոցներում» հետազոտության (ՕքսԵՋեն, 2024) արդյունքներով Հայաստանում գենդերային ապատեղեկատվությունը կենտրոնացած է հիմնականում առցանց հարթակներում։ Առաջնային տարածողները լրագրողներն են, նրանց հետևում են քաղաքական գործիչները։ 

«Ապատեղեկատվությունը Հայաստանում․ հանրային ընկալումներ» ուսումնասիրությունում (Սոցիոսկոպ, 2025) էլ մտահոգիչ է համարվում ապատեղեկատվության դեմ պայքարում իշխանության վարքագիծը։

«Փորձագետները նաև հաստատում են, որ ինչպես մարդու իրավունքների օրակարգն է առհասարակ դուրս մնացել կառավարող ուժի քննարկման ու գործառնման տիրույթից, այնպես էլ հակագենդերային խմբավորումներն են քաղաքական նպատակահարմարության այլ թեմաներ գտել»,- ամրագրվում է զեկույցում:

Ոլորտի մասնագետները առաջարկում են խնդրի լուծումները սկսել օրենսդրական փոփոխություններից։ Մասնավորապես, ՕքսԵՋենի հետազոտողները առաջարկում են գենդերային ապատեղեկատվության մասին դրույթներ ամրագրել օրենքում, ինչպես նաև հաստատել հակախտրականության օրինագիծը, որը կսահմանի ատելության խոսքի և գենդերային խտրականության դեմ պայքարի գործիքներ: 

Երրորդ՝ առաջարկվում է սկսել իրազեկման արշավներ և կրթական ծրագրեր: Կարևորվում է նաև պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների սերտ համագործակցությունը: 

Տարբեր երկրներում, օրինակ, Ֆինլանդիայում, Շվեդիայում և Նորվեգիայում մեծ ուշադրություն են դարձնում մեդիագրագիտության և փաստերի ստուգման պլատֆորմների զարգացմանը, ինչպես նաև ներդրել են սոցիալական ցանցերի մշտադիտարկման պարտադիր համակարգեր։ 

Էստոնիան առաջատար է կիբերտարածքում գենդերային թիրախավորման դեմ պայքարում։ Երկիրը նաև ունի ազդեցության գնահատման պարտադիր մեթոդաբանություն (IAM), որը պահանջում է գենդերային վերլուծություն բոլոր օրենսդրական նախագծերի, ռազմավարական զարգացման պլանների և ԵՄ նախաձեռնությունների համար։ Ֆրանսիան, օրինակ, կենտրոնանում է հարթակների պատասխանատվության և պարտադիր հաշվետվողականության վրա՝ պահանջելով հեռացնել ապատեղեկատվությունը 24 ժամվա ընթացքում և վարել թափանցիկ վիճակագրություն։ Այս ամենը կիրառվում է ընդհանուր ապատեղեկատվության նկատմամբ։

Հակառակ կողմի դիրքորոշումը

Վարսենիկի ամուսնու՝ Աբրահամի ներկայացուցիչ, փաստաբան Թամարա Գրիգորյանը հերքեց կնոջ նկատմամբ ծեծի մասին պնդումները։

Թամարա Գրիգորյան

«Իմ վստահորդը նշում է, որ նման դեպք չի եղել, երեխաներն իր մոտ են, ինքն է պահում նրանց, իսկ ծեծի մասով որևէ տեղեկություն չունեմ»,- շեշտեց Գրիգորյանը։

Նա հերքեց նաև Վարսենիկի պնդումները, թե ծեծից հետո գնացել են հիվանդանոց ու փորձաքննությամբ հիմնավորվել է, որ ծնոտը թեքվել է։ Հետաքրքրվեցինք նաև ընտանիքում առկա մթնոլորտի մասին, մասնավորապես, հիշեցնելով Աբրահամի եղբոր հետ կատարվածը։ Տվյալ դեպքում դատական ակտում կա արձանագրում, որ Աբրահամը ծեծի է ենթարկել եղբորը՝ նռնակով հարձակվելու դեպքից առաջ։

Փաստաբանը նշեց, որ ընտանիքի գործերի մասով որևէ տեղեկություն չունի․ «Ընտանիքում մթնոլորտի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չունեմ։ Ես աշխատել եմ միայն երեխաների խնամքի ուղղությամբ։ Գրեթե մեկ տարի երեխաները գտնվում են իմ վստահորդի խնամքի տակ։ Կա համապատասխան եզրակացություն ու ապացույցներ, որ վերջինս իր ծնողական պարտականությունները պատշաճ իրականացրել է»։

Պոռնոշանտաժ

Արթուր Պապյան

Գոյություն ունի նաև պոռնոշանտաժ (revenge porn) հասկացությունը, որը նախկին զուգընկերոջ կամ անծանոթ անձի կողմից ինտիմ նկարների, ինչպես նաև տեսանյութերի հրապարակումն է առանց համաձայնության՝ հաճախ վրեժխնդրության նպատակով։ Այն կարող է ուղեկցվել շանտաժով, սպառնալիքներով կամ գումարի շորթման փորձերով։ Մեդիափորձագետ Արթուր Պապյանի խոսքով՝ հայաստանյան համատեքստում այս երևույթն ունի նաև լրացուցիչ ազդեցություն՝ կապված հասարակական կարծրատիպերի և պատվի ընկալումների հետ, ինչը զոհերին դնում է կրկնակի խոցելի վիճակում:

«Հայաստանում այն ստացել է յուրահատուկ դրսևորումներ՝ հաճախ թիրախավորելով երիտասարդ աղջիկների և շահարկելով ավանդական արժեքները»,- ասում է Պապյանը։ 

Չնայած ՀՀ քրեական օրենսգիրքը համապատասխան պատժամիջոցներ է նախատեսում նման գործողությունների համար՝ իրավապահ մարմինների արձագանքը հաճախ անարդյունավետ է: Արթուր Պապյանի խոսքով՝ սոցիալական հարթակներից Ֆեյսբուքը և Ինստագրամը համեմատաբար արագ են արձագանքում բողոքներին, մինչդեռ Թելեգրամը դեռևս մնում է անվերահսկելի, իսկ Տիկտոկը ցուցաբերում է ցածր արդյունավետություն շանտաժի դեպքերի կանխարգելման հարցում:

Խնդրի ինչ լուծումներ է առաջարկում կառավարությունը

Վերադառնալով ընտանեկան բռնությանը՝ 2017-ին ընդունված Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը նոր լիազորություններ վերապահեց ոստիկանությանը։ Իրավապաշտպանները, սակայն, պարբերաբար հայտարարում են, որ ոստիկաններն արդյունավետ չեն արձագանքում ընտանեկան բռնության դեպքերին. այս խնդիրը հատկապես սուր է գյուղական համայնքներում, երբ «բոլորը բոլորին ճանաչում են»։

Ըստ Ներքին գործերի նախարարության ոստիկանության տվյալների՝ 2023-ին տրվել է 424 նախազգուշացում, իսկ 2024-ին՝ 574 նախազգուշացում: Ըստ դատական դեպարտամենտի տվյալների՝ 2023-ին կայացվել է 14 պաշտպանական որոշում, իսկ 2024-ի 6 ամիսներին՝ 13 պաշտպանական որոշում:

Դատական ակտերի վերլուծությունը նաև ցույց է տալիս, որ Հայաստանում նախաքննության և դատաքննության ընթացքում քննիչներն ու դատավորներն ակտիվորեն փորձում են հաշտեցնել տուժողին հանցանքը կատարած անձի հետ: Այսկերպ, սակայն, անպատիժ են մնում բռնարարները։ ­Եվրոպայի խորհրդի 2022-ի՝ Հա­յաս­տա­նում ըն­տա­նե­կան բռ­նու­թյան վե­րա­բե­րյալ ե­լա­կե­տային ու­սումա­սի­րու­թյան շրջանակում վեր­լուծ­վել է 64 քրե­ա­կան գործ, որոնք վերաբերում են ընտանեկան բռնությանը՝ հիմնականում ամուսնու, իսկ երկու դեպքում՝ որդու կողմից: ­Ըստ ուսումնասիրության՝ վեր­լուծ­ված քրե­ա­կան գոր­ծե­րից շա­տե­րը կարճ­վել են ո­տնձ­գու­թյան են­թարկ­ված ան­ձի կող­մից բո­ղո­քը հետ վերց­նե­լու կա­պակ­ցու­թյամբ։

Հայաստանի կառավարությունը պնդում է, որ փոխել է մոտեցումը ընտանեկան բռնության հակազդման նկատմամբ․ աշխատում է ինչպես զոհի, այնպես էլ բռնարարի հետ։ Ավելին, ներկայում քննարկում են բռնարարի վերասոցիալականացման հարցը։ Այդ նպատակով էլ հունվարի 16-ին կառավարությունը հաստատեց ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը։

Արփինե Սարգսյան

«Եթե նախկինում բռնարարի հետ աշխատանքը համարվում էր անիրատեսական, ապա այսօր պետությունը թիրախավորում է և՛ զոհին, և՛ բռնարարին՝ որպես խնդրի ինստիտուցիոնալ լուծման միակ ճանապարհ»,- նույն նիստին հայտնեց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Նրա խոսքով՝ Քրեական դատավարության օրենսգրքի վերջին փոփոխություններով ընտանեկան բռնության դեպքերն այլևս կախված չեն տուժողի բողոքից: Պետությունը դիտարկում է այն որպես հանրային մեղադրանքի առարկա. անկախ տուժողի դիրքորոշումից, եթե փաստը հայտնի է դառնում, իրականացվում է քննություն: 

Ինչ վերաբերում է մարզերում առկա խնդրին, ապա, ըստ նախարարի, ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելման համակարգը զգալիորեն փոխվել է:

«Եթե նախկինում գործում էր միայն մեկ մասնագիտացված ստորաբաժանում Երևանում, ապա այժմ ներդրվել է համայնքային ոստիկանության նոր՝ բազմաֆունկցիոնալ մոդելը, որն ապահովում է ավելի լայն ներգրավվածություն համայնքներում»,- շեշտեց նախարարը։

Այդուհանդերձ, դեռևս պետք է բեռնաթափել համայնքային ոստիկանների գործառույթները, ինչպես նաև գտնել գործնական լուծումներ՝ ապահովելով պետական մարմինների և հանրության համակարգված արձագանքը:

Մինչ օրենսդրական և կառուցվածքային փոփոխությունները շարունակվում են ու կհասնեն բռնարարին, Կոտայքի մարզի գյուղերից մեկում 35-ամյա Վարսենիկ Սեդրակյանը փորձում է վերակառուցել իր կյանքը: Կինը ներկայում պայքարում է իր երեք երեխաների խնամակալության իրավունքի համար: Չնայած առաջին ատյանի դատարանը երեխաների խնամակալությունը հանձնել է ամուսնուն՝ Վարսենիկը չի հանձնվում. փորձում է աշխատանք գտնել և նոր կյանք սկսել՝ հույս ունենալով վերամիավորվել իր երեխաների հետ:

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում